Ամենամասշտաբային փոխանակումը «Սառը պատերազմից» ի վեր․ Բայդենն ու Պուտինը անձամբ են դիմավորել բանտարկյալներին
Ռուսաստանն ու Արևմուտքն իրականացրել են Սառը պատերազմի ավարտից ի վեր բանտարկյալների ամենամասշտաբային փոխանակումը։ Դրան ընդհանուր առմամբ ներգրավվել է 7 երկիր, ազատ է արձակվել 26 բանտարկյալ՝ զինվորականներ, լրագրողներ ու քաղաքացիական ակտիվիստներ։ Նրանց թվում են Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչը և Անվտանգության դաշնային ծառայության սպա Վադիմ Կրասիկովը։ ԱՄՆ-ն ավելի քան մեկ տարի փորձում էր վերադարձնել առաջինին, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ էր ցանկանում հասնել երկրորդի ազատմանը։ Ամենամեծ փոխանակման գործընթացն արդեն երկու օր միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է։ Պատմական իրադարձությանն անդրադարձել են նաև եվրոպացի պաշտոնյաները։
Պուտինը՝ Ռուսաստանում, Բայդենը՝ Միացյալ Նահանգներում անձամբ են դիմավորում փոխանակված բանտարկյալներին։ Սառը պատերազմից ի վեր ամենամասշտաբային փոխանակում անունը ստացած գործարքի մասին միջազգային ամենահեղինակավոր լրատվամիջոցները օրեր առաջ գրեցին՝ հղում անելով իրենց պաշտոնական ու ոչ պաշտոնական աղբյուրներին։
Վաշինգտոնի մերձակայքում գտնվող «Էնդրյուս» ռազմաօդային բազայում Ջո Բայդենը, ազատ արձակվածներին դիմավորելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում կարևորել է հատկապես գործընթացին աջակցած դաշնակիցների դերը։
«Նրանք ակտիվ գործեցին, մեզ համար ռիսկի դիմեցին, և դա շատ կարևոր էր։ Ես խնդրեցի նրանց անել որոշ բաներ, որոնք հակասում էին իրենց անմիջական շահերին, և որոնք նրանց համար իսկապես դժվար էր անել, հատկապես Գերմանիայի և Սլովենիայի համար»,– ասել էր Բայդենը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հայրենիք վերադարձած 8 ռուսաստանցիներին դիմավորել է հենց ինքնաթիռի թեքահարթակի մոտ։ Ազատ արձակվածների մեջ էին Գերմանիայում ցմահ ազատազրկման դատապարտված Վադիմ Սոկոլովը և ԱՄՆ-ում անազատության մեջ գտնվող Վլադիսլավ Կլյուշին։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել երդման, ձեր պարտքի և հայրենիքի հանդեպ ձեր հավատարմության համար»,- ասել է Պուտինն ու վստահեցրել, որ Ռուսաստանը ոչ մի վայրկյան չի մոռացել նրանց։ Նշվում է, որ փոխանակված զինվորականները կպարգևատրվեն պետական պարգևներով։
«Բոլորդ առաջադրվելու եք պետական մրցանակների։ Մենք նորից կտեսնենք ձեզ և կխոսենք ձեր ապագայի մասին: Այժմ ուզում եմ շնորհավորել ձեզ հայրենիք վերադառնալու կապակցությամբ»,- ասել է Պուտինը։
ԱՄՆ վերադարձածների թվում է լրագրող Էվան Գերշկովիչը։ Նա վերջին 40 տարիների ընթացքում Ռուսաստանում կալանավորված և լրտեսության մեջ մեղադրված առաջին ամերիկացի լրագրողն է։ 2024-ի հուլիսին16 տարվա ազատազրկման էր դատապարտվել։ Ազատ արձակվածներից մյուսն էլ «Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության լրագրող Ալսու Կուրմաշևան է։ Փոխանակումից երկու շաբաթ առաջ Թաթարստանի Գերագույն դատարանը 6.5 տարվա ազատազրկման էր դատապարտել նրան ռուսական բանակի մասին ապատեղեկատվություն տարածելու համար։
Ջո Բայդենը հայտարարել է, որ այս մարդկանց ազատությունն ապահոված գործարքը դիվանագիտական սխրանք էր: Ընդհանուր առմամբ, ըստ ԱՄՆ նախագահի, բանակցել են Ռուսաստանից 16 հոգու, այդ թվում՝ Գերմանիայի 5 և Ռուսաստանի 7 քաղաքացիների ազատ արձակման շուրջ, որոնք իրենց երկրում քաղբանտարկյալներ են եղել։
«Այս կանանց և տղամարդկանց մի մասը տարիներ շարունակ անարդարացիորեն բանտարկված է եղել։ Նրանք բոլորը կրել են աներևակայելի տառապանքներ և անորոշություն: Այսօր նրանց տառապանքն ավարտվել է», — ասել է Բայդենը՝ շեշտելով, որ կշարունակի աշխատել, որ ամբողջ աշխարհում անօրինական կերպով կալանավորված կամ պատանդ պահված յուրաքանչյուր ամերիկացի վերամիավորվի իր ընտանիքի հետ:
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը ավելի վաղ հայտարարել էր, որ ինքն է համակարգում կալանավորվածների լայնածավալ փոխանակումը․ աղբյուրի փոխանցմամբ ընդհանուր առմամբ 26 մարդ է ազատ արձակվել ու հայրենիք վերադարձել։ Գործընթացում ներգրավված էին 5–ից ավելի պետություններ՝ մի կողմից՝ Ռուսաստանը և Բելառուսը, մյուս կողմից՝ Միացյալ Նահանգները, Գերմանիան և Սլովենիան։
Այսօր արդեն եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներն էին խոսել լայնամաշտաբ փոխանակման մասին ու ողջունել Ռուսաստանի ու արևմուտքի քայլը։ «Հոգու մեծ թեթևությամբ Եվրամիությունն ընդունեց Ռուսաստանի և Բելառուսի կողմից մի շարք քաղբանտարկյալների, այդ թվում՝ ԵՄ քաղաքացիների ազատ արձակումը, որն իրականացվել է Թուրքիայի օժանդակությամբ», հայտարարել է Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Բանտարկյալների փոխանակումը ողջունել է նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ X-ի իր էջում նա, մասնավորապես, գրել է- «Ես ողջունում եմ ԵՄ-ից և ԱՄՆ-ից անմեղ քաղաքացիների ազատ արձակումը, ինչպես նաև Ռուսաստանում գերության մեջ գտնվող ուղղամիտ ռուս դեմոկրատներին: Կրեմլը նրանց փոխանակել է դատապարտված հանցագործների և մարդասպանների հետ»։
Փոխանակման պատմական գործընթացից հետո էլ փոխադարձ մեղադրանքների պակաս չկա։ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն, անդրադառնալով տեղի ունեցածին, հարկ է համարել նկատել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ոչ մի կապ չի ունեցել Ռուսաստանի և Արևմուտքի միջև փոխանակման կազմակերպման հետ, թեև հիմա փորձում է դրանով իր հեղինակությունն ավելացնել: