ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներՍպորտ

Խորհրդավոր ընթրիք կամ հեթանոսական խնջույք․ օլիմպիական խաղերի ամենաքննարկված 2 րոպեն

Ընթրիք կամ փառատոն, որ զայրացրեց Թուրքիայի նախագահ Էրդողանին, Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, Իլոն Մասկին։ Փարիզի օլիմպիական խաղերը դեռ սպորտային ռեկորդներ չեն գրանցել, սակայն հավակնում են դառնալ ամենաքննարկվածներից մեկը․ պատճառը ոչ թե սպորտն է, այլ ֆրանսիացիների լայնախոհությունը։ Խաղերի բացման ժամանակ բեմադրված տեսարանը հիշեցնում է աստվածաշնչյան խորհրդավոր ընթրիքը, բայց կազմակերպիչները լրիվ այլ, կարելի է ասել՝ հակառակ թեմա էին բեմադել։ Խաղերի բացման հաջորդ օրը արարողության ղեկավար Թոմաս Ջոլին լրագրողներին ասել է՝ ոչ թե քիստոնեական ընթրիք, այլ հեթանոսական խնջույք էր բեմում։

«Ինձ թվում է, որ ամեն ինչ լիովին ակնհայտ է՝ Դիոնիսոսը հայտնվում է սեղանի շուրջ։ Նա այստեղ է, քանի որ նա տոնակատարության, գինու աստվածն է և Սեն գետի աստվածուհու՝ Սեկվանայի հայրը: Գաղափարն ավելի շուտ կայանում էր նրանում, որ մեծ հեթանոսական փառատոն լինի՝ կապված Օլիմպոսի աստվածների՝ օլիմպիզմի հետ»։

Բայց աշխարհն ասվածը ոչ թե փաստ, այլ արդարացում է որակում։ Հակառակ բեմադրիչների՝ Թուրքիայի և Իրանի առաջնորդները, օրինակ, քրիստոնյա չլինելով հանդերձ, քննադատել են տեսարանը՝ պնդելով, որ այն նմանակում-ծաղրանք է Քրիստոսին ու նրա աշակերտներին։ Էրդողանը խոստացել է առաջին հնարավոության դեպքում զանգել Հռոմի պապին ու քրիստոնյաների անունից բողոքել։ Իսկ Փարիզ չմեկնելու «ճիշտ» որոշումը նրան հուշել է 13-ամյա թոռնուհին։

«Մակրոնն ինձ հրավիրել էր Օլիմպիական խաղերի բացմանը, ես ասացի, որ հնարավոր է՝ գամ: Բայց 13-ամյա թոռնուհիս ինձ ասաց. «Պապի՛կ, մի՛ գնա այնտեղ»: Ես հարցրեցի՝ ինչո՞ւ, նա պատասխանեց. «Այնտեղ ԼԳԲՏ քարոզչություն է լինելու»: Հետո նա ինձ տեսանյութ ցույց տվեց: «Լա՛վ, թոռնի՛կս, չեմ գնա», — ասացի ես»։

Տեսարանի գլխավոր դերակատարը դիջեյ, դերասանուհի, ԼԳԲՏ համայնքի ակտիվիստ Բարբարա Բուչն է։ Նրա գլխին դրված մեծ թագը նմանեցվել է Քրիստոսի գլխի լուսապսակին։ Դերասանուհու հասցեին քննադատություններից ու սպառնալիքներից հետո նրա փաստաբանը հայտարարել է՝ դերասանուհին դատական կարգով կհետապնդի ցանկացածին, ով կասկածի տակ կդնի վերջինի արժանապատվությունն ու բարի համբավը։ Օլիմպական խաղերի խոսնակ Էնն Դեսկամը պնդել է, որ «որևէ կրոնական խմբի անարգելու մտադրություն չի եղել»։ Նրա խոսքով, բացման արարողության թեմատիկան պետք է խթաներ հասարակության մեջ հանդուրժողականությունը․

«Մենք երջանիկ ենք, որ ապրում ենք լայնախոհ ու ազատ Ֆրանսիայում։ Կարծում ենք՝ նպատակն իրակնացվել է։ Եթե մադիիկ կան, որ ինչ-որ բանից վիավորվել են՝ շատ ենք ցավում»։

Պոլսի Հայոց պատրիարք Սահակ աքեպիսկոպոս Մաշալյանն այնքան է վիրավորվել տեսարանից, որ հրապարակած տեսաուղերձով հայտնել է՝ չի դիտելու խաղերը, անգամ՝ հայ մարզիկների ելույթները․

«Ես որպես պատրիարք չեմ ուրախանա, նույնիսկ երբ հայերը ոսկե մեդալ նվաճեն, որովհետև մարզանք չէ այդ ամենը, դա միջազգային խաղաղությունը կերտող շարժում չէ, եթե այդպես լիներ, կրոնի հետ ի՞նչ գործ ունեին։ Ամեն ինչ անում են քրիստոնեության դեմ և քիրստոնյաները լուռ են մնում, ձայն անգամ չեն հանում՝ հանուն Աստծո»։

Մաշալյանը Օլիմպիական միջազգային կոմիտեին նամակ է գրելու, որ պահանջի հարգել բոլոր կրոնները։ Նրա խոսքով՝ քրիստոնյաներն ամենահանդուրժողներն են, իսկ աշխահն օգտվում է դրանից։ Պատրիարքը բոլորին կոչ է անում բոյկոտել խաղերը․

 «Աշխարհի այս վատ ընթացքի մեջ շատ բան չենք կարող փոխել, բայց պիտի ճշտենք մեր հավատքը»։

Աշխարհի բոլոր քրիստոնյաներից ներողություն է խնդրել նաև Եվրախորհրդարանի ծայրահեղ աջ պատգամավոր Մարիոն Մարեշալը։ Իտալիայի փոխվարչապետը տեսարանը որակել է անճաշակ և վիրավորական։ Արշավից հետ չի մնացել Իլոն Մասկը՝ խստորեն քննադատելով տեսարանը։ Իրանի հոգևոր առաջնորդը X-ում գրել է․ 

«Հիսուս Քրիստոսի հանդեպ ակնածանքը անհերքելի, միանշանակ հարց է մահմեդականների համար: Մենք դատապարտում ենք բոլոր կրոնների սրբերի, ներառյալ Հիսուս Քրիստոսի դեմ այս վիրավորանքները»։

Այս պատմության հերոսները 18 դերասաններն են։ Ժամանակակից ու լայնախոհ ֆրանսիացիները նստել են երկար սեղանի շուրջ։ Կենտրոնում՝՝ թագը գլխին Բարբարա Բուչն է եղել, նկարահանվել է նաև դերասան Ֆիլիպ Քեթրինը՝ կիսամերկ ու ամբողջությամբ կապույտ ներկված։ Ըստ կազմակերպիչների՝ նա մարմնավորել է Դիոնիսոսին՝ հունական գինու և հաճույքների աստծուն։

Back to top button