ԿարևորՀասարակություն

30 օրը մեկ ԿԽՄԿ-ն տեսակցում է Բաքվում պահվող հայերին

Վերջին անգամ ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում պահվող հայերին, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, այցելել են այս տարվա հուլիսին։ Համաձայն ԿՄԽԿ ընթացակարգերի, այդ տեսակցությունները ընթացել են առանձնազրույցների ձևաչափով։ 

ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ բովանդակության հետ կապված որևէ բան ԿԽՄԿ-ն հանրային հարթակում մեկնաբանել չի կարող։

Զառա Ամատունի․ «Բնականաբար ուշադրության կենտրոնում պահվում է անձանց առողջական վիճակը, պահման պայմանները, սակայն բոլոր այդ հարցերը և նրանց հետ կապված նկատառումները միայն քննարկվում են կոնֆինդենցիալ ձևաչափում՝ տվյալ օրվա իշխանությունների հետ»։

Զառա Ամատունին տեղեկացրեց, որ տեսակցությունների շրջանակում հնարավորություն է տրվում Բաքվում պահվող անձանց կապ հաստատելու իրենց հարազատների հետ կապի տարբեր միջոցներով։ Դրանք կարող են լինել նամակներ կամ տեսագրված ուղերձներ, որոնք ԿՄԽԿ-ը փոխանցում է հարազատներին։

Զառա Ամատունի․ «Կարմիր խաչի տեսակցությունները Բաքվում պահվող անձանց  պարբերական բնույթ են կրում, գրեթե ամեն ամիս։ Եթե կա անհրաժեշտություն, կազմակերպությունը կարող է դիմել հաճախ տեսակցելու, սակայն այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ պարբերականությունը պահպանվում է, և հույս ունենք որ մեր կազմակերպությունը շարունակաբար կունենա հնարավորություն հանդիպելու այդ անձանց, քանի դեռ նրանք պահվում են անազատության մեջ»։

Back to top button