ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հիմնարար հետազոտությունից՝ պետական փորձարկում․ ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ռազմարդյունաբերության ոլորտում

Կառավարությունը հաստատել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող նախագիծը։ Դրանք  պայմանավորված են գիտահետազոտական աշխատանքների իրականացման, հայտերի ձևավորման ու ֆինանսավորման նոր կարգի համար իրավական հիմք ստեղծելու անհրաժեշտությամբ։ Այդ աշխատանքներն այսօր էլ իրականացվում են ԲՏԱ նախարարության, Ռազմարդյունաբերության կոմիտեի և մասնավոր հատվածի համագործակցությամբ։ Հնարավոր տարընթերցումներից խուսափելու համար մշակվել են համապատասխան կարգեր, որով կառաջնորդվեն ռազմարդյունաբերողները։ 

Ռազմարդյունաբերության կոմիտեն ռազմարդյունաբերության զարգացնելու համար ունի երկու հիմնական գործիք։ Առաջինը ԳՀՓԿ աշխատանքներն են, որոնց համար այս տարի 4,5 մլրդ դրամ է հատկացվել։ Երկրորդը փորձանմուշների արտադրության ֆինանսավորումն է՝ շուրջ 1,5 մլրդ դրամ բյուջեով։ Կոմիտեի ԳՀՓԿ աշխատանքներին դիմող ռազմարդյունաբերական ընկերությունները ծրագրից օգտվելու համար պետք է անցնեն բոլոր փուլերը՝ հիմնարար հետազոտություններից մինչև փորձանմուշների պետական փորձարկում։ Հակառակ դեպքում չեն կարողանա  որևէ ծրագրից օգտվել։

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյան․ «Մենք առաջարկում ենք, որ այն պարագայում, եթե հետազոտությունն արվել է, և տվյալ ընկերությունը փորձանմուշների կարիք ունի , այսինքն՝ ՓԿԱ-ներից օգտվելու անհրաժեշտություն, առաջարկում ենք օրենքով տալ այդ հնարավորությունը և համապատասխան կարգերով ստեղծել հնարավորություն բոլոր այն ընկերությունների համար, որոնք հետազոտության բաղադրիչից չեն կարողանում օգտվել, սակայն արդեն իսկ պրոդուկտի վերածման փուլում համապատասխան ֆինանսավորման անհրաժեշտություն ունեն, կարողանան այդ 4,5 մլրդ բյուջեից օգտվեն»։

  • Կարգի մշակումը պետության համար հնարավորություն կստեղծվի առանց գիտական մասի ֆինանսավորման ռիսկերի ձեռք բերել արտադրանք, որի գիտական մասը նախօրոք մշակված է, և արդյունքը պատրաստ է արտադրության։

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ, «Գիտուժ» նախաձեռնության անդամ Ավետիք Քերոբյանի խոսքով՝ արդեն չորս տարի Գլխավոր շտաբի և Ռազմարդյունաբերության լիազոր մարմնի անհամաձայնության կամ համագործակցության թերի լինելու պատճառով հետաձգվում կամ չեն անցկացնում փորձանմուշների փորձարկումները, ինչի հետևանքավ աշխատանքները ավարտին չեն մոտենում։

Նրա խոսքով՝ նորամուծությունը ողջունելի է, սակայն սրանով չի խրախուսվում նորարարությունը։ Մյուս կողմից՝ հիմա կարող են ֆինանսավորվել փոքր խմբաքանակի արտադրություն, որը կբավարարի փորձարկումների ողջ ծավալը սպասարկելու համար։  Ըստ Քերոբյանի՝ զինվորականները թերահավատորեն են վերաբերում հայկական արտադրության զինտեխնիկային։ Մի քանի հաջող օրինակ հնարավոր չէ կոտրել այդ դիմադրությունը։

 «Նախորդ չորս տարիների ընթացքում ականատես ենք եղել ընդամենը մի քանի տեղական արտադրության նմուշի սերիական արտադրության , բայց շատ հաջողված նմուշներ, ծրագրեր մնացել են ընդամենը փորձանմուշի կամ ավարտված գիտահետազոտական աշխատանքի մակարդակում և շարունակություն չեն ստացել։ Այստեղ ոչ միայն զինվորականների դժկամությունն է ընդունել սպառազինության հայկական արտադրությունն այլև նրանց ժամանակակից պատերազմի մեթոդներին անծանոթ լինելը ժամանակակից պատերազմների փորձը չափից ավելի դանդա ուսումնասիրելը, տեղայնացնելը և կիրառելը»։

Խոսքը ռադիոլոկացիան կայանների, էլեկտրաօպտիկական, լազերային սարքավորումների, վերգետնյա ռոբոտացմած համակարգերի մասին է։  Քերոբյանի խոսքով՝ ռազմական գործողությունների մասնակիցները, երբ ծանոթանում են դրանց, սկսում են լացել՝ գիտակցումից, որ եթե դրանք ունենային, ապա ընկերների կյանք կփրկվեր, կամ չէին հայտնվի անմիջական կրակային խոցման  գոտում։

«Ընդհանրապես, ԳՀՓԿ աշխատանքները կառավորության ռիսկի ախորժակն են։ Այսինքն` այն ֆինանսավորումը, որ կառավարությունը հատկացնում է և ընդունում, որ, այո, ռիսկային ոլորտ է, որովհետև ռիսկային ոլորտում պատրաստ և պատրաստակամ են փող ծախսել։ Այնինչ ականետս ենք լինում, որ այդ փողը փաստացի չի ծախսվում։ Հետևաբար, կառավարությունն ինքն իր վրա վերցրած ռիսկը որոշում է չկատարել կամ կարողություն չունի կատարելու, կամ էլ կան այլ պատճառներ»։

Ռազմարդյունաբերության ոլորտում գործող Cifora-ն ընկերության գլխավոր ճարտարագետ Լևոն Հովհաննիսյանի խոսքով՝ գործող կարգով  գոյություն ուներ մեկ ճանապարհ, ըստ որի՝ անկախ նրանից, գիտահետազոտական մասն արվա՞ծ է, թե՞ ոչ, ընկերությունը կարող էր ֆինանսավորում ստանալ պետությունից, բայց վերջնարդյունքում ունենալ փորձանմուշ, որը բավարար չէր պետական փորձարկումներն անցնելու համար։

Մյուս կողմից՝ կոմիտեն չէր կարող ֆինանսավորել ավելի մեծ քանակի փորձանմուշների արտադրությունը։ Սա հանգեցնում էր բյուջեի թերակատարմանը։ Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ առաջարկվող փոփոխությունը դրական տեղաշարժ է կայացած արտադրողների համար, իսկ փոքր ընկերությունների զարգացմանը և նոր խմբերի ձևավորմանը թերևս չի խթանի։

«Այս փոփոխությունով իրենք ասում են՝ այն ընկերությունները, որոնք արդեն իրենց ֆինանսավորումով գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական մասն արել են, այսինքն ստեղծել են մի քանի նախատիպ նմուշներ, մենք ֆինանսավորում ենք իրենց , որ ավելի շատ նմուշներ արտադրեն, անցնեն պետական փորձարկումները և հետո պետությունն իրենցից գնումներ կատարի։  Սա շատ լավ է մեծ ու կայացած արտադրողների համար, որոնք արդեն ունեն այդ գումարները նախագծային աշխատանքներ անելու համար, բայց մյուս կողմից սա շատ վատ է փոքր ընկերությունների համար, քանի նրանց պարագայում ԳՀՓԿ-ն դիտարկվում է, որպես իրենց ֆինանսավորման եթե ոչ միակ, ապա հիմնական աղբյուրներից մեկը»։

Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ եթե պետությունը ցանկանում է զարգացնել ոլորտը, ապա պետք է հաշտվի այն մտքի հետ, որ կարճաժամկետ առումով ծախսելու է մեծ գումարներ, որոնք հետ չեն վերադառնալու։ Մինչդեռ երակարաժամկետ առումով ներդրումներն առնվազն վերածվելու են նոր գիտելիքի և մարդկային կադրերի։

Փոփոխություններով առաջարկում են խաղի կանոններ սահմանել և հնարավորություն տալ ֆինանսավորել համապատասխան փորձանմուշներ։ Հաճախ պետական փորձարկումների ժամանակ ՊՆ-ն խնդիր է դնում այս կամ այն զինատեսակի փորձարկման համար ավելի շատ փորձանմուշներ կիրառել, որոնք ԳՀՓԿ բյուջեով հաստատված չեն։ Սրա հետևանքով ռազմարդյունաբերողները ստիպված են լինում նոր ներդրումներ ներգրավել, որ կարողանան ստացած պրոդուկտը տանել պետական փորձարկման։

Լևոն Հովհաննիսյան․ «Այս փոփոխությունը դրական ազդեցություն կունենա։ Մարդիկ հնարավորություն կունենան ավելի մեծ քանակի փորձանմուշներ սարքել, գուցե նաև ինչ–որ արտադրաքանակ»։

Ռազմական ապրանքի լրամասերի և բաղադրիչների ձեռքբերման ու պահուստավորման կարգի մշակմամբ հնարավոր կլինի պետությանն ապահովել ռազմական կարիքների համար մշակվող բաղադրիչներով, ինչը թույլ կտա արտակարգ իրավիճակում երրորդ երկրներից ներկրման անհնարինության դեպքում որոշակի ժամանակահատվածի համար ապահովել մշակման և արտադրության գործընթացների անընդհատությունը։

Մխիթար Հայրապետյան․ «Այսինքն՝ օրենքն ԱԺ-ում ընդունվելուց եւ ուժի մեջ մտնելուց հետո մենք մտադիր ենք համապատասխան կարգեր մշակել, որոնք հնարավորություն կտան մեզ հատկապես ճգնաժամային իրավիճակներում ապահովել որոշակի տեսակի ապրանքներ»։

Ըստ Ավետիք Քերոբյանի՝ գործող կարգերը ոչ մի կերպ չեն խանգարում ՊՆ-ին և ԲՏԱ-ին համատեղ կատարել այդ ծրագիրը։ Մինչդեռ ԲՏԱ նախարարի խոսքով՝ բյուրոկտրատական խնդիրներ կան․ պետական փորձակումների ժամանակ յուրաքանչյուր մեկ գույքի ներգրավման համար ՊՆ-ն և ԲՏԱ-ն ստիպված են լինում կառավարության որոշում ստանալ։ Առաջարկվող փոփոխությամբ երկու գերատեշչությունների համտեղ հրամանը բավարար կլինի հանձնում-ընդունում իրականցնելու համար։

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյան․ «Անգամ եթե ընկերությունն իրականացրել է, թե գիտահետազոտական մասը, թե փորձակոնստրուկտորական աշխատանքներն է կատարել, պետական փորձարկումների ժամանակ հաճախ անհրաժեշտ են լինում ավելի մեծ քանակով փորձանմուշներ։ ԳՀՓԿ բյուջեն այդ հնարավորությունը չի տվել, դրա համար, 1,4 մլրդանոց բյուջե է հաստատվել 2023-ին 2024-ի համար, որը իրավական և օրենսդրական դաշտը հնարավորություն չի տվել ծախսելու այդ բյուջեն»։

Ամիսներ առաջ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը հայտարարել էր, որ պաշտպանության նախարարությունը ավելի քան 300 մլն դոլարի պատվեր է տվել ռազմարդյունաբերական համալիրում ներգրավված 25 ընկերության: Քերոբյանի դիտարկմամբ՝ ՊՆ-ն ինչ-որ չափով անցել է իր լիազորությունները՝ ուղիղ կերպով կնքելով այդ պայմանագրերը։

«Իմ ունեցած տեղեկություններով միշտ չէ, որ ռազմարդյուանաբերության կոմիտեն տեղյակ է եղել այդ պայմանագրերից, արտադրության պատվերից, այսիքն փաստի առաջ են կանգնած եղել, կան այդպիսի դեպքեր, որոնք չեմ ուզում մատնանշել»։

Կառավարության կատարողականից տեղեկանում ենք, որ 2021-2022թթ ԳՀՓԿ աշխատանքների համար նախատեսված ֆինանսական միջոցները նպատակային չեն ծախսվել։ Մասնավորապես, 2021թ. պետական բյուջեից ԲՏԱ նախարարության «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրի համար հատկացվել էր մոտ 4 մլրդ 574 մլն դրամ, 2022-ին՝ 5 մլրդ 200 մլն դրամ։

2021 թվականի վերջին Կառավարության երկու որոշումներով «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրից գումարային կրճատվել է 2 մլրդ 576 մլն դրամ (~56%):

2024-ի այս պահի  դրությամբ Կառավարության կայքէջի  «Ինտերակտիվ բյուջե» բաժնում տեսանելի է, որ 6,9 մլրդ դրամ հատկացումից տարվա ընթացքում դեռևս ոչ մի դրամ չի ծախսվել։ Նշենք, նաև, որ արդեն մեկ ամիս է՝ Ռազմարդյունաբերության կոմիտեն նախագահ չունի։

Back to top button