ԿարևորՌեպորտաժներՍպորտ

«Օլիմպիական հաղթանակի համը զգացի գիշերը՝ չէի կարողանում քնել»․ Լևոն Ջուլֆալակյանի անունը գրանցվեց Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի փառքի սրահում

Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան գնահատեց ամենահայտնի հայ ըմբիշին։ Սպորտում ունեցած բացառիկ նվաճումների ու մեծ ավանդի համար Եվրոպայի, Աշխարհի և  Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի անունը ներառվեց Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի փառքի սրահ։ Մեծարման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Փարիզում՝ Ըմբշամարտի տանը։ «Sputnik Արմենիայի» թղթակցի հետ զրույցում օլիմպիական չեմպիոնն ասել է․

«Շատ ոգևորված եմ, հպարտ եմ, որ Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան գնահատեց իմ անցած ճանապարհը սպորտում և՛ որպես մարզիկ, և՛ որպես մարզիչ։ Ուրախ եմ, որ մեր ազգանունն իր ուրույն տեղը գտավ փառքի սրահում, որը Շվեյցարիայում է»։ 

Նա Հայաստանի Հանրապետությունից առաջին մարզիկն է, որ արժանացել է այդ պատվին։ Փառքի սրահում նրա անունը տեղ կգտնի եռակի օլիմպիական չեմպիոն  Կարլ Վեստերգրենի, կրկնակի չեմպիոն շվեդ Իվար Յոհանսոնի ու աշխարհի այլ լեգենդար ըմբիշների անունների շարքում։ 60 ամյա Ջուլֆալակյանը 50 տարուց ավելի սպորտում է։ Լեգենդար մարզիկն արդեն 24 տարեկանում դարձել էր Եվրոպայի, Աշխարհի ու Օլիմպիական չեմպիոն․

«Տատս ասում էր՝ Լևոն ջան, որ հաղթող կլինես հետո, էդ ցատկեր, բան, մի արա, որովհետև մի քիչ համեստորեն է պետք հաղթանակը ընդունել։ Իմ մեջ տպավորվեց դա, երբ հաղթեցի, իսկ դա այն հաջողությունն էր, որ ցանկացած մարզիկ պետք է շատ ուրախանա, բայց հիշում եմ՝ ինչքան հանգիստ ընդունեցի հաղթանակս, պարզ, հասարակ ձևով։ Հաղթանակի համը գիշերը նոր ես զգացի՝ չէի կարողանում քնել»։

Չեմպիոնական բոլոր տիտղոսները կրծքին՝ 29 տարեկանում Ջուլֆալակյանը հեռացավ մեծ սպորտից, բայց մարզիկին բնորոշ սրտացավությունն ու հայկական ըմբշամարտի նոր հաղթանակների հասնելու նպատակը վերադարձրին նրան մարզասրահ՝ որպես Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ․

«Երբ անցավ վեց ամիս, զգացի, որ ամեն ինչը դատարկություն է, զգացի, որ կարոտում եմ սպորտը։ Ամեն օր երազիս՝ ըմբշամարտ, մարզումներ, հասկացա, որ չեմ կարող առանց ըմբշամարտի»։

Չեմպիոնը պատմություն կերտեց նաև որպես մարզիչ։ 1999-ից 2019 թվականներին հավաքականը Ջուլֆալակյանի ղեկավարությամբ նվաճեց Աշխարհի, Եվոպայի և Օլիմպիական ոսկե մեդալները, մի քանի անգամ դարձավ արծաթե ու բրոնզե մեդալակիր․

«Ես դեռ մի օր, մի ժամ չեմ ուշացել իմ մարզումներից, եթե որևէ հավաքականի մեջ կարգ ու կանոն չեղավ, ոչ մի հաջողություն չի լինի»։

Սպորտային հաջողակ ուղու ամենամեծ խոչընդոտն ու վտանգը «փառքի հիվանդությունն» է՝ հարցազրույցներից մեկում ասել է Լևոն Ջուլֆալակյանը։ Իբրև մարզիչ սաներին փոխանցել է նաև  բոլոր հաղթանակնեը համեստորեն ընդունելու ու չմեծամտանալու կարևոր հմտությունը․

«Թույլ չեմ տալիս, որ իմ հավաքականի ոչ մի մարզիկ էդ հիվանդությունով տառապի, որովհետև իր աստղային հիվանդությունը կարող է անցնել հավաքականի մյուս մարզիկներին։ Ցանկացած իմ մարզիկ, ով պատվանդանից իջնում է, ասում եմ՝ դու արդեն սովորական շարքային մարզիկ ես»։

Ջուլֆալակյանը մարզչական աշխատանքից հրաժարվեց 2019-ին։ Նրա սպորտային  ուղին շարունակեց  ավագ որդին՝ Արսեն Ջուլֆալակյանը, նա Հայաստանի հավաքականի կազմում մասնակցեց 3 Օլիմպիական խաղերի և դարձավ ածաթե մեդալակիր, նվաճեց Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնի տիտղոսները։ Մի քանի ամիս առաջ՝ հունվարին, սակայն, հայտնի դարձավ, որ կրտսեր Ջուլֆալակյանը փոխել է սպորտային քաղաքացիությունը և այսուհետև հանդես է գալու Արգենտինայի դրոշի ներքո։

Back to top button