
Հուլիսի 26-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի աշխատակցուհին ծեծում մի երեխայի։ Դեպքը տեղի է ունեցել երկու ամիս առաջ՝ մայիսին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դաստիարակին ձերբակալելու որոշում է կայացվել։ Իրավապաշտպան համայնքը, սակայն, չի կարծում, որ խնդիրը լուծում է ստացել։ Մենք, ասում են, խոսում ենք միայն մեկ հանրայնացված դեպքի մասին, այնինչ բազմաթիվ դեպքեր շարունակվում են կատարվել մանկավարժների ձեռամբ, տնօրենների լուռ համաձայնությամբ, երեխաների լռության կամ անօգուտ օգնության կանչերի ուղեկցությամբ։
Երեխային ծեծող դաստիարակը ձերբակալվել է․ այս նախադասության առաջին մասը հասարակությանը երկու օր է՝ տխրության կամ զայրույթի, երկրորդ մասը՝ վերականգնված արդարության զգացման մեջ է պահում։ Այնինչ իրավապաշտպանները տարակուսում են․ արժե՞ արդյոք ուրախանալ, որ 2 ամիս առաջ տեղի ունեցած բռնության դեպքը նոր է հանրայնացվում, որ դրան առաջինն արձագանքում է իրավապահ մարմինը, ոչ թե, օրինակ, մանկապարտեզի տնօրենը, հոգաբարձության ու խնամակալության հիմնադրամը, սոցիալական աշխատողը, ծնողը, այլ կերպ ասած՝ երեխային մոտ կանգնած մարմինները։
Երեխաներին համատարած չենք լսում՝ կարծում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը․
«Շատ հաճախ ասում են՝ դե, ես էլ եմ բռնություն կիրառում, մի մամա էլ դաստիարակն է։ Բռնության համատարած թույատրությունը և երեխաների լեզվով չխոսելը, իրենցով չզբաղվելը, իրենց փոխադարձ համագործակցության դաշտ չբերելը, այլ պատիժներով և լռեցնելով դաստիարակելը մեզ բերելու է մի հասարակություն, որտեղ համատարած է լինելու բռնության թույլատրելիությունը։ Եթե այս դրվագը համացանցում չհայտնվել, այս բռնությունը շարունակվելու էր, ինչպես և շարունակում է տարբեր տեղեր։ Սա եզակի օրինակ չի»։
Ուրախ երեխային ճանապարհում ենք մանկապարտեզ, հետ է գալիս տխուր, ինքնամփոփ ու վախեցած։ Ուրախ երեխան հաջորդ օրը չի ուզում գնալ մանկապարտեզ։ Ասում է՝ ինչ-որ բաներ, որոնք վերագրում ենք մանակական քմահաճույքին, չենթարկվելու փորձին, ինչին ասեք․ իսկ երեխան իրականում օգնություն է խնդրում։
Նման դեպքերը, ըստ Զարուհի Հովհաննիսյնաի, շատ են, և դրանց մասին ամիսներ անց համացանցից չտեղեկանալու համար ընդամենը փոքր-ինչ ավելի ուշադիր լինել է պետք․
«Ծնողը կարող է անտեսել, ասել՝ դե լավ հիմա, հասարակություն է մտել, փոփոխությունը բնական է։ Բայց դա բնական չի, որովհետև ինքը գնացել, սոցիալիզացվել է իր տարիքայիւն խմբի հետ ու պիտի ավելի բաց լինի, ուրախ լինի, որովհետև իր հասակակիցների հետ շփվեիս միայն դրական փոփոխություններ պետք է լինեն, ու մանկավարժն այն անձն է, որը պիտի բացի ավելի շատ երեխային։ Նրան մենք վստահում ենք ամենաթանկը՝ մեր երեխային»։
Վիկտորյա Ռստակյանի երեխաներին բռնության են ենթարկել 4 տարի առաջ։ Երեխաները խոսել են, ծնողը՝ լսել։ Սակայն դաստիարակը մինչև հիմա՝ 4 տարի անց էլ, դեռ չի պատժվել․
«Զույգ բալիկներ ունեմ։ 2.5 տարեկան էին, ամեն մեկը պատմում էր, որ մյուսին էր ծեծում, դաստիարակը ասել էր՝ չասես, որ քեզ ծեծում եմ, բայց չէր ասել, որ չասես, որ քուրիկիդ էլ եմ ծեծել, գալիս պատմում էին։ Իհարկե, ժխտեց և տնօրենը, և դաստիարակը, և մենք փորձեցինք հասկանալ՝ ինչ է կատարվում, քանի որ շատ դժվար իրավիճակ էր, իրենք անպայման պետք է հաճախեին մանկապարտեզ։ Պարզվեց, որ հազիվ խոսող երեխաները ճիշտ էին ասում։ Մեկ տարի տևեց նախաքննությունը, և երեք տարի դատական գործընթացները, կարծես թե նոր-նոր վերջը երևում է, երեք տարվա ընթացքում հազիվ կարողացել ենք վկաներին հավաքել իրար գլուխ, որ վկայությունները տան, կենկրետ մանկապարտեզի տնօրենին մոտ կես տարի հնարավոր չէր լինում բերել դատարան, որ վկայություն տա»։
Իրավապաշտպանը այս դեպքում մի քանի խնդրահարույց կետեր է տեսնում, որոնք, ըստ իր դիտարկումների, բնավ եզակի չեն․
«Ծնողն ասում է, որ շատ դժվար էր նախակրթարանի տնօրենին բերել դատարան, այնինչ ինքն առաջինը պետք է շահագրգիռ լինի, որ երեխաները ապահով ձեռքերում լինեն։ Համատարած երեխայի իրավունքը խախտելու թույլատրելիություն է։ Բայց էս երեխաների մոտ նոր-նոր աշխարհընկալումը ձևավորվում է, կարող է լինել խոսքի խաթարում, վստահությունը ամբողջովին խաթարվելու է մեծահասակաների նկատմամբ, բայց իրենք դա չեն դիտարկում, դիտարկում են՝ ինչպես ծածկել հանցագործությունը և ինչպես սկսել նոր բիզնես։ Դա բիզնես ա դիտարկվում»։
Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ այստեղ առաջնային է մանկավարժների որակավորմանը, վերապատրաստումներին հետևելը։ Հասարակական սխալ պատկերացումները ամրապնդված են այն մարդկանց մեջ, որոնց մոտ ուղարկվում են երեխաները՝ արտաքին վտանգներից պաշտպանված աշխարհը ճանաչելու ու ավելի շատ սիրելու ակնկալիքով։
Բացահայտված դեպքերին պոստ-ֆակտում արձագանքում է նաև ՄԻՊ-ը, որի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանը նշում է՝ կանխարգելման մեխանիզմներ մշակված են։ Գործում են դրանք, թե ոչ, հարցի մյուս կողմն է։
«Այս տարի ընդունվել է 479-ը հրամանը, որի շրջանակում հստակ նշած են այն գերատեսչությունները, որոնք ունեն հստակ պարտավորություն արձագանքելու երեխայի նկատմամբ բռնությանը և համագործակցելու իրար հետ։ Նաև ուղեցույց մշակվեց ԿԳՄՍ նախարարության կողմից՝ դպրոցներում ինչպես պետք է բացահայտել։ Սակայն մեր մշտադիտարկումները ցույց են տվել, որ շատ դպրոցներ դեռևս տեղյակ չեն կարգի մասի, տեղյակ չեն, որ իրենք պետք է ունենան հատուկ առանձնացված մասնագետ, ով պետք է զբաղվի այս հարցերով, ինչպես պետք է արձագանքենք այս դեպքերին, այսինքն՝ ունենք նաև իրազեկվածության պակաս այս պահին»։
Անհասկանալի է, թե ինչպես է մանկավարժը բռնության հանդիպելիս տարակուսում՝ ինչպես վարվել, այն էլ իրազեկվածության պակասի պատճառով, սա կրկին հասարակության մեջ արմատացած՝ դե մի ապտակը դաստիարակության ձև է պատկերացման արտացոլումն է՝ ասում է իրավապաշտպանն ու ահազանգում՝ հատուկենտ հանրայնացվող, սակայն ավելի հաճախ տեղի ունեցող նման դեպքերից շարունակելու ենք ողջ ազգով ցնցվել, եթե չաշխատենք այս պատկերացումների դեմ։




