
լրացվել է ժամը 18։01- ին
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Չեմ կարծում, որ իրավիճակն այնպիսին է, որ ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն կա՝ անդրադառնալով սահմանային լարվածությանն ու հարցին, թե արդյո՞ք չկա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջամտության կարիքը, այսօր ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա դիտարկմամբ՝ հայկական բանակն ի վիճակի է ինքնուրույն լուծել սահմանային լարվածության խնդիրը։ Այլ բան, որ ՀԱՊԿ-ը կարող է որևէ հայտարարությամբ արձագանքել իրավիճակին՝ ուշադրություն հրավիրելով հարցի վրա, թե ում կողմից են պարբերաբար արձանագրվում սահմանային խախտումները:
Պաշտպանության նախարարն այսօր մասնակցել է Երևանում մեկնարկած միջազգային ռազմավարական ֆորումին, որի քննարկման թեման ազգային և տարածաշրջանային խաղաղապահ ներուժի ինտեգրումն է խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում։ Երկօրյա ֆորումին մասնակցում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ՀԱՊԿ անդամ- պետությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը դիմելու և այս կառույցի ռազմական աջակցությունը ստանալու ընթացակարգերը հստակ են: Անդամ պետության համապատասխան գերատեսչությունը, գնահատաելով ներքին իրավիճակը, պատերազմական գործողությունների ծավալման հնարավորությունը, կարող է առաջարկ ներկայացնել երկրի նախագահին՝ դիմել ՀԱՊԿ ղեկավարությանը։
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի կարծում, թե սահմանային այսօրվա իրավիճակը բավարար առիթ է կառույցին դիմելու համար։ «Չեմ կարծում, որ այսօր իրավիճակն այնպիսին է, որ մենք պետք է դիմենք ՀԱՊԿ-ին: Եթե այսպիսի հրաձգությունների, փոքր խախտումների դեպքում հայկական բանակը չի կարողանալու արձագանքել, ապա էլ ինչո՞ւ է հարկավոր այդ բանակը: Հայկական բանակն օրըստօրե ամրանում, կատարելագործվում ու ավելի մարտունակ է դառնում և այսօր ի վիճակի է ինքնուորույն լուծել այդ խնդիրները»։
Երկրագնդի վրա չկա հակամարտության մեկ այլ գոտի, որտեղ առանց երրորդ ուժի կողմերը կարողանան պահպանել հարաբերական հրադադարը: Այսօր մենք կարողանում ենք առանց այդ միջամտության պահպանել իրադրությունը՝ ուժերի ոչ թե քանակական, այլ որակական հավասրակշռության շնորհիվ, ասում է նախարարը։ «Այլ բան է, որ համապատասխան հայտարարություն արվի: Նիկոլայ Բոդյուժայի (ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. խմբ.) հետ հանդիպման ժամանակ իմ կողմից ասվել է, որ կառույցը հավասրակշռված մոտեցում ցուցաբերի ՝ ուշադրության դարձնելով այն փաստի վրա, թե որ կողմից են սահմանային խախտումներն արձանագրվում: Ի սկզբանե ասեմ, որ հայկական կողմը երբեք առաջինը խախտում չի արել»։
Օրինակը վերջին օրերին արձանագրված վիճակն է: Նախարարի խոսքով ՝ լարվածությունը հատկապես նկատելի է երկրի հյուսիս-արևելյան սահմանին: Տավուշի մարզում գնդակոծվել են սահմանային գյուղեր, հայկական կողմից զոհեր ու վիրավորներ չկան։ Հայ դիրքապահները համարժեք պատասխան են տվել։ «Վերջին շրջանում կրակոցներն ու սահմանային խախտումները մեր հարևանների կողմից ավելացել են: Ես կարծում եմ այդ ավելացումը պայմանավորվում է քաղաքական այս կամ այն իրադարձությամբ: Վերջերս իրենք նշում էին իրենց բանակի տոնը: Դիվերսիոն գործողություններ չեն եղել, բայց եղել են կրակոցներ դիպուկահարների կողմից, որին մեր դիրքապահների կողմից համարժեք պատասխան է տրվել»։
Պաշտպանության նախարարն այսօր մասնակցում էր Երևանում մեկնարկած միջազգային ռազմավարական ֆորումին, որի քննարկման թեման ազգային և տարածաշրջանային խաղաղապահ ներուժի ինտեգրումն է խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում։ Երկօրյա ֆորումին մասնակցում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ՀԱՊԿ անդամ- պետությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Ֆորումի մասնակիցներն այսօր և վաղը քննարկելու են այն մարտահրավերները, որոնց պարբերաբար բախվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը: Վալերի Սեմերիկովից հայ լրագրողները հետաքրքվեցին, թե արդյո՞ք կազմակերպությունը դիտարկում է ԼՂՀ հակամարտությունը որպես մարտահրավեր։ «Իրականում բարդ իրավիճակ է. հակամարտությունը ոչ միայն ՀԱՊԿ-ի, այլև համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում է: Խնդրով հետևողականորեն զբաղվում է ԵԱՀԿ ՄԽ-ը, որոշակի քայլեր է ձեռնարկում, չեմ կարծում, թե տեղին է այդ աշխատանքին միջամտելը»։
Վալերի Սեմերիկովը վստահեցրեց՝ ԼՂՀ հակամարտությունը, բանակացային գործընթացը և հակամարտության գոտու իրավիճակը ՀԱՊԿ ուշադրության կենտրոնում են: Սահմանային լարվածության պարբերական մեծացումները քննարկման առարկա դառնում են, պարտադիր չէ, որ այդ քննարկումները միշտ ամփոփվեն հայտարարությամբ կամ մեկ այլ փաստաթղթով։




