ԿարևորՀասարակություն

«Աղջիկներին շատ հաճախ ընդամենը վստահությունն է պակասում»․ Ժաննա Անդրեասյան

Հ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է FemInno կանանց նորարարական միջազգային համաժողովի մեկնարկային միջոցառմանը։

Երրորդ անգամ անցկացվող համաժողովը կրում է GenAI in Action: Big Data, Big Impact (Գեներատիվ արհեստական բանականություն, մեծածավալ տվյալներ, մեծ ազդեցություն). խորագիրը և նպատակ ունի Հայաստանում բիզնեսի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում ներկայացնել կանանց տաղանդն ու նպաստել նրանց զորեղացմանը, ինչպես նաև կանանց կապել տեխնոլոգիաների հետ՝ խթանելով նրանց շրջանում այս ոլորտի հանդեպ հետաքրքրվածությունը։ Այս տարի կոնֆերանսի ընդհանուր թեման արհեստական բանականությունն է։

«Համոզված եմ՝ մեր աղջիկներին շատ հաճախ ընդամենը վստահությունն է պակասում: Նմանօրինակ միջավայրերը, որտեղ հնարավորություն կա տեսնելու ուժեղ կանանց, լսելու նրանց հաջողությունների մասին և ստեղծելու համագործակցության հեռանկարներ, վստահ եմ՝ թույլ կտան հաղթահարել սեփական վախերն ու գնալ մեծ երազանքների հետևից: Սա նաև կրթության անելիքն է, որին մենք հանձնառու ենք մեծ պատասխանատվությամբ:

Չորս տարի առաջ այս օրերին մենք քննարկում էինք Հանրակրթության նոր չափորոշիչը, իսկ այսօր արդեն խոսում ենք դրա արդյունքների մասին: Հանրակրթության նոր չափորոշիչը, որի հատուկ շեշտադրումն է ԲՏՃՄ ուղղությունների զարգացումը, արդեն փորձարկվել է և այժմ փուլային եղանակով տեղայնացվում է ՀՀ բոլոր դպրոցներում։ Չափորոշչի փորձարկման անկախ գնահատման արդյունքները ցույց են տալիս, որ այն գենդերազգայուն է և աղջիկներին խրախուսում է սովորել ԲՏՃՄ առարկաները, գրանցել հաջողություններ և շարունակել իրենց ուսումնասիրությունները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության գործադրած ջանքերը՝ մասնավորապես կրթական ենթակառուցվածքների բարելավման, ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման և խրախուսման ուղղությամբ:

Կարդացեք նաև

Back to top button