ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Շահեր՝ առանց պատասխանատվության․ ինչի՞ են ձգտում խաղաղության միջնորդները

Վերջին երկու ամսում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ու արտգործնախարարների միջև առնվազն երեք հանդիպում է տեղի ունեցել։ Ընդ որում՝ վերջին շրջանի երկու բանակցությունների համար բոլորովին նոր հարթակներ էին կամ միջնորդներ։ Մայիսին՝ արտգործնախարարների Ալմաթիի և օրեր առաջ՝ Լոնդոնում, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները, ըստ էության, արարողակարգային էին, ոչինչ չորոշող։ Հուլիսի 10–ին Արևմտյան հարթակում՝ Նյու Յորքում արտգործնախարարների հանդիպումը նույնպես որևէ արդյունքով աչքի չընկավ։ Տևական ժամանակ է, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են համաձայնության հասնել նաև երկկողմ բանակցությունների ձևաչափով։ Այս պահին «Խաղաղության պայմանագրի» Հայաստանի պատասխան առաջարկները դեռ մշակման փուլում են։ Սակայն, տարբեր կենտրոնները դեռ փորձում են գործընթացում որոշ չափով ստանձնել «միջնորդական դիրք»՝ առանց էական պարտավորությունների։

Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության պայմանագրի» մոտ 90 տոկոսը համաձայնեցնելու հայտարարություններին զուգահեռ, նորից թարմանում են միջնորդական հարթակների մասին խոսակցությունները։ Պաշտոնական Մոսկվան հերթական անգամ առաջարկել է իր միջնորդությունը` հիշեցնելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների մի քանի ռաունդ արդեն անցկացրել է։ Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը պարտավորվել է, և դա ամրագրված է ստորագրված փաստաթղթում, ամեն կերպ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելուն։

Ռուս դիվանագետը համոզված է, որ Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրները և հարևան գործընկեր–պետությունները, իսկ այսպես ասած՝ «դրսից» խաղաղություն բերելը, ասում է՝ դարերով ապացուցված է, որ անհնար է։  

ՌԴ արտգործնախարարության ներկայացուցչի հայտարարություններին՝ Երևանի և Բաքվի միջև հանդիպում կազմակերպելու Մոսկվայի պատրաստակամության մասին, միանգամից արձագանքել է Ադրբեջանը։

Ըստ այդ երկրի արտգործնախարարության՝ իրենք միշտ պատրաստ են եղել բանակցությունների հայկական կողմի հետ Ռուսաստանում և այլ վայրերում։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Երեւանն ինչպես ուշացավ Լոնդոնում, երբ Բաքուն առաջինը տարածեց, որ Փաշինյանը հրաժարվել է Ալիևի հետ հանդիպելուց, այդպես էլ ուշանում է այս դեպքում: Բանակցային հարթակների «մետության» մասին խոսակցություններն ընդհանրապես անընդունելի է համարում քաղաքականության տեսանկյունից։ Վերլուծաբանը կարծում է, որ այդ դեպքում ստացվում է, որ ոչ թե Հայաստանն է բանակցողը, այլ նրա փոխարեն որևէ միջնորդ: Որովհետև, եթե օրինակ, «արտառուսաստանյան» որևէ հարթակում Հայաստանի համար բանակցելը ձեռնտու է, իսկ ռուսականում՝ ոչ, կնշանակի, որ Երևանն ընդամենը գտնվում է ձեռնտու հարթակի «խնամակալության» ներքո:

«Մի քիչ թյուր է պատկերացումը, որ Արևմտյան հարթակներում Ալիևը խնդիրներ է ունեցել և դրա պատճառով է սկսել այնտեղ չգնալ։ Եվ երկրորդը՝ Ալիևը մասնակցել է այն նախաձեռնություններին, այն հանդիպումներին, որտեղ ինչ–որ բան ստանալու ակնկալիք ունեցել է և չի մասնակցել, որտեղ չի տեսել իր համար որևէ հեռանկար»։

Վերլուծաբանը պատկերավոր նշում է, որ ինչպես ձրի պանիրը, այդպես էլ ձրի խնամակալությունը լինում է միայն թակարդում։ Համոզված է, որ գոյության իրավունք ունի նաև հարցը՝ արդյո՞ք այլ հարթակները չեն սպասում, որ Երևանն «ընդունի մոսկովյանը», որպեսզի իրենք իրենց դուրս դնեն պատասխանատվությունից և գործեն ավելի անկաշկանդ:

«Պետք է արձանագրել, որ արևմտյան դերակատարները իրենք են փաստացի հրաժարվել այդ միջնորդությունից, որովհետև բացահայտ միջնորդություն իրականացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև, իրենք պետք է փաստացի կողմնորոշվեն երկու հարցում՝ կա՛մ Ադրբեջանին պետք է ճնշեն և բերեն Հայաստանի հետ փոխզիջումային, հավասարակշռված համաձայնությունների դաշտ, կա՛մ Հայաստանին պետք է համոզեն ընդունել Ադրբեջանի պայմանները։ Եվ այս դեպքում շատ բարդ կլինի հայ հասարակությանը համոզել, որ ի տարբերություն, օրինակ, Ռուսաստանի, արևմտյան դերակատարները ավելի «բարեխիղճ» են Հայաստանի շահերի հանդեպ։ Դրա համար իրենք նաև թույլ տվեցին, որ այդ ձևաչափերը Բաքուն գործնականում տապալի, պայմանական իմաստով, և սկսեցին հայտարարել, որ շատ կարևոր է Բաքվի և Երևանի միջև ուղիղ երկխոսությունը, որովհետև այս պարագայում իրենց վրայից այդ պատասխանատվությունը դուրս է գալիս»։

Դա է պատճառը, ըստ քաղաքագետի՝ որ Լոնդոնում գագաթնաժողովից առաջ միջազգային հանրությունը կես բառով անգամ չարտահայտեց Գրանադայում բաց թողածը «լրացնելու» և Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելու գոնե ցանկության մասին: Կարծում է՝ թերևս մի պարզ պատճառով՝ ինչպե՞ս արտահայտել մի ցանկություն, որը բացակայում է, որը կար միայն Երևանի մոտ, որովհետ միայն Երևանն է, որ Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի «քառակողմ» և «հնգակողմ» սեղաններից ելել է չբավարարված:

Արևմտյան հարթակների աշխատանքը մի քիչ այլ տրամաբանության մեջ է տեսնում քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը․

«Արևմուտքը լիովին գիտակցում է անկարողությունը՝ շատ թե քիչ նորմալ հարաբերություններ հաստատելը նաև պայմանավորված է Հայաստանի ընդհանուր թուլությամբ, և դրա համար ծագեց այդ գաղափարը «դիմակայունության բարձրացումը»։ Այսինքն՝ Հայաստանը պետք է լինի ավելի զարգացած և ավելի դիմակայուն, քան այսօր է։ Այսինքն՝ այդ պայմանագիրը ոչ թե պետք է լինի, հետո նոր էլի ինչ–որ բաներ։ Հենց իրենք, ունենալով մեծ փորձ, հասկացել են, որ պետք է սկզբից Հայաստանը ոտքի կանգնի, տնտեսական, ռազմական, սոցիալական հոգեբանության առումով, ինստիտուտների առումով, որպեսզի հակառակ կողմը հրաժարվի այն պատրանքներից, որ ուժով կարելի է ընդհանրապես հայ ժողովրդին հավերժ ծնկի վրա պահել։ Իրենք (Արևմտյան հարթակները – խմբ ) ինչը սկզբից և ինչը՝ հետո։ Դրա համար Միլլերը նշում է, որ ստիպում են Ադրբեջանին և Հայաստանին բանակցել, բայց և զուգահեռ անում են մի շարք միջոցառումներ և Ֆրանսիայի կառավարությունը ԱՄՆ հետ լիակատար փոխհամաձայնությամբ»։

Սա այն նպատակն է, որին պետք է հասնել խաղաղ տարածաշրջան՝ ցանկալի կապուղիներ ստեղծելու և կոնկրետ երկրները շրջանցելու ծրագրի համար։ Ինչին էլ ընդդիմանում է Ռուսաստանը, քանի որ իրեն էլ է հետաքրքրում այդ հաղորդուղին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի մակարդակով պաշտոնական Մոսկվայի փոխանցած ուղերձներից մեկով էլ Ռուսաստանը հայտարարում է, որ «Հայաստանն ինքնիշխան երկիր է, ինքն է ընտրում փոխգործակցության առաջնահերթ ուղիները»։ Հայաստանին անվանելով իրենց դաշնակիցը և եղբայրական երկիր` Պեսկովի խոսքում կա նաև նախազգուշացում, համաձայն որի՝ «չէին ցանկանա, որ Հայաստանի փնտրտուքները տանեին այն ճանապարհով, որը ժամանակին ընտրել էր Կիևի ռեժիմը»։

Նախօրեից տարբեր հայտարարություններին ի պատասխան, Երևանում այս դեպքում տեղի է ունեցել խորհրդանշանակ մի հանդիպում։ Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակում տեղի ունեցել Արմեն Գրիգորյանի հանդիպումը ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյի հետ։ Բանակցությունների բովանդակությունը Գրիգորյանը բացահայտել է «Ֆեյսբուքում»՝ գրելով, որ զրուցակցի հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և վերջին զարգացումներին:

Կարդացեք նաև

Back to top button