ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Պատրաստ է Երևանի նոր գլխավոր հատակագիծը․ քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը

Երևանի նոր գլխավոր հատակագիծը պատրաստ է․ 4 տարի անց մայրաքաղաքը նոր ճարտարապետական փաստաթղթի նախնական տարբերակն արդեն ունի, այն այժմ փորձաքննություն է անցնում, առաջիկայում կներկայացվի ավագանու ու կառավարության քննարկմանը։ Հերթական գործակարգավարական խորհրդակցությանն ամփոփվել են նաև ճանապարհների նորոգման, փողոցների՝ անպիտան գույքից մաքրման, ինչպես նաև մանկապարտեզների անվտանգությունը ուժեղացնելու մեխանիզմերը։ 

Երևանյան մանկապարտեզներում անվտանգության նպատակով տեսախցիկներ կտեղադրվեն․ Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց՝ գործընթացն արդեն գնումների փուլում է։ Ավելի վաղ քաղաքապետարանը հայտնել էր, որ մայրաքաղաքում 162 մանկապարտեզներից շուրջ 4 տասնյակում տեսախցիկներ տեղադրված են։ Քաղաքապետը հանձնարարել էր այդ ցուցանիշը 100 տոկոսի հացնել։

«Բոլոր մանկապարտեզները պետք է հագեցած լինեն տեսախցիկներով, որոնք պետք է ունենան հասանելություն մի քանի անձի։ Քաղաքապետարանում պետք է համոզված լինեն, որ մանկապարտեզներում մենք ունենք երեխաների համար բարենպաստ միջավայր»,– ասել էր Ավինյանը։

Ավարտվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները, այժմ այն շրջակա միջավայրի նախարարությունում փորձաքննություն է անցնում՝ տեղեկացնում է «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Սեդոյանը։ Քաղաքապետն էլ հանձնարարում է՝ գործընթացն այնպես կազմակերպել, որ հնարավոր լինի արդեն իսկ սեպտեմբերին գլխավոր հատակագիծը ներկայացնել ավագանու քննարկմանը։

«Առաջիկայում նաև հանրային լսումներ, որից հետո կամփոփենք և փաթեթը կներկայացնենք քաղաքաշինության կոմիտե։ Փորձել ենք ամենասուղ ժամկետներում կատարենք աշխատանքը, կարծում եմ՝ ակնկալվող ժամկետը հենց սեպտեմբերն է, մենք նաև միջգերատեսչական եզրակացությունները, կարծում եմ, կհասցնենք արդեն ունենալ»,– ասում է Անդրանիկ Սեդոյանը։

Մայրաքաղաքի գլխավոր հատակագիծն առաջին հերթին պետք է ընդունի կառավարությունը, դրանից հետո միայն Երևանի ավագանին կհաստատի ճարտարապետական մայր փաստաթուղթը։

Երևանի առաջին գլխավոր հատակագիծը սահմանվել է 1856թ,1924-ին արդեն գոյություն ուներ մայրաքաղաքի՝ Ալեքսանդր Թամանյանի հեղինակած հատակագիծը, որն այն ժամանակ կոչվում էր Երևանի զարգացման և կարգավորման հատակագիծ։ Երևանը Խորհրդային Միության առաջին քաղաքներից մեկն էր, որն ուներ գլխավոր հատակագիծ։ Երևանի վերջին գլխավոր հատակագիծը հաստատվել է 2005-ին։ Այն պետք է կիրառվեր 15 տարի՝ մինչև 2020-ը։ Ամեն տարի դրա գործածությունը երկարաձգվում է, քանի դեռ նորը չկա։ Քաղաքային իշխանությունը պարբերաբար խոստանում էր արդեն այս տարի ունենալ նոր գլխավոր հատակագիծ։

«Հենց հաստատվելու հաջորդ օրվանից սկսած, մենք պետք է սկսենք աշխատել գլխավոր հատակագծի թվայնացման ուղղությամբ, GIS քարտեզներում տեղակայման ու հետագա, առաջին հերթին ճանապարհային ցանցի աշխատանքների վրա պիտի կենտրոնանանք, և արդեն որոշակի պարբերականությամբ, բայց անընդհատ պետք է գլխավոր հատակագծի վրա աշխատանքներ իրականացնենք»։

Մայրաքաղաքի նոր վերանորոգված փողոցներում նոր որակի գծանշումներ են արվում․ տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը մանրամասնում է՝ Գալշոյան, Ավիետիսյան և Սևակի փողոցներում արդեն իսկ իրականացվել են աշխատանքները, առաջիկայում գծանշումներ կունենան նաև ընթացիկ վերանորոգվող փողոցները։

«Միջին նորոգման աշխատանքները շարունակվում են, մասնավորապես, Աջափնյակ վարչական շրջանում՝ Լենինգրադյան փողոցում, Քանաքեռ– Զեյթուն շրջանում՝ Բաբայան փողոցում իրականացվում են ֆրեզավորման աշխատանքներ։ Էրեբունի վարչական շրջանում Աթոյան փողոցում ասֆալտապատման աշխատանքները ավարտված են։ Հայտնում եմ, որ փոսային նորոգման աշխատանքները շարունակվում են Աջափնյակ, Էրեբունի, Մալաթյա– Սեբաստիա, Դավթաշեն, Նոր Նորք և Ավան վարչական շրջաններում»,– ասում է Շինարարության ու բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Արմեն Հարությունյանը։

Քաղաքապետարանը նաև սկսել է մայրաքաղաքի փողոցներն ազատել անպիտան «կմաղքացած» տրանսպորտային միջոցներից։ 3 տասնյակից ավելի անպիտան մեքենա և 8 տասնյակից ավելի այլ իրեր են հեռացվել փողոցներից։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձանագրում է՝ այս աշխատանքները շարունակական կլինեն, դրանց կհաջորդեն նաև մասնավոր օբյեկտների հարակից տարածքներում մայթեր կառուցելու աշխատանքները։

Կարդացեք նաև

Back to top button