ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Հայերը կարող են քեզ ստիպել՝ ինքդ քեզ հայ զգալ»․ ինչպե՞ս է աշխարհը տեսնում Հայաստանը

Ամերիկյան, բրիտանական և կանադական մի շարք պարբերականներ անդրադարձել են Հայաստանին՝ որպես տուրիստական ուղղության։ «Ռադիոլուրը» ծանոթացել է Զբոսաշրջության կոմիտեի էջում վերջերս հրապարակված հոդվածներին և փորձել է պարզել՝ ինչպիսին են տեսնում Հայաստանը արտեկրում, և ինչպես ենք մենք մեզ դիրքավորում իբրև զբոսաշրջային ուղղություն։

Պատմությամբ և մշակույթով հարուստ կովկասյան երկիր՝ աճող մայրաքաղաքով, կախարդական քարե վանքերով ու արշավային լայն հնարավորություններով։ Այս նախաբանից հետո «Lonely Planet» կանադական հեղինակավոր զբոսաշրջային պարբերականում հոդվածագիր Ջոել Բալսամը ավելացնում է․ 

«Հայաստան ճանապարհորդելու լավագույն մասը տեղացիների հետ զրուցելու հնարավորությունն է: Նրանք կարող են քեզ ստիպել՝ ինքդ քեզ հայ զգալ»:

© Jean-Philippe Tournut / Getty Images

Հոդվածում հեղինակն առաջարկում է այցելել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառված Սանահին և Հաղպատ, ապա Նորավանք և Խոր Վիրապ։ Քաղաքներից հիշատակում է Երևանը, Գյումրին և Դիլիջանը։ Երևանում առաջարկում է այցելել Փարաջանովի թանգարան, իսկ Գյումրիում Ասլամազյան քույերի թանգարանը, որոնցից մեկին հայկական Ֆրիդա Կալո է համարում։ Լեռնային տուրիզմի սիրահարներին առաջարկում է Արագած բարձրանալ, նաև չմոռանալ Տրանսկովկասյան արահետի հայկական հատվածի մասին։ Տեսարժան վայրերի ցանկից դուրս չեն մնում Սևանը, աշխարհի ամենահին գինեգործարանը՝ Արենի-1 քարանձավում, Օպերայի և բալետի թատրոնը, մանկական երկաթուղին, Գաֆեսճյան արվեստի կենտրոնը, Բյուրականի և Ռադիոօպտիկական աստղադիտարանները։ Կանադացի հոդվածագիրը չի մոռանում նաև սովետական «մարշուտկաների» մասին և գրում է․

«Լքված սովետական ​​կառույցների ուսումնասիրությունն իմ սիրելի գործն է Հայաստանում»։ 

Թեև եվրոպական ստանդարտներով Հայաստանը կարող է էժան լինել, գները Կենտրոնական Ասիայի շատ երկրներից դեռ ավելի բարձր են՝ գրում է Ջոել Բալսամը։ Հեղինակը չի մոռանում նաև Արցախի հետ կապված վերջին իրադարձությունները, հիշեցնում խաղաղության պայմանգրի մասին և ավելացնում․

© Justin Foulkes / Lonely Planet

«Հայաստանն ընդհանուր առմամբ անվտանգ է այցելելու համար, թեև Ադրբեջանի հետ սահմանային տարածքներից խուսափելը լավ գաղափար է»: 

Հոդվածագիրը նաև վրիպակ է թույլ տալիս, Հայաստանը ներկայացնելով ուղղափառ եկեղեցու հետևորդ։ 

Financial Times-ի հոդվածագիր Քերոլայն Էդեն Հայաստանի մասին իր պատմությունը սկսում է Երևանի սրճարաններից մեկից, որտեղից տեսանելի է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Այս հանգամանքը հեղինակին առիթ է տալիս խոսելու Քրիստոնեության ընդունման 1700 և Երևանի հիմնադրման 2800 ամյակի ու Հռոմի չափ հին լինելու նարատիվի մասին։ Հեղինակի հաջորդ կանգառը Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տունն է։ Քերոլայն Էդեն․

«Հայաստանը շախմատի երկիր է, որն իր փոքր չափերի համար տալիս է անհամաչափ թվով գրոսմայստերներ»։

© Stefan Cristian Cioata / Getty Images

Երևանյան տապից հեղինակին փրկում է պուլպուլակը։ Հեղինակը նկատում է՝ անվճար, օգտակար և բոլորին հասանելի սառը ջուրը երկու տեսակով է հանդիպում․ գեղարվեստականորեն քանդակված քարից և ննջեցյալների հիշատակը հավերժացնող։ Հաջորդ կանգառը Մատենադարանն է՝ ձեռագրերի փրկության պատմություններով։ Հեղինակը հիշեցնում է 1991-ի հետխորհրդային անկախության դժվարությունները, երբ դաշնամուրներն այրեցին որպես վառելափայտ՝ տները տաքացնելու համար, նաև, «մեծամասնությամբ էթնիկ հայկական անկլավ» Լեռնային Ղարաբաղի կորուստը։ Այդուհանդերձ, Երևանը հեղինակն այսպես է նկարագրում․

«Մայթին սրճարանների շաղակրատանքն է, բարձրախոսներից Շառլ Անձնավուրի ձայնն է հոսում, խորոված մսի հոտը, շատրվանները և մրգերը հասունանում են փողոցների անկյունների կրպակներում»։

Այնուհետև, հեղինակը, Կասկադին հասնելով, պատմում է Ալեքսանդր Թամանյանի և Արարատ լեռան ազգային սիմվոլ լինելու մասին։ Շենքերը պետք է նայեին Արարատին, որը քաղաքի կենտրոնից 35 մղոն հեռավորության վրա է և գտնվում է սահմանից այն կողմ․

«Այնուամենայնիվ, այն շարունակում է մնալ հզոր ազգային խորհրդանիշ. Արարատի անունով են կոչվում տղա երեխաներ, գյուղեր, գետեր, ճանապարհներ, ծխախոտ և կոնյակ»։ 

Սարյան փողոցում գինի համտեսելուց հետո հոդվածագիրը այցելում է Մարիտիրոս Սարյանի տուն թանգարան։ Նշում է, որ Սարյանն իր տանն էր ընդունում Փարաջանովին, Արամ Խաչատրյանին, Ջոն Ափդայկին, Բենջամին Բրիթենին։ Հեղինակին տպավորում է հատկապես Սարյանի «Եգիպտական ​​դիմակները»՝ նկարված 1915 թվականին։

«Մի դիմակի աչքերում սարսափ է հայտնվում, մյուսի մեջ՝ տարակուսանք, բայց ոսկե դիմակի դեմքին ստոիցիզմ և հավասարակշռություն կա։ Կտավին ցրված պտուղներ են, որոնք թերևս ներկայացնում են հայկական սփյուռքը»:

National Geographic-ի հոդվածագիր Էմիլի Լաշը սկսում է աշխարհագրական նկարագրից։ Կովկասի սրտում գտնվող Հայաստանը, — գրում է նա, ծովի մակարդակից 3000-6500 մետր բարձրության վրա է։ Հանգած հաբուխներից, բերրի հարթավայրերից մինչև ալպյան քաղցրահամ ջրեր՝ Սևանը, Վարդագույն Երևանը, ածխագույն Գյումրին և զմրուխտյա Դեբետի կիրճը հեղինակի աչքերում հայերիս դարձնում են «գույնզգույն» ազգ։ Հայաստանը հայտնի է որպես քրիստոնեությունն առաջինը պետական կրոն ընդունած երկիր, լեռնային լանդշավտով, մասնավորապես, Տրանսկովկասյան արահետով, որը 497 մղոն երկարություն ունի։ Էմիլի Լաշ․

«Հայաստանն ունի նաև խաղողագործության ավանդույթներ, որոնք ավելի քան 6100 տարվա վաղեմություն ունեն և 400-ից ավելի տեղական խաղողի տեսակներ»։

Photograph by Tourism Committee of Armenia

Նորավանքի կիրճը՝ ժայռամագլցման սիրահարների համար, Ազատի ջրամբարը՝ բայկա վարելու, Գյումրին՝ արվեստով և արհեստով հետաքրքրվողների համար է՝ գրում է Լաշը։ Իսկ ընդհանուր Հայաստանը կատարյալ վայր է անցյալի գլուխները բացահայտելու, համաշխարհային պատմությունն ուսումնասիրելու համար։ Հեղինակը հիշեցնում է, որ Երևանն ավելի հին է, քան Հռոմը, մատնանշում է Մատենադարանը, Հայաստանի պատմության թանգարանը, Կասկադում գտնվող Գաֆեսճյան արվեստի կենտրոնը։ «Վարդագույն քաղաք» մականունով Երևանում հեղինակն այնպես է գովերգում Վերնիսաժը, ինչպես, թերևս դեռ ոչ ոք չի արել․

«Երևանի Վերնիսաժը տեղացիների և այցելուների շրջանում առանձնահատուկ սիրված է՝ հայկական ձեռագործ գլուխգործոցներով, հուշանվերներով և արվեստի գործերով»։

Հեղինակը խորհուրդ է տալիս այցելել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում տեղ գտած Գեղարդ, այնուհետև Խոր Վիրապ և միջնադարյան ճարտարապետության օրինակ Զվարթնոց, քանի որ դրանք մայրաքաղաքից շատ հեռու չեն։ 

«Բայց իններորդ դարի Տաթևն է, թերևս, ամենադիտարժանը: Հպարտորեն նստած Սյունիքի մարզում՝ Երևանից հինգ ժամ հարավ-արևելք, այս վանական համալիրը տպավորում է, երբ այցելուները ճոպանուղով մոտենում են»։

Photograph by the Tourism Committee of Armenia

Եթե արդեն իսկ հարավում եք, ըստ հեղինակի, արժե այցելել Խնձորեսկ՝ քարանձավային քաղաք, որը բնակեցված էր մինչև 1950-ական թթ, և Զորաց քարեր՝ նախապատմական վայր, որը կազմված է ավելի քան 200 փորագրված մոնոլիտներից: Արշավասերներին Լաշը խորհուրդ է տալիս հյուսիսը, մասնավորապես Դիլիջան քաղաքը և միանշանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակներում ընդգրկված Սանահին և Հաղպատ վանական համալիրները։ Ձմռանը այցելուները կարող են հանգստանալ Ջերմուկում, Ծաղկաձորում և Եղիպատրուշում, ամռանը Սևանա լճում և Դեբետի կիրճում։ 

Այսպիսով, ընդհանրացնելով հոդվածների բովանդակությունը, նկատելի է, որ տարբեր երկրների հեղինակները ընդգծում են Մատենադարանը, Հայաստանի հնամյա պատմությունը, քրիստոնեության ընդունումը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկված եկեղեցիներ այցելությունը։ Ցեղասպանության իրողությունը և արցախյան վերջին իրադարձություններին ևս անդրադարձներ կային, սակայն հպանցիկ։

Back to top button