ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

345՞, թե՞ 2000 դրամ՝ քմ-ի համար․ ո՞վ կորոշի, թե ինչ արժե Վարդենուտի հողը

Ի՞նչ արժե Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Վարդենուտ գյուղի հողը․ հարցը և դրան տված պատասխանների անհամապատասխանությունը վարդենուտցիներին կառավարության շենքի մոտ՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ քննարկմանն են հասցրել․

«345-ը էժան գին է՞, թե՞ թանկ գին է՝ ես չգիտեմ։ Բայց գիտեմ, որ 345-ը այն գինն է, որը նշել է անկախ գնահատողը»։

Վարդենուտի շուրջ աղմուկը բարձրացավ հուլիսի 24-ին․ պատճառն այն է, որ դեռ 2023-ի մարտին կառավարությունը որոշել էր բնակիչների 110 հա տարածքը ճանաչել հանրային գերակա շահ և տրամադրել «Ռիդ» ընկերությանը։ Կազմակերպությունն այդ տարածքում պետք է ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկո-գյուղատնտեսական արտադրության կենտրոն ստեղծի, «Արագած» ներդրումային ծրագրի շրջանակում էլ ջրամբար կառուցի։

Գյուղացիները պնդում են, որ իրենց հողի արժեքը սխալ է հաշվարկվել և փոխհատուցումը քիչ է։

«Մենք քննարկել, հասել էինք այն արդյունքին, որ 2000 դրամը գյուղի ժողովրդի մեծամասնության կողմից ընդունելի էր եղել և ստորագրահավաք էինք արել»,-ասում են։

Հետագայում բնակչությունը որոշել է, որ արժե կոմպրոմիսի գնալ, քմ-ի համար այդ արժեքը մի քիչ իջեցնել։ Բայց անկախ գնահատողը համարել է, որ հողն այդ տարածքում 345 դրամ արժե։

Սրա հետ բնակիչները համաձայն չեն․ «Պահանջում ենք համարժեք փոխհատուցում, որ գումարի սահմանում կարողանանք ձեռք բերել նմանատիպ հողամասեր և շարունակենք աշխատել, ստեղծել, արարել, չզրկվենք մեր ապրուստի միջոցից»։

Էկոնոմիկայի նախարարը չի պատրաստվում միջամտել մասնավոր-ժողովուրդ բանակցություններին, բայց պատրաստ է ստեղծել բոլոր պայմանները, որ դրանք իրականանան։ Մինչ այդ միայն ասում է՝ բնակիչների սեփականության իրավունքների մեջ գրված է, որ հողերը «աղակալած ու անջրդի են»։

-Փաստացի ոչ աղակալած են, ոչ անջրդի,- հակադարձում է բնակիչը։
-Դուք 32 տարի շարունակ վճարել են գույքահարկ՝ որպես աղակալած ու անջրդի հողերի։
-Պարոն նախարար, ես գնել եմ անջրդի հող, իմ միջոցներով դարձրել եմ ջրդի։

Նախարարությունն առաջարկում է կազամակերպել կրկնակի գնահատում, այդ գործը պատվիրակել այլ ընկերության ու ստանալ նոր արդյունքներ։

-Ես հիմա չեմ ուզում որևէ կողմի փաստաբանությամբ զբաղվեմ։ Եկեք էսպես անենք, կօգտագործենք էս առիթը, ևս մեկ անգամ կհանդիպենք տնտեսվարողի հետ, և կհորդորնեք, որ նորից հանդիպեն ձեզ հետ, քննարկենք ձեր առաջարկը, որ փոխադարձ ընդունելի տարբերակ լինի։ Մեզ համար այս ծրագիրը կարևոր է, մենակ հարցը էն չի, որ Հայաստանում, օրինակ, էսքան տարվա ընթացքում տեղի կունենա էսքան միլիոն դոլար ներդրում, կարևոր է նաև նրա համար, որ մենք տեսնում ենք հնարավորւոյթւոն, որ դուք, ձեր երեխաները կունենաք հնարավորություն բարձր աշխատավարձով աշխատել։

-էս պահին մենք ունեզրկվում ենք, ցավդ տանեմ։ Ես 13 շունչ եմ, ունեզրկվում եմ, ի՞նչ անեմ, ինչի՞ մասին ա խոսքը, քանի՞ տարի հետո էդ կլինի կամ ես կապրե՞մ էդքան։

Արագածի լանջին լեռնադահուկային և էկո-գյուղատնտեսական նոր համալիրի ստեղծման ծրագիրը վերաբերելու է Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան գյուղերին։ Նախագծով 4 400 հեկտար տարածքի վրա ստեղծվելու է էկո-գյուղատնտեսական նոր բնակավայր՝ 300 մինի ֆերմաներով, կից հյուրատներով: Նախատեսվում է կառուցել նաև 3 մլն խմ տարողությամբ ջրամբար, որպեսզի համալիրն ունենա ջրի հասանելիություն, լեռնադահուկային համալիր՝ 5 ճոպանուղային գծերով, մոտ 30 կմ սահուղիներով, հյուրանոցներով։

Սակայն բնակիչներն ասում են՝ մինչև վաղվա այդ լուսավոր օրն ապրել է պետք։ Այսօր եկամտի աղբյուրից՝ մշակահողից զրկվում են, չեն ստանում համարժեք փոխհատուցում՝ այլ տեղ իրենց աշխատանքը կազամկերպելու համար։

-Ներդրումային ծրագիրը ինչի՞ ա կառավարության համար կարևոր, որովհետև ինքը հենց առաջին հերթին ձեր համար, գյուղի համար, գյուղի բնակիչների համար, հարակից գյուղերի բնակիչների համար պետք է ապահովի երկարաժամկետ կայուն աշխատատեղեր, մեր կարծիքով՝ բարձր աշխատավարձով , ու պետք է, որ զբոսաշրջային ուղղություն լինի ու մենք կարծում ենք, որ տասնյակ հազարավոր զբոսաշրջիրկներ է ամեն տարի ներգրավելու։

-էդ լսել ենք, շատ ենք լսել, բա ի՞նչ անենք, մեզ ասեք, էս պահին ի՞նչ անենք,- արձագանքում են բնակիչները։

Բանակցեք տնտեսվարողի հետ՝ Էկոնոմիկայի նախարարի պատասխանն է ու օգնելու պատրաստակամությունը։ Համաձայն է՝ նախագիծը պետք է հարմար լինի երկու կողմին էլ․ բնակիչն ամենակարևոր շահառուն է։ Բայց այս գործընթացին կառավարությունը, Գևորգ Պապոյանի խոսքով, ուղիղ միջամտություն ունենալ չի կարող։

Բնակիչները պատրաստ են քննարկումների, սակայն իրենց համար սահմանային պայմաններ ունենալով․ իրենց հողի քմ-ը 345 դրամ գնահատելն, ամեն դեպքում, անթույլատրելի են համարում։

Back to top button