Գերլարվածություն Մերձավոր Արևելքում. Իսրայել-Դիմադրության առանցք բախման սպասումն անորոշ կացության մեջ է գցել նաև լիբանանահայ համայնքին
Վերջին 24 ժամում գերլարված իրավիճակ է Մերձավոր Արևելքում։ Իսրայելի հյուսիսային սահմանին հնչել են օդային տագնապի ազդանշաններ: Հեզբոլլահի զինյալները հրթիռակոծել են Իսրայելի սահմանամերձ բնակավայրերը: Իսրայելի պաշտպանության բանակը պատասխան հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում: Իրավիճակը թեժանում է ամեն ժամ։ Շատ պետություններ արդեն կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Լիբանանը։ Հայաստանի ԱԳՆ-ն նույնպես կոչ է արել ժամանակավորապես չայցելել Լիբանան՝ հույս հայտնելով, որ բարեկամ Լիբանանում կպահպանվի խաղաղությունն ու կայունությունը։
Հայտնի պատճառներով բավականին լարված մթնոլորտ է Լիբանանում։ «Ռադիոլուրի» հետ զրույցում Լիբանանի Yerepouni-news.com լրատուսկան կայքէջի խմբագիր եւ լիբանանահայ հրապարակագիր Ահարոն Շխրտըմյանի փոխանցմամբ՝ Թեհրանում Իսրայելի կողմից Համասի քաղաքական առաջնորդ Հանիեի սպանությունը և Լիբանանում Համասի գրասենյակների հրթիռակոծումը բավականին մտահոգիչ զարգացում էին Մերձավոր Արևելքի առանց այդ էլ գերլարվածության համատեքստում։
«Իրականում՝ Լիբանանի մեջ ծանր, սպասողական և մտահոգիչ կացություն է տիրում։ Լիբանանի օդային սահմանները բռնաբարելով՝ իսրայելացիները գալիս են, ոճիրներ են կատարում ու վերադառնում։ Ցավալին այն է, որ ԱՄՆ-ն և նրա քաղաքական, ռազմական ազդեցության ոլորտում գտնվող պետությունները փոխանակ ոճրագործին դատապարտելու, զոհերին են քննադատում»։
Անդրադառնալով հայ համայնքին՝ Շխրտըմյանն ասաց, որ մնացած համայնքների նման, շարունակվում են առօրյա աշխատանքները։ Միություններն ու կազմակերպությունները գործում են՝ անկախ մտահոգիչ զարգացումների հեռանկարից։
«Բայցևայնպես, մտահոգությունը կա և կմնա։ Չգիտենք, թե մինչև երբ։ Չգիտենք նաև, թե երբ պետք է տեղի ունենա Իրանի և Հզբոլահի նախատեսած հակահարձակումը և թե դրան հակադարձելը ինչպիսին պետք է լինի։ Բոլորս իրականում անորոշության մեջ ենք»։
Հայ համայնքը մինչ այս տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում առայժմ կորուստներ չունի, սակայն, տագնապն ու մտահոգությունները, գնալով խորանում են՝ ասում է լիբանանահայ համայնքի ներկայացուցիչը։
«Հայ համայնքը, այդ թվում՝ քաղաքական կուսակցությունները, եկեղեցին, բոլորը զգուշավոր քայլերի են դիմել, այսպես ասեմ՝ համախոհության, միասնականության կոչերով։ Նախ՝ երկրի միասնականության առնչությամբ, հետո՝ հայկական համայնքի միասնականության առնչված։ Եվ հետաքրքրականն այն է, որ Լիբանանի կացությունը, այսպես ասած, այնպիսի անակնկալներով լեցուն է, որ որևէ մեկը, որևէ վայրկյանի կամ պահի չգիտե, թե հաջորդ վայրկյանին ինչ տեղի պիտի ունենա»։
Եթե Իրան-Հեզբոլլահ և Իսրայել ներկայիս գերլարվածությունը հանգեցնի պատերազմի, ապա, կասկած չկա, որ այն կարող է վերածվել տարածաշրջանայինի։ Որոշ փորձագետներ կարծում են, որ աշխարհը պատրաստվում է ոչ միայն Իրանի և Դիմադրության առանցքի պատասխանին, այլև դրան Իսրայելի հակադարձմանը։
Արաբա-իսրայելական երկարամյա հակամարտության վերջին տասնամյակների գործողությունները դեռևս երբեք այսքան լուրջ ընթացք չէին ընդունել՝ թեժացնելով լարվածությունը ռազմական առումով՝ նկատում է արևելագետ Արարատ Կոստանյանը։ Հանիեյի սպանությամբ բանակցությունները վերջնականապես տապալված են, և այս պահին կողմերում միմյանց անխնա հակահարվածներ հասցնելու վճռական կոչեր ու գործողություններ են միայն։
«Մի կողմից կողմերը չեն նահանջում՝ ոչ Իրանը, ոչ Իսրայելը, ո՛չ Իրանի դաշնակիցները։ Կարծում եմ՝ այնտեղ կլինի ռազմական գործողությունների սաստկացում, բայց, միաժամանակ, մեծ դերակատարները իրենց դիվանագիտական կարողություններով, խողովակներով կողմերին բերում են այն դաշտ, որ թեկուզ լինի էլ առճակառում՝ այն ավելի ընդարձակ ու երկարաժամկետ տեղի չունենա»։
Որոշ փորձագետների գնահատմամբ՝ Իրանը, ինչպես նախորդ անգամ, նախ հոգեբանորեն է հյուծելու Իսրայելին։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը նկատում է՝ Իրանը ցույց է տվել, որ կարողանում է հաջողությամբ պայքարել իր թշնամիների դեմ՝ առանց պատերազմի մեջ ուղիղ ներքաշվելու։
«Իրան-Իսրայել ուղղակի լայնածավալ պատերազմի մասին կանխատեսումներն առայժմ այդքան էլ իրական չեն թվում, չնայած վառոդի տակառի նմանվող Մերձավոր Արևելքում ցանկացած կայծ հղի է պատերազմական հրդեհի բռնկման վտանգով»,-Տելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետը։
Նշենք նաև, որ իսրայելական աղբյուրների հաղորդմամբ, Թել Ավիվը դիտարկում է Իրանի դեմ կանխարգելիչ հարված հասցնելու հնարավորությունը: Վարչապետ Նեթանյահուն հանդիպել է բանակի և հետախուզության ղեկավարների հետ՝ քննարկել հնարավոր գործողությունները: Նշվում է, որ կանխարգելիչ հարվածը կիրականացվի միայն Իրանի մտադրությունների վերաբերյալ հավաստի տեղեկությունների առկայության դեպքում: ԱՄՆ պետքարտուղարը զգուշացրել է, որ Իրանն ու Հեզբոլլահը կարող են հարձակվել Իսրայելի վրա առաջիկա 24 ժամերին: