Մի կողմում հնարավոր էսկալացիան կանխելն է, մյուսում՝ սեփական շահն առաջ մղելը․ տարածաշրջանը կրկին եռում է
Տարածաշրջանային հրդեհ․ արաբագետ Արմեն Պետրոսյանի բնութագրումն է իրանաիսրայելական զարգացումներին։ Փորձագետի խոսքով՝ այս պահին մեծ անորոշություն է առկա։
Պետրոսյանն արձանագրում է՝ սա Իրանի պատասխանն է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեյի սպանությանը, որը տեղի ունեցավ Թեհրանում։ Այստեղ առանցքային դերակատար է ԱՄՆ-ն, որի շահերից է բխում տարածաշրջանում իրավիճակի կառավարելիությունը։
«Միացյալ նահանգներն ամեն կերպ փորձում է նոր էսակալացիա թույլ չտալ։ Մի կողմից Իրանն ու ԱՄՆ-ն, լինելով հակառակ ճամբարներում, փորձում են թույլ չտալ էսկալացիա, մյուս կողմից ունենք Իսրայել, որը փորձում է օգտվել և՛ տարածաշրջանում, և՛ աշխարհում ստեղծված իրավիճակից, առաջ մղել սեփական շահերը»,-բացատրում է արաբագետ Արմեն Պետրոսյանը։
Նրա դիտարկմամբ, տարածաշրջանային զարգացումներն անուղղակի կարող են անդրառնալ նաև Հայաստանի վրա։