ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Թուրքիան անկեղծ չէ, երբ խոսում է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու մասին․ Աշոտ Մելքոնյան

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի հատվածում հանդիպել են Հայաստանի ու Թուրքիայի բանագնացները՝ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը։ Սա նրանց հինգերորդ հանդիպումն է։ Առաջինը տեղի էր ունեցել Մոսկվայում ՝ 2021թ-ին, հաջորդ երեքը Վիեննայում էին։  Երկու տարվա դադարից հետո այսօր կայացած հանդիպման ժամանակ վերահաստատվել է նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարիմ մնալու և առանց նախապայմանների առաջ շարժվելու կարևորությունը։ Չնայած այս ամրագրումներին՝  փորձագետները թերահավատ են Անկարայի  անկեղծության հարցում և հիշեցնում են հայ-ադրբեջանական օրակարգին փոխկապակցված թուրքական նախապայամանները ։

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հինգերորդ հանդիպումը  տեղի  է ունեցել երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցակետի հատվածում։ ՀՀ արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ երկու երկրների բանագնացները վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։  Նրանք պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։ Ընդգծվում  է, որ Ռուբինյան-Քըլըչ հանդիպման ընթացքում շեշտվել է  կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը՝ լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։

ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի կարծիքով՝  հաղորդագրությունը բավարար չէ հանդիպումը գնահատելու համար։ Քանի որ այն փակ ձևաչափով է տեղի ունեցել՝ շատ բան պարզ չէ՝ ասում է։ Մելքոնյանը  կարևորում է կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը, բայց չի հավատում Թուրքիայի անկեղծությանը։  Զուգահեռ հայտարարություններն այլ բանի մասին են վկայում՝ ասում է։

«Մի կողմից Թուքիան, Ադրբեջանը խոսում են «Խաղաղության պայմանագրի», մյուս կողմից՝ հարաբերությունները բարելավելու մասին, ընդ որում՝ առանց նախապայմանի, ինչպես տվյալ դեպքում։  Նախապայմաններն  անընդհատ բերում են օրակարգ, օրինակ՝ «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը, կամ իբր Հայաստանի կողմից օկուպացված բոլոր գյուղերի վերադարձի խնդիրը՝ մոռացության տալով Արծվաշենի, Սոթքի, Ջերմուկի, Բերքաբերի շրջանի գրավված տարածքների խնդիրը։ Թուրքիան որքան էլ ասում է, թե  նախապայմաններ չկան, օրակարգում միշտ էլ նախապայմանները կան։ Թեկուզ այն, որ թուրքերը խնդիրը միշտ կապում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքնելու հետ, դա արդեն ամենախոշոր նախապայմանն է։ Էլ չեմ ասում, որ անընդհատ խոսվում է, որ Հայաստանը պետք է սահմանադրություն փոխի, նախաբանից հանի 1990 թ․ անկախության Հռչակագիրը։ Կամ ասենք Հայաստանի զինանշանից հանի Արարատի պատկերը և այլն»։

Ռուբինյանի ու Քըլըչի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել ավելի քան 2 տարի առաջ՝ 2022 թվականի հուլիսի 1-ին՝ Վիեննայում: Շուրջ այդքան ժամանակ էլ  խոսվում է դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար վիզային ընթացակարգերը հեշտացնելու և երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանը բացելու մասին։ Այդ ուղղություններով, սակայն, երկու տարի  առաջընթաց չկա։

«Առաջին օրվանից կատեգորիկ դեմ եմ եղել երրորդ երկրների քաղաքացիների առաջ սահմանը բացելուն, որը մեզ մատուցել է թուրքական կողմը։ Խնդիրն այն է, որ սիրիական պատերազմի ժամանակ միլիոնավոր սիրացի փախստականներ հայտնվել են Թուրքիայի տարածքում, որոնց պահելու, կերակրելու պատրվակով միլիոնավոր դոլարներ են տրամադրվել Թուրքիային, հիմա այդ գումարները վերջացել են և քանի որ Եվրոպան Թուրքիային նորից գումար տրամադրելու ցանկություն և մտադրություն չունի՝ թուրքերը շատ հավանական է, որ այս ծրագիրը ուղղորդեն՝ Հայաստան, որը շատ վտանգավոր է։ Այսինքն՝ բարեկամ Սիրիայի քաղաքացիները, որոնք այժմ գտնվում են Թուրքիայում, վաղը կարող են հայտնվել Մարգարայի կամրջի աջ ափում։ Դուք պատկերացնում եք թե ի՞նչ կարող է Հայաստանի հետ լինել, ես նման զարգացումները չեմ բացառում, դրա համար էլ պետք է շատ զգույշ լինել»։

Այն, ինչ տեսնում ենք հանդիպումների ձևով, գործընթացի  ցուցադրական կողմն է՝ համոզված է զրուցակիցս։

Քաղաքական վերլուծաբան  Հակոբ Բադալյանը, մինչև Հայասատանի ու Թուրքիայի բանագնացների հանդիպումը տելեգրամյան իր ալիքում, անդրադառնալով երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու մասին հայտարարություններին, պարզաբանել  էր՝ հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելը դեռ չի նշանակում  հայ-թուրքական սահմանի բացում, դա այսպես ասած «Միջին միջանցքի»  բացում է՝ ըստ վերլուծաբանի, քանի որ սահմանի երկկողմ բացումն այն է, երբ այդ սահմանով կապվում են տվյալ երկու երկրները: Մինչդեռ, երբ բացվում է սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ապա այդ պարագայում ընդամենը Հայաստանն է բացվում որպես Կենտրոնական Ասիայից Ադրբեջանով դեպի Թուրքիա և Միջերկրական ծով երթուղու համար:

Back to top button