ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Զգուշացե՛ք ավտոմեքենայից․ 25-ից ավելի ողբերգական վթար 20 օրում․ ի՞նչ է պետք անել անվտանգ երթևեկելու համար

Մահվան ելքով վրաերթ Սևան-Մարտունի ճանապարհին, 2 զոհ ու մեկ վիրավոր Մեղրի-Երևան ճանապարհին, 10 վիրավոր ու մեկ զոհ Երևան-Դիլիջան ճանապարհին․ ու այսպես շարունակ կամ այլ կերպ ասած 18 ողբերգական վթար 20 օրում, ավելի քան 20 զոհ ու 30-ից ավելի վիրավոր․ ու սա միայն պաշտոնական կամ Ոստիկանության տարածած ամփոփագրերի տվյալներն են, դրանց համաձայն՝ օրական միջինում 15 ավտովթար է տեղի ունենում ու 20-ից ավելի մարդ է տուժում։ Մտահոգիչ վիճակագրությունը նաև «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգան Քեյանն է նկատել, վստահեցնում է`ամենամեծ խնդիրն այն է, որ արձանագրելուց բացի ուսումնասիրություն ու վերլուծություն չի իրականացվում, ոչ ոք չգիտի վթարների կամ դրանց ավելացման իրական պատճառը։

Ոչ մի մարմին այսօր չի կարող ասել, թե որն է վթարների իրական պատճառը, ով էլ ասի, դա միայն ենթադրությունների մակարդակում է լինելու։ Ենթադրությունները շատ են՝ ճանապարհների կահավորանքից, ճանապարհների վիճակից սկսած մինչև լուսավորության բացակայություն ու վարորդների, ուղևորների ու հետիոտների կրթվածության մակարդակ»,- նկատում է Քեյանը։

Երթևեկության փորձագետն առաջին հերթին ճանապարհների կահավորման վրա է ուշադրություն հրավիրում, նկատում՝ հաճախ ոչ ճանապարհային նշաններն են իրենց տեղում, ոչ լուսավորությունն է պատշաճ կազմակերպված։ Հատկապես ճանապահների այն հատվածներում, որտեղ վթարները կրկնվում են կամ հաճախակի են լրացուցիչ աշխատանքներ ու ուսումնասիրություն է պետք։

«Պարզ օրինակներ ասեմ՝ մենք չունենք ստանդարտ մոտեցումներ․ օրինակ, եթե դուք Հայաստանի Հանրապետության մի ծայրից մյուսը երթևեկեք, կտեսնեք էական տարբերություններ․ մի տեղ նշանները մի ձևով են մյուս տեղում՝ այլ, մի տեղում գծանշումը մի գույնի է, մյուս տեղում մեկ այլ գույնի։ Օրինակ՝ Երևանում հետիոտնային անցումները դեղին էին գծում, հիմա չգիտես թե ինչու, սպիտակեցին այդ գծերը, և անգամ այստեղ մենք ընդունված միօրինակ ստանդարտներ չունենք»։

Դեռ ավելին՝ պատկերն ավելի է վատանում մայրաքաղաքից դուրս․ հատկապես մեծ մայրուղիներում շինարարական աշխատանքներն ու հաճախ ոչ սահմանված կարգով կահավորումն է դառնում վթարի կամ վթարային իրավիճակի պատճառ՝ նկատում է «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգան Քեյանը։

«Օրինակ՝ երեկ շինարարական աշխատանքներ էին կազմակերպվել դեպի օդանավակայան գնացող ճանապարհի վրա, իսկ ճանապարհային համապատասխան նշանը տեղադրված էր հենց շինարարական աշխատանքների սկզբնամասում, մինչդեռ մինչև այդ հատվածին հասնելը քեզ պետք է զգուշացվի համապատասխան նշաններով, որ դու երթևեկելի գոտին փոխես, վերադասավորվես ու ստիպված չլինես վերջին պահին մյուս վարորդների դիմացը կտրել ու վթարային իրավիճակ ստեղծել»,-ասում է փորձագետը։

Պետական մարմինների ու մասնավոր սեկտորի կարծիքները, սակայն, տարբեր են։ Ամիսներ առաջ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը պնդում էր, որ հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն ավելացել է, քանի որ ճանապարհների որակն է լավացել։

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյան

«Դե փոսեր չկա, մարդիկ գազ են տալիս, ինչ անենք, սա է, շատ ենք վերլուծել՝ սա է պատճառը»,-ասել էր ներքին գործերի նախախարը։ Վարչապետն էլ տարեսկզբին էր թեմային անդրադարձել, շեշտելով, որ ամեն ինչ արվում է ճանապարհների անվտանգության մակարդակը բարձրացնելու համար։

«Ներքին գործերի նախարարությունն է ինտենսիվ աշխատանքներ իրականացնում։ Լավ լուրն այն է, որ մենք այդ աշխատանքների արդյունքը նաև տեսնում ենք, որովհետև որոշակի մեթոդաբանությամբ աշխատել ենք, և տեսնում ենք, որ հաջողվել է վթարների և զոհերի որոշակի նվազեցում ունենալ»։

Թվերը, մինչդեռ, այլ բանի մասին են վկայում․ 2022-ին հանրապետությունում 4300-ից ավելի վթար է գրանցվել, 2023-ին՝ 4600-ից մի փոքր ավելի։ Անցած տարի միայն ավտովթարներից 378 մարդ է զոհվել, 2022-ին մահերի թիվը 57-ով պակաս է եղել։ Միայն այս տարվա առաջին եռամսյակում գրեթե 1000 ՃՏՊ է գրանցվել ու 72 մարդ մահացել։

Բոլորը, անկախ նրանից թե ինչ դեր ու մասնակցություն ունեն երթևեկության մեջ, պատասխանատու են երթևեկության անվտանգության համար՝ նկատում է Տիգրան Քեյանը․ օրենքին պետք է հետևել ոչ թե չտուգանվելու կամ չպատժվելու, այլ առաջին հերթին անվտանգության համար։

«Մենք տարբեր գործողություններ ենք անում, հիմնականում պատժիչ միջոցառումներ, օրինակ՝ արագաչափեր տեսախցիկներ ենք տեղադրում, որ մարդիկ զուսպ լինեն, բայց դրանք տեղային լուծումներ են առանձին հատվածների համար ու ընդհանուր երթևեկության մեջ փոփոխություններ չեն հետևում»։

Որ ճանապարհները համապատասխան նշաններով ու գույքով կահավորելու խնդիրներ կամ բացթողումներ կան, արձանագրում են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում։ Այստեղ «Ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարություն» են մշակել, որով նախատեսում են մինչև 2030թ ճանապարհատրանսպորտային պատահարների ու դրանց հետևանքով մահերի թիվը նվազեցնել առնվազն 50 տոկոսով։ Իսկ հասարակական սեկտրում պնդում են՝ անվտանգ երթևեկություն կունենանք ոչ թե պատժելով կամ տուգանելով, այլ առաջին հերթին քաղաքացիներին կրթելով։

Back to top button