Լրացուցիչ եկամուտնե՞ր, թե՞ բեռի նվազեցում․ ինչո՞ւ է կառավարությունը հրաժարվում եկամտային հարկի վերադարձից
Տարեցտարի ավելանում են եկմատային հարկի վերադարձից օգտվող շահառուները, որոնք առաջնային շուկայից բնակարաններ են ձեռք բերում։ Ինը տարվա ընթացքում վերադարձվող գումարներն ավելացել են մի քանի անգամ։
Եթե 2015-ին դա շուրջ 273 մլն դրամ էր, ապա այս տարի ակնկալվում է, որ վերադարձվող գումարը մոտ 72 մլրդ դրամ կկազմի։ Ուստի կառավարությունն աստիճանաբար, փուլային տարբերակով դադարեցնում է ծրագիրը։
2029 թվականից այն կգործի միայն սահմանամերձ բնակավայրերում։ Դեռ պաշտոնական որևէ հայտարություն չկա, նախագիծ՝ նույնպես, բայց hetq.am-ի հրապարակած աշխատանքային փաստաթղթում առաջարկվում է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում և հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով վերադարձված գումարները հարկել եկամտային հարկով։
Կառավարությունը ոչ թե հրաժարվում է եկամտային հարկի վերադարձից, այլ քայլեր են արվում նախ՝ դանդաղեցնելու, ապա նոր ծրագրերի դեպքում հետ քաշելու այդ ծրագրի կիրառումը։ Դանդաղեցումը նախ՝ Երևանի վարչական շրջաններում սահմանափակելն էր, դեպի մարզեր ուղղելը, իսկ 2029-ից արդեն վերադարձի դրույթի պահպանումը միայն սահմանամերձ համայնքներում։
Տնտեսագետ Նարեկ Կարապետյանը հիշեցնում է՝ ներկա կարգավորման շրջանակում վերադարձի դրույթը պահպանվելու է բոլոր շահառուների համար։ Բայց, ընդհանուր առմամբ, այս դրույթը բեռ է բյուջեի համար։ Երբ 2015-ին ծրագիրը սկսվեց, վերադարձվող գումարը բավականին քիչ էր։
«2015-ին դա մի քանի հարյուր միլիոն դրամ էր, 2016-ին՝ մոտ 1 մլրդ դրամ, 2017-ին՝ 2-3 մլդր դրամ։ Հետո սկսեց երկրաչափական պրոգրեսիայով ավելանալ, 2023-ին՝ մոտ 51 մլրդ դրամ ուղղվեց պետական բյուջեից եկամտային հարկի վերադարձին։ Այս տարի ակնկալվում է, որ մոտ 72 մլրդ դրամ կուղղվի եկամտային հարկի վերադարձին»։
Այս ցուցանիշն աճելու միտում ունի։ Իսկ քայլերը, որոնք իրականացվում են, փորձում են ազդել աճող արագության վրա։ Բայց առաջիկա տարիներին կառավարությունը շարունակելու սպասարկել է ֆիսկալ ծախսերը՝ 50-70 մլրդ դրամի շրջանակում։ Այն պահից, երբ ծրագիրը դադարի, մոտ 10 տարի էլ կանցնի, նոր բյուջեի ծախսերը կկրճատվեն։ Արդյո՞ք սա ենթադրում է բյուջեի եկամուտների խնայողություն կամ եկամուտների ավելացում։
«Այսօրվա փողը ավելի թանկ է, քան վաղվա փողը։ 50 մլրդ դրամը այսօր մեզ համար ավելի մեծ արժեք ունի, քան 10 տարի հետո։ Գնաճ է տեղի ունենում, պետական բյուջեն մեծանում է, ՀՆԱ-ն մեծանում է, ըստ այդմ 50 մլրդ դրամի խնայողությունը տոկոսային առումով մենք ավելի քիչ կզգանք, քան նրա ներկայությունը ներկայում»։
Նախաձեռնությունը երկու՝ տնտեսական ու սոցիալական բաղադրիչ ուներ։ Նախ՝ 2009-ի ֆինանսական ճգնաժամից հետո շինարարության ոլորտը ծանր վիճակում էր։ Ոլորտի՝ ստագնացիայի մեջ գտնվելու պատճառով շատերը արտագնա աշխատանքի գնացին, քանի որ պարզապես աշխատատեղեր չկային շինարարության ոլորտում։ Քաղաքաշինական ու սանիտարական տեսնակյունից կիսատ շենքերը խնդիրներ էին առաջացրել։ Եվ սկսեց կիրառվել օրենսդրական նախաձեռնությունը, որն ընդլայնվեց 2017-ից սկսած։ Բնակարանների պահանջարկը սկսեց մեծանալ՝ իր հետ բերելով շինարարական բումի։ Բայց պետք է հաշվի առնել, որ նման ծրագրերը չեն կարող երկարաժամկետ լինել՝ ասում է տնտեսագետը։ Արդարացվեց նպատակը, թե՞ ոչ։
«Տնտեսական նպատակն արդարացվեց, սոցիալական նպատակը՝ իրականում չեմ կարծում, քանի որ ինքը բազմաթիվ ընտանիքների հնարավորություն տվեց բնակարան ձեռք բերել, բայց, այնուամենայնիվ, այդ ծրագրից անհամաչափ ձևով օգտվում են բնակչության տարբեր խավերը։ Օգտվում են ավելի շատ միջին ու բարձր շերտերը, քան ցածր շերտը, ինչը նշանակում է վերաբաշխում ունեցավ հասարակության՝ բոլորից դեպի ավելի բարձր եկամուտ ունեցողի՝ պետական բյուջեի միջոցներից, ինչը սոցիալական նպատակ դժվար է համարել»։
Օրենսդրական նախաձեռնությունն ավելի շատ դրական ազդեցություն ունեցավ՝ արձանագրում է ՀՊՏՀ Մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Սոս Խաչիկյանը։ Նրա դիտարկմամբ՝ շինարարության ոլորտում առաջընթացն ակնհայտ էր։ Միաժամանակ տնտեսագետը նկատում է․
«Դրական ազդեցություն ավելի շատ ունեցավ բարձր եկամուտ ստացողների համար։ Քանի որ բարձր աշխատավարձ ստացողներն այս դեպքում շատ ավելի մեծ չափով շահեցին։ Բացասականն այն է, որ ամեն ինչ կենտրոնացավ Երևանում։ Մարդիկ անշարժ գույք գնում էին Երևանում։ Հետագա փուլերի համար պետք է ծրագիրն ակտիվացնել մարզերում»։
Մինչև 2029թ դեռ ժամանակ կա, ուստի շինարարության ոլորտն ավելի շատ կզարգանա մարզերում։ 2015թ առաջնային շուկայից բնակարան գնելիս հիպոթեքի տոկոսների վճարմանն է ուղղվում պետական բյուջե վճարվող եկատմային հարկը։ Դեռ պաշտոնական որևէ հայատարություն չկա, նախագիծ՝ նույնպես, բայց hetq.am-ի հրապարակած աշխատանքային փաստաթղթում առաջարկվում է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում և հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի վճարած տոկոսների գումարների չափով վերադարձված գումարները հարկել եկամտային հարկով։ Նախագծի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ դեռ չկան։ Իրավական ակտերի միասնական հարթակում նույնպես նախագիծը ներառված չէ։