ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Բուհ ընդունվելը թանկ հաճույք է․ կրկնուսույցի «ինստիտուտի» մասին

Տարիներ առաջ ավագ դպրոցի ինստիտուտի ներդրումով նպատակ կար դիմորդներին օգնել ոչ միայն կողմնորոշվելու մասնագիտություն ընտրելիս, այլև միասնական քննությանը պատրատվելիս։ Տարիները, սակայն, պատկերը չեն փոխել։

Խնդիրները շարունակում են մտահոգել ոչ միայն մասնագետներին։ Դիմորդներն ու նրանց ծնողները չեն պատկերացնում ընդունելությունն առանց կրկնուսույցի։ Ավելին՝ նույնիսկ կրկնուսույցի մոտ պարապելուց հետո միշտ չէ, որ նրանց սպասելիքներն արդարանում են։

Որքան էլ կրթության գերատեսչությունը հավաստիացնում է, որ 12-ամյա կրթական համակարգը ներդրվեց նաև կրկնուսույցների թիվը կրճատելու, իսկ ավագ դպրոցը՝ դիմորդներին միասնական քննությանը ավելի լավ պատրաստելու համար, տարիների փորձը ցույց է տալիս, որ կրկնուսույցներին դիմողների թիվը ոչ միայն չի կրճատվում, այլև կրկնուսույցի մոտ պարապելը բուհ ընդունվելու համար արդեն օրինաչափություն ու անհրաժեշտություն է դարձել։ Ավելին՝ շատերը պարապել սկսում են բուհ ընդունվելուց նույնիսկ 2-3 տարի առաջ։ Դիմորդներն ու նրանց ծնողներն առանց կրկնուսույցի չեն էլ պատկերացնում ընդունելությունը։

«Բավականին լավ արդյունքներ ունեմ, բայց կրկնուսույցի մոտ պարապելուց հետո։ Միայն դպրոցի գիտելիքներով, առանց կրկնուսույցի իմ ուզած արդյունքը չէի ունենա։ Թեստեր կան, որ նույնիսկ մեր կրկնուսույցն է դժվարանում բացատրել պատասխանը։ Կոնկրետ իմ աղջիկն ասաց, որ բարդ չէր, բայց առանց կրկնուսույցի տարբերակ չունեինք ընդունվելու»։

Առանց կրկնուսույցի մոտ պարապելու էլ է հնարավոր ընդունվել՝ վստահ է ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը։ Այլ հարց է, թե ինչ միավոր է ակնկալում դիմորդը, և որքանով է մասնագիտությունը մրցակցային։ Ինչ վերաբերում է թեստերին՝ դրանք դպրոցական ծրագրից են, հավաստիացնում է ԳԹԿ փոխտնօրենը։ Կարևոր է, թե որքանով է տվյալ ծրագիրը ուսումնասիրվել դպրոցում։

«Շտեմարանն ընդամենը կմախքն է, առաջադրանքների հիմքն է։ Ոչ բոլոր մարզերում և գյուղական դպրոցներում են երեխաները կարողանում բարձր որակի կրկնուսույց գտնել։ Երեխաների մի ստվար հատված նաև ինքնուրույն է պարապում և ընդունվում բարձր միավորով»։

Չնայած 12-ամյա կրթությանը, դիմորդները շարունակում են օգտվել կրկնուսույցի ծառայությունից։ Նույնիսկ առցանց հարթակ կա, որտեղ կարելի է գտնել կրկնուսույցների ամենամեծ բազան։ Ընտրությունը մեծ է, բայց ոչ բոլորին է հասանելի։ Հատկապես մարզերում, ֆինանսական հնարավորություններ չունեցող ընտանիքներում, ստիպված են սահմանափակվել դպրոցում ստացած գիտելիքներով, և ավելի համեստ ընտրություն կատարել բուհն ու մասնագիտությունը նշելիս, նկատում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

«Շատ բան կախված է, թե մենք ինչ ֆակուլտետի, ինչ բուհի համար ենք դիմում։ Եթե շատ մրցակցային ֆակուլտետ դիմենք, բնականաբար ինքնուրույն պարապող դիմորդը մեծ շանս չունի ինքնուրույն ընդունվելու։ Կան նրբություններ, որոնց կրկնուսույցներն են տիրապետում։ Իհարկե, բուհեր կան, որտեղ 7.5-8 միավորով էլ հնարավոր է ընդունվել, բայց եթե դպրոցում գերազանց է սովորել։ Նույնիսկ, եթե երեխան գերազանց է սովորել, չի կարող մրցունակ բուհ ընդունվել և 19-20 միավոր ստանալ։ Դիմորդների 90 տոկոսը հաստատ պարապել է կրկնուսույցի մոտ»։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հավաստիացնում է, որ հանրակրթության նոր չափորոշիչը համակարգային փոփոխություն է խոստանում, իսկ կրկնուսույցների դերը կնվազի կրեդիտների ներդրումով։ Սակայն կրթության փորձագետը նույնքան լավատես չէ։ Ավագ դպրոցի ներդրումն էլ ժամանակին խոստումնալից էր, բայց, ըստ Սերոբ Խաչատրյանի, փաստացի ավելի վատ արդյունք տվեց։ Կրկնուսույցի մոտ պարապելը բուհ ընդունվելու համար արդեն օրինաչափություն է դարձել։ Դիմորդներն ու նրանց ծնողներն առանց կրկնուսույցի չեն պատկերացնում ընդունելությունը։ Շատերը պարապել սկսում են ընդունվելուց նույնիսկ 2-3 տարի առաջ։ Իսկ պարապելն այդքան էլ մատչելի չէ․ միջինում ամսական 40-50 հազար դրամ՝ յուրաքանչյուր առարկան։ Ըստ այդմ՝ 2 առարկայի դեպքում շուրջ 1 մլն դրամ է անհրաժեշտ, քանի որ ըստ պարապելու տարիների, գումարը ևս կրկնապատկվում է։ Ու նույնիսկ 3 տարի, համապատասխանաբար 3 միլիոն ծախսելու դեպքում ծնողը ոչ մի երաշխիք չունի, որ իր երեխան անվճար է սովորելու։

Back to top button