ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Իրավիճակը փոխելու ոչ հնարավորություն կա, ոչ կարիք․ խնդրի հիմքն ու հետևանքը

 «Հասարակագիտության» 8-րդ դասարանի դասագրքի մրցույթին մասնակցած և չհաղթած հեղինակները պատրաստվում են դատական ճանապարհով վիճարկել մրցույթի արդյունքները։ Այս դասարանի դասագրքերը 2 հանձնաժողով է քննել։ Հեղինակը վստահ է՝ առաջին հանձնաժողովի լուծարումը դիտավորյալ է եղել, երկրորդ հանձնաժողովի կայացրած որոշումը՝ ոչ վստահելի։ Նախարարությունն ընդունում է, որ գործընթացի մի փուլում թյուրիմացություն, սխալ է եղել, սակայն համարում է, որ երկրորդ հանձնաժողովի ստեղծումը ճիշտ որոշում էր, հաղթած դասագրքերի բովանդակային սխալները՝ քիչ և ուղղելի։

«Հասարակագիտության»  8-րդ դասարանի դասագրքերը գնահատող առաջին հանձնաժողովը ոչ թե սխալվել է, այլ ճշտորեն կատարել է ստացած սխալ առաջադրանքը։

Աշակերտին հասնելու համար այս առարկայի երեք դասագիրք էր պայքարում։ Դրանցից մեկի հեղինակն ահազանգել էր՝ գնահատող առաջին հանձնաժողովը լուծարվել է, ստեղծվել է նոր հանձնաժողով, որի կատարած աշխատանքը վիճարկելի է։ Հեղինակը պահանջել էր բացատրել առաջին հանձնաժողովը լուծարելու հիմքերը՝ դրանում դիտավորություն տեսնելով։

ԿԳՄՍ նախարարությունը հայտնել էր, որ հանձնաժողովը գնահատումը չի իրականացրել ըստ կարգի՝ գնահատման սանդղակով, աշխատանքն այլ խմբի է պատվիրակվել այս պատճառով։ Այսօր արդեն հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն ընդունում է՝ հանձնաժողովն իրականում չի ստացել սանդղակ և դրանով գնահատում անելու պահանջ, չի հասկանում՝ ինչպես և ինչու է դա տեղի ունեցել, բայց իրավիճակը փոխելու ոչ հնարավորություն կա, ոչ կարիք։

«Երբ փորձեցինք խորանալ այս հարցի մեջ, պարզ դարձավ, որ այն կառույցների ղեկավարները, որոնց հետ ամբողջ կոմունիկացիան իրականացվել է, ես չեմ կարող բացատրել՝ ինչ պատճառով, բայց էդ կոմունիկացիան ամբողջական չեն հասցրել մասնագետներին։ Մենք պետք է  կայացնեինք որոշում՝ կամ վերսկսել աշխատանքը այդ կառույցի հետ ու նորից փորձել բացատրել, թե ինչը, ինչպես, ինչ փուլերով պետք է տեղի ունենա, կամ այլընտրանքային լուծում գտնել»։

Առաջին հանձնաժողովի անդամներից մեկը գրառումով տեղեկացրել էր, որ հանձնաժողովը՝ բոլոր երեք գրքերն արդեն իսկ մանրամասն ուսումնասիրած լինելով, պատրաստ է եղել իր կարծիքը տեղավորել գնահատման սանդղակում։ Այս դեպքում ինչո՞ւ է ԿԳՄՍ-ն որոշել դրա փոխարեն աշխատանքը պատվիրակել նոր՝ դասագրքերին անծանոթ խմբի։

«Իհարկե կարելի էր ևս մեկ անգամ փորձել։ Այստեղ ունենք փորձառություն, երբ երկու ամիս ժամանակ ենք տրամադրել ու արդյունքում ստացել ենք ոչինչ՝ էն իմաստով ինչ պետք է ունենայինք դասագրքերի երաշխավորման համար։ Մենք չունեին վստահություն, որ 2-րդ անգամ ճիշտ էր տեղի ունենալու»։

Խնդիրը բարձրաձայնած դասագրքի հեղինակ, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է՝ ընտրողներից բացի խնդրահարույց է ընտրությունը․ հաղթած գրքերը բովանդակային լուրջ խնդիրներ ունեն։ Առաջարկել է կրկնակի փորձաքննություն իրականացրել։

Առաջարկը մերժվել է «ժամանակ չկա» պատճառաբանությամբ․

«Հանձնաժոովի անդամը հրապարակեց մի քանի աղաղակող սխալներ, որոնց մի մասն ուղղակի անթույլատրելի սխալներ են։ Այդպիսի սխալով դասագիրք տպելն ուղղակի անթուլատրելի է։ Պարզ տրամաբանական հարց տամ, ավելի լավ է դասագիրքը մի քանի շաբաթ ուշ մտնի դապրոց, բայց նորմալ դասագրքե՞ր մտնեն, թե՞ սեպտեմբերին մտնի՝ սխալներով լեցուն, որովհետև այդ դասագիքրը մտնում է 4 տարով օգտագործման համար և էլ չեք կարողանալու փոխել»։

Իրականում խնդիրներն այդքան սուր չեն, և դասագրքերը դպրոց են մտնելու խմբագրված, առանց վրիպակների՝ հայտնում է ԿԳՄՍ ներկայացուցիչը։ Միևնույն ժամանակ նշում՝ բոլոր պարտված դասագքերի հեղինակները դժգոհ են․ դա օրինաչափություն է։ Բայց հնարավոր չէ ամեն դժգոհությունից հետո կրկնակի փորձաքննություն իրականացնել։ Այդպես գրքերը երեխաներին չեն հասնի։

«Երբ նշվում է մի քան սխալ, դա 10-12 դիտարկում է, և նմանատիպ դիտարկումներ ներկայացվել են բոլոր 3 դասագրքերի վերաբերյալ։ Ինչ-որ բառի գործածության վերաբերյալ դիտարկում կա, կամ որևէ հասկացությունը մեկնաբանելու այլ տեսակետ կա․ շատ դժվար է գնահատել սխալն ու ճիշտը, եթե մենք խոսում ենք, օրինակ, ժողովրդավարություն բառի մեկնաբանության մասին։ Մի կողմից եղել է դրանք ուղղելու ժամանակ, ու մյուս կողմից կան նաև հարցեր, որոնք միանշանակ չեն ու տարբեր մասնագիտական խմբեր կարող են տարբեր ձևերով մոտենալ այդ հարցերի մեկնաբանությանը։ Վստահ եմ, որ ուսուցիչների համար նախատեսված ձեռնարկներում նաև էդ մեկնաբանությունը կարելի է գտնել»։

Սերոբ Խաչատրյանը դիտարկում է այս որոշմանը հակազդելու դատական ճանապարհը։ Վստահ է, որ դասագրքում տեղ գտած սխալները լուրջ են ու խնդրահարույց։ Իրավիճակը, նրա խոսքով, ավելի է սրվում, երբ հիշում ենք՝ հասարակագիտություն առարկան հիմնականում դասավանդում են պատմության ուսուցիչները, որոնք կարող են չտիրապետել նրբություններին և չկարողանան երեխաներին ճիշտ մեկնաբանել դասագրքի սխալը։ 

Back to top button