ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ով է լուծելու Երևանի ջրային խնդիրները․ «Վեոլիա ջուրն» ու քաղաքապետարանը հեռակա բանավիճում են

«Վեոլիա ջուր» ընկերությունն ու քաղաքապետարանը հեռակա բանավեճի մեջ են։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի՝ «Ազատությանը» տված հարցազրույցին ընկերությունը գրավոր հաղորդագրությամբ է պատասխանել ու հակադարձել մեղադրանքներին։ «Վեոլիա ջուրը» հիշեցնում է՝ իրենք պարտավոր են սպասարկել ոչ միայն մայրաքաղաքի, այլև ամբողջ հանրապետության ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգը։ Բանավիճող կողմերը համակարծիք են՝ անելիքներն ու խնդիրները շատ են, համամիտ են նաև, որ 2016-ին կնքված պայմանագիրը վերանայման կարիք ունի։ «Վեոլիա ջուր» ընկերությունը սպառողներին հորդորում է համբերատար սպասել մինչև  քննարկվող նոր պայմանագիրը վերջնական տեսք ստանա, դրանից հետո վստահ են՝ բողոքողներն ու դժգոհությունները կքչանան։

«Վեոլիա ջուր» ընկերությունը պնդում է՝ շատ ավելի քիչ անելիք ու պարտավորություն ունի, քան քաղաքային իշխանությունն ու բնակիչները կարծում են։ Ընկերությունից 3 էջանոց պարզաբանմամբ են հակադարձել քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին։ Պաշտոնյան «Ազատությանը» տված հարցազրույցում էր խոսել մայրաքաղաքի ջրային խնդիրների մասին։ Ըստ Արեյանի՝ մայրաքաղաքում խմելու ջրի կորուստները 65 տոկոսի են հասնում, այսինքն՝ աղբյուրից դուրս եկող ջրի  քանակի կեսից ավելին մինչև սպառողին հասնելը կորում է։

«Կորուստը վկայում է, որ ցանցը քայքայված է, խնդիր ունեն մագիստրալ ջրագծերը որոնք աղբյուրից ջուրը բերում են քաղաք, հաճախակի են վթարները, խնդիր կա քաղաքի ներսում»,– ասել էր Արեյանը։

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյան

Այս պնդմանը «Վեոլիա ջուր» ընկերությունում մասամբ են համաձայն․ այո, համակարգը մաշված է, բայց քաղցրահամ ջրի կորուստների վերաբերյալ ընկերության հաշվարկներն այլ են։ 2017-ին ջրի կորուստը 81 տոկոսից ավելի է եղել, իրենք էլ պարտավորվել են մինչև 2031-ը ցուցանիշը  բարելավել ու հասցնել 55 տոկոսի։ Ընկերության պնդմամբ՝ դա արդեն արել են։ Բայց սրան զուգահեռ շեշտում են՝ աղբյուրներում շեշտակի նվազել է ջրառը, փոխարենը ավելացել մայրաքաղաքի  պահանջարկը՝  ակտիվ  կառուցապատմամբ պայմանավորված։

«Սպառողների թվի կտրուկ աճը հանգեցնում է լրացուցիչ ջրապահանջարկի, ինչի արդյունքում կարող է առաջանալ ջրի դեֆիցիտ և ենթակառուցվածքների ավելացման ու հզորացման պահանջ»:

«Վեոլիա ջուրը» պնդում է՝ քաղաքում իսկապես հսկայական անելիքներ կան ջրամատակարարման, կոյուղատար ու հեղեղատար համակարգերի հետ կապված, բայց ընկերությունը պայմանագրով հաշվարկներ ու ներդրումներ անելու պարտավորություն չունի։

«Ընկերությունը թե ջրագծերի, թե կոյուղատարների և թե հեղեղատարների մասով սպասարկում և շահագործում է այն, ինչը հանձնված է ընկերությանը պայմանագրով: Եվ կարծում ենք, որ Վեոլիայի աշխատանքը նման կերպով  քննադատելն ու դժգոհություն առաջացնելը  առնվազն արդարացի չէ»,– կարդում ենք ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Այս տեսակետը մասամբ կիսում է նաև Երևանի քաղաքապետը։  Տիգրան Ավինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ մի քանի անգամ անդրադարձավ ջրամատակարարման խնդիրներին, բայց չշտապեց մեղադրանքի սլաքները միայն սպասարկող ընկերությանն ուղղել, չնայած նկատեց՝ թերացումներ կան։

«Գայթակղությունը մեծ է ասելու՝ այո՛, «Վեոլիա ջուր» դու ես միակ մեղավորը, բայց դա ճշմարտությունը չի լինելու։ Ճշմարտությունն այն է, որ պետք է ավելի մեծ ծավալով ներդրումներ իրականացնել, այդ հնամաշ կոյուղագծերը գրեթե բոլորը բարոյապես մաշված են, որտեղ կպնում ենք մի բան տրաքում է։ Պետք է նորմալ գումար ներդնել։ Այս բոլոր բարձրաձայնած հարցերը թող որպես արդարացում չհնչի «Վեոլիա ջրի»–ի համար, վստահաբար կան թերացումներ ու իրենք կարող են էլ ավելի լավ աշխատել։ Ընդհանուր առմամբ մեզ հավելյալ մոտ 10 միլիարդ դրամի ներդրումներ է պետք ամբողջ հանրապետությունում խնդիրները վերացնելու համար»,– ասում էր Ավինյանը։

Հաճախակի ջրանջատումներ, խմելու ջրի որակ, կոյուղացանցի վթարներ, անձրևից հետո ջրալցվող փողոցներ ու չմաքրված հեղեղատարներ․ սրանք «Վեոլիա ջրին» ուղղված հիմնական մեղադրանքներն են։ Ընկերությունը դրանց հակադարձում է մի քանի հիմնական փաստարկով․ գործող պայմանագրի շրջանակում պատշաճ աշխատում են, իսկ 2016-ին կնքված պայմանագիրը հնարավորություն չի տալիս ներդրումներ անել ու օրինակ նոր ջրատարեր կամ ջրահեռացման համակարգեր կառուցել, իրենք պարզապես օգտագործում ու սպասարկում են քաղաքի ունեցած խողովակները։

«Ընկերությանը Պայմանագրով պատվիրակված է ծախսեր իրականացնել միմիայն  այն գույքի վրա, որն իրեն հանձնված է  Կառավարության որոշումով: Ընկերությունը առաջարկություն է  ներկայացրել Կառավարություն լավարկելու գործող պայմանագիրը այնպես, որ հնարավորություն լինի էլ ավելի արագացված տեմպերով կատարել ներդրումներ ջրային  համակարգում»,– հաղորդում են «Վեոլիա ջրից»։

«Վեոլիա ջուր» ընկերությունը տարեկան 9-10 միլիարդ է տալիս Կառավարությանը պետական գույքն օգտագործելու համար։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ ամեն տարի 3-4 միլիարդ է հատկացնում ընկերությանը ներդրումներ անելու համար։ Տիգրան Ավինյանը վերջին ասուլիսում շեշտում էր՝ այս գումարը քիչ է նույնիսկ միայն Երևանի համար, մինչդեռ խոսքն ամբողջ հանրապետությունը սպասարկող ընկերության մասին է։ Հիմա փոխվարչապետի գրասենյակում եռակողմ՝ քաղաքապետարան, կառավարություն ու «Վեոլիա ջուր» քննարկումներ են ընթանում, նպատակը՝ նոր պայմանագիր կնքելն է։

«Պետք է ամեն տարի էականորեն ավելի մեծ ներդրումներ անել այդ համակարգում, պետք է մեծ քանակի կոյուղատարեր կառուցել, այն հատվածներում որտեղ ահռելի ջրի կորուստներ կան համապատասխան ներդրումներ իրականացնել․ օրինակ Էրեբունիում արտեզյան ջրերի խառնուրդն, ասում ենք այս տարի քիչ է եղել, բայց միևնույն է խայտառակություն է ջրի որակն այս սեզոնին»։

«Վեոլիա Ջուր» ընկերությունն առաջարկում է համբերատար լինել ու սպասել նոր պայմանագրին։ Դրանից հետո վստահ են՝ բողոքողներն ու դժգոհությունները կկրճատվեն։ Ընկերությունից նաև հիշեցնում է՝ իրենք պատասխանատու են ամբողջ հանրապետության ջրամատակարարման ու ջրահեռացման համար։

»Հավատացեք, մյուս բնակավայրերում ջրամատակարարման հարցերը շատ ավելի սուր են, քան Երևանում»,– գրում է «Վեոլիա Ջուր»–ն ու շեշտում՝ պարտավոր են համաչափ զարգացում ապահովել, չեն կարող բոլոր ջանքերն ու ներդրումները ուղղել միայն մայրաքաղաքին, որքան էլ բարձր աղմկեն խնդիրները։

Կարդացեք նաև

Back to top button