Եվս 100 միլիոն դրամ՝ Դեբեդի վարարումից հետո աղետի հետևանքները վերացնելու համար․ կառավարությունը որոշում է ընդունել
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունեց Եվրասիական զարգացման բանկի հետ «Դրամական միջոցների բարեգործական նվիրատվություն» պայմանագիր կնքելու մասին որոշում։
Ըստ այդմ, ֆինանսների նախարարությանը կհատկացվի 100 միլիոն դրամ, որը կուղղվի մայիսի 25-ից 26-ը Տավուշի ու Լուռու մարզերում տեղի ունեցած վարարումների ու աղետի հետևանքները վերացնելուն։
Ավելի վաղ կառավարությունն արդեն ընդունել էր աղետի գոտու աջակցության ծրագիրը, որն առավելապես ուղղված էր բնակապահովման ու բնակարանային հարցերի լուծմանը։
Կառավարությունը ևս 100 միլիոն դրամ է հատկացնում մայիսի վերջին Դեբեդի վարարումից տուժած բնակավայրերին ու բնակիչներին օգնելու համար։ Միջոցները Եվրասիական զարգացման բանկի հետ պայմանագրով հատկացվում են Հայաստանին, ֆինանսների նախարարությունն էլ պարտավորվում է 100 միլիոն դրամը ուղղել բացառապես սոցիալական, հումանիտար և ենթակառուցվածքային բնույթի խնդիրների լուծմանը:
Կառավարության տարածած հիմնավորման մեջ կարդում ենք․ «Ձորագետ և Դեբեդ գետերի վարարման և հունից դուրս գալու հետևանքով մի շարք համայնքներ կրել են մեծածավալ վնասներ։ Մասնավորապես, վնասվել են տրանսպորտային միջոցներ, մի շարք բազմաբնակարան շենքերի առաջին հարկեր և սեփական տներ ամբողջությամբ լցվել են ջրով։ Ենթակառուցվածքներին հասցված վնասների հետևանքով մի շարք բնակավայրեր զրկվել են էլեկտրամատակարարումից, ջրամատակարարումից, գազամատակարարումից, կապից, ինչպես նաև սահմանափակվել է մարդկանց տեղաշարժը։ Փլուզվել են հենապատեր, կամուրջներ»։
Գործադիրին աղետի գոտու բնակիչներն են փոխլրացնում․
– Այս արհավիրքը, կարելի է ասել, երկրաշարժից էլ ահավոր էր․․․
– Տուն-տեղ դրեցինք, 5 րոպեում տվեցինք աղետին․․․
Դեբեդի վարարումից հետո 2 մարզի 9 համայնքներում ավելի քան 3կմ վնասված ճանապարհ, քանդված կամ խալխլված 18 կամուրջ կա։ Միայն աղետի էպիկենտրոն Ալավերդիում 100-ից ավելի բնակարան կամ սեփական տուն է վնասվել։ Կառավարությունն ավելի վաղ արդեն հաստատել է սոցիալական աջակցության առաջնային կարիքները բավարարելուն ուղղված ծրագիրը։
Բնակարանի գնման վկայականներ կտրամադրվի աղետի գոտու այն բնակիչներին, որոնց տներն ամբողջությամբ վնասվել են կամ 4-րդ, 5-րդ կարգի վթարային դարձել։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մանրամասնում էր․
«Ունենք մեկ շենք, որ Ալավերդիում է՝ բաղկացած 16 բնակարաններից։ Իրականում այս 16-ից միայն 6-ն են, որ գտնվել են առաջին հարկում ու ջրհեղեղից տուժել են, բայց քանի որ շենքն ամբողջությամբ դարձել է վնասվածության էն աստիճանի, որ պետք է քանդվի, նաև բանկարանի գնման վկայական կստանան 2-րդ և 3-րդ հարկերում բնակվողները»։
Առանձին ֆինանսական օգնություն է նախատեսված նաև ջրհեղեղի հետևանքով 4 զոհերի ընտանիքներին ու այն բնակիչներին, որոնց տունը կամ բնակարանը վերանորոգման ու գույքի կարիք ունի։ Ընդ որում՝ փոխհատուցման ու օգնության չափը սահմանված է ըստ գոտիավորման՝ հիմքում ունենալով թե տվյալ բնակավայրը որքան է տուժել աղետից։
Այրում քաղաքի մերձակայքում Գարիկ Հարությունյանը հացատուն ուներ, հիմա միայն մանրամասն նկարագրելով է հնարավոր պատկերացնել, թե ինչ տեսք է ունեցել նրա բիզնեսը մինչև Դեբեդի վարարումը։
«Տաղավարներն է վնասվել, հյուրանոցը․․․ Այն կողմում էլ դրսի տաղավարները, նստելու տեղերն է եղել, ոչ մի բան չի մնացել»,-պատմում է Ալավերդու բնակիչը։
Լոռու մարզի Թումանյան համայնքի բնակիչ Արսեն Պետրոսյանի այգին, կամ այն, ինչ մնացել է այգուց, հենց ափեզրին է․ մինչև ջրհեղեղը 100-ից ավելի պտղատու ծառ կար։ Վարարած Դեբեդը եկամտի միակ աղբյուրի հետ նաև այգին գետից բաժանող պատնեշն է քշել– տարել։
«Այն քարից բարձր պատնեշ եմ ունեցել, որ չկա․ 3 մետր տակի հաստությունն է եղել, 2.5-3 մետր էլ բարձրությունը»։
Առայժմ գործադիրը տնտեսվարողների կամ այգի ու ոչ բնակելի գույք կորցրած քաղաքացիների մասով աջակցման ծրագրեր չի ներկայացրել, դրանք քննարկումների փուլում են․ նախորդիվ միայն ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող ու վարկային ժամկետնանց պարտավորություններ ունեցող քաղաքացիների համար որոշում ընդունվեց։ Պետական աջակցությամբ վարկավորված շահառուների համար վարկի մարման ժամկետը երկարաձգվել է։