
Խորհրդային Հայաստանի բնակարաններում կենցաղի անբաժան մաս դարձած հախճապակե առարկաները Երևան քաղաքի պատմության թանգարանում ցուցանմուշներ են դարձել։ Դրանք պատմում են ոչ միայն կենցաղի, այլև ժամանակին արդյունաբերության առաջատար արտադրական միավորման գործունեության մասին։ Նմուշների մեծ մասը գիտական խումբը հավաքել է Արտաշատից, որտեղ միավորման մասնաճյուղն է գործել։ Ֆոնդը շարունակում է ընդլայնվել` ցուցադրության այցելուները նոր նվիրատվությունների հաշվին։
Ժամանակին վարդագույն մայրաքաղաքի տուֆե նորակերտ շենքերում կենցաղին «համ ու հոտ» էր տալիս երևանյան հախճապակին։ Արձանիկները, ծաղկամանները, զարդատուփերն ու կենցաղային սպասքը 1947-1988թթ.-ին արտադրում էր Երևանի հախճապակու գործարանը։
2003թ.-ից Երևանի պատմության թանգարանի գիտական բաժինը գիտաշավներ է իրականացրել՝ չպահպանված արխիվով գործարանի պատմությունը «վերստեղծելու» համար։ Հավաքվել են արտադրական մի քանի հարյուր նմուշներ, բացառիկ լուսանկարներ, պատմական վկայություններ։ Այս պահին էլ «Խորհրդային Երևանի ճենապակե պատմությունը» խորագրով ժամանակավոր ցուցադրության շնորհիվ ֆոնդը մեծանում է․ այցելուները նոր նմուշներ են նվիրաբերում՝ ասում է թանգարանի նորագույն պատմության բաժնի վարիչ Մերի Ավետիսյանը։

«Ոչ միայն արդյունաբերական նշանակության գործարան էր, այլև շատ ակտիվ մասնակցություն է ունեցել հատկապես Երևանի մշակութային կյանքի կայացման և զարգացման գործում։ Երբ դրսից ժամանած հյուրեր էին լինում, սովորույթ էր ձևավորվել, որ նրանց պետք է շրջայցի տանեն գործարան։ Անձամբ ընդունում էր արտադրական մասի բաժնի ղեկավար Վահան Տերունին և նվերներով ճանապարհում»։

Շրջայցերից մեկը սիրո պատմություն է դառնում։ Երբ «խորհրդային դիվանագիտության հայ ասպետ» Համազասպ Հարությունյանը վերադառնում է Հայաստան, նրան հյուրընկալում են գործարանում։ Անվանական սափորը դիվանագետին է հանձնում Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թոռնուհին՝ արտադրամասի ինժեներներից՝ Անահիտ Թումանյանը, նրանք ամուսնանում են և ընտանիք կազմում։

«47-48 թթ. հիմնականում կրկնում էին դրսի ձևանմուշները, բայց երբ գործարան մուտք գործեց ին Հռիփսիմե Սիմոնյանը, Վահան Տերունին, Թերեզա Միրզոյանը, գործարանը միանգամից փոխվեց և՛ որակապես, և՛ արտադրատեսակների նմուշների ձևային առումով։ Արդեն 50-ականներից սկսեց աշխատել քանդակագործ-խեցեգործների մի հրաշալի աստղաբույլ, որը գործարանի շարժիչ ուժն էր»։
«Երևանի հախճապակու գործարանը» տեղակայված էր նախկին Շահամիր Շահամիրյան 20 հասցեում, այժմ շենքը պատկանում է Գրանդ Տոբակո ընկերությանը։

1975 թ.-ին ձևավորված «Հայ ճենապակի արտադրական միավորման» մեջ ընդգրկվեցին երևանյան գործարանն ու Արտաշատի նոր մասնաճյուղը։ Հետագայում վերջինի տնօրենը սեփականաշնորհում է մասնաճյուղն ու այնտեղ կազմակերպում կղմինդրի արտադրություն։ Հենց Արտաշատի գործարանն ու դրա նախկին աշխատակիցներն էլ մեծապես աջակցել են թանգարանի ֆոնդի ձևավորմանը։

«Երևանինը համարվեց հիմնական գործարան, որտեղ հաստատվում էին նմուշները։ Էսքիզները ուղարկվում էին Նկարիչների միության անդամներից բաղկացած գեղարվեստական խորհուրդ, մինչեւ հաստատում չլիներ, գործարանն իրավունք չուներ որևէ արտադրանք տալ։ Օրինակ, գերմանական գրականության հսկաներից Գյոթեի 250- ամյակի կապակցությամբ գործարանը կարևոր պատվեր ուներ՝ ստեղծել սափոր նրա դիմանկարով։ Այժմ սափորը գտնվում է Մայնի Ֆրանկֆուրտում՝ թանգարանում»։

Երևանյան արտադրանքը գուցե գերմանականի և չեխականի որակին չհասավ, բայց ՝ միայն հումքի պատճառով՝ կարծիք է հայտնում Մերի Ավետիսյանը։ Սարքավորումներն ու հումքը ներկրվում էին արտերկրից, ինչն էլ խնդիրներ էր առաջացնում։

«Բայց մեր Երևանի հախճապակու գործարանը կարողացավ Խորհրդային Միությունում բոլոր հախճապակի, ճենապակի արտադրող գործարանների մեջ ունենալ իր սեփական ձեռագիրը։ Տեսեք կենտրոնում Հռիփսիմե Սիմոնյանի ամենահայտնի գործերից է՝ Արև Բաղդասարյանի կերպարն է, արձանիկը կոչվում է Ուզունդարա պարը։ Հետո տեսնում ենք Անուշին, Պեպոյի կերպարը, Իսահակյանին, տեսնում ենք Սայաթ-Նովային։ Այսինք այս արձանիկները ոչ միայն բնակարանի ներքնատեսքի հարդարանքի խնդիր էին լուծում, այլև ազգային մշակույթի տարածման»։


«Հայ ճենապակի արտադրական միավորումը» 4 ապրանքանշաններով է արտադրանք թողարկել՝ ներքին սպառման համար 2 հայատառ, արտահանման համար՝ 2 ռուսատառ գրչությամբ։ Լոգոտիպերից մեկում պատկերված է շրջված սափորի ուրվագիծ՝ հայերեն «Հ» մեծատառով։ Արտաշատի մասնաճյուղի պահեստում պահպանվել էր լոգոտիպը խորհրդանշող հսկա թաս։ 2023թ.-ին սեփականատերը նմուշը նվիրել է Երևանի պատմության թանգարանին, և այն այժմ ներկայացված է ժամանակավոր ցուցադրությունում։




