
2.5 ժամ ու քաղաքային կառավարման ու քաղաքականության վերաբերյալ հարցեր․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր ամփոփել է 2024-ի առաջին կիսամյակի աշխատանքներն ու պատասխանել լրագրողների հարցերին։ Դրանց առանցքում եղել են մայրաքաղաքի տրանսպորտին, ջրամատակարարմանն ու ասֆալտապատմանը վերաբերող հարցերը, ինչպես նաև ենթակառուցվածքային խնդիրներն ու իրականացված աշխատանքները։
Քաղաքապետարանը ոչ մի դրամ չի ծախսել մայրաքաղաքում տրանսպորտի տոմսային նոր համակարգը ներդնելու համար․ ներդրումներ արել է միայն մրցույթում հաղթած «Telcell» ընկերությունը։ Փոխարենը քաղաքապետարանն ընկերությանը նոր հաճախորդներ է խոստացել․ քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2 ժամից ավելի տևած ասուլիսի ընթացքում մի քանի անգամ է անդրադարձել տրանսպորտային խնդիրներին ու շեշտել՝ այս փուլը թե’ տոմսային համակարգը սպասարկող «Telcell» ընկերության, թե’ քաղաքապետարանի համար հնարավոր թերությունները շտկելու համար է։
«Մենք դեռևս մինչև հունվարի 1-ը ժամանակ ունենք, այդ ընթացքում «Telcell» ընկերությունը բոլոր խնդիրները կարող է վերացնել։ Օրինակ, եթե մենք հիմա մետրոպոլիտենում տեսնում ենք հերթեր, այո, դա այս պահին անհարմարություն է, բայց այդ հերթերից նաև խնդիրներ են դուրս բերվում։ Մենք այս ընթացքում կունենանք նաև հնարավորություն տերմինալների միջոցով տոմսեր գնելու, բանկային քարտի միջոցով տոմս գնելու, կունենանք նաև քարտային տոմսեր»,– ասում է Ավինյանը։

Տրանսպորտային բարեփոխումները միայն տոմսային համակարգով չեն սահմանափակվում՝ հիշեցնում է քաղաքապետը։ Առաջիկայում Երևանում ավելի շատ առանձնացված երթևեկելի գծեր կլինեն երթուղային տրանսպորտի համար։ Մայրաքաղաք կհասնի 171 հատ 8.5 մետրանոց նոր ավտոբուս ու 15 հատ նոր տրոլեյբուս։ Քաղաքապետարանում հաշվարկել են՝ այսքանից հետո դեռ 250 հատ նոր ավտոբուս է անհրաժեշտ շարժակազմի հարցն ամբողջությամբ լուծելու համար։ Ավինյանը նաև տոմսային նոր համակարգի ներդրումից հետո տրանսպորտի թանկացման վերաբերյալ մեղադրանքներին է արձագանքում։
«Այն մարդիկ, որոնք ավելի շատ են օգտվում տրանսպորտից, իրենց համար գուցե և ավելի էժան լինի, այն մարդիկ, որոնք ավելի քիչ են օգտվում տրանսպորտից, նրանց համար ավելի թանկ կարող է լինել, բայց վստահաբար տրանսպորտային միասնական համակարգը էական բարեփոխում է լինելու»։
Մայրաքաղաքի ենթակառուցվածքները, մասնավորապես, ջրահեռացման ու ջրամատակարարման համակարգերը բարոյապես մաշված են։ Տիգրան Ավինյանը կարծում է, որ պետք չէ եղած խնդիրների մեջ միայն ոլորտը սպասարկող «Վեոլիա ջուր» ընկերությունը մեղադրել․ պայմանագրային դրույթներ կան, որոնք ընկերությանը ներդրումներ ներգրավելու հնարավորություն չեն տալիս, իսկ միջոցները սահմանափակ են, խնդիրները՝ շատ։ Արդյունքում՝ ամեն անգամ անձրևից հետո «վարարում են» Երևանի փողոցները, բնակիչներն էլ բողոքում են անորակ խմելու ջրից։

«Եթե խոսում ենք հեղեղների ու ֆորսմաժորների մասին, կներեք, բայց Արաբական Միացյալ էմիրությունները աշխարհի ամենահարուստ երկրների շարքին է դասվում, բայց իրենք էլ ապահովագրված չեն հեղեղներից։ Բայց այն, որ աշխատանքները տարվում են՝ ես վստահեցնում եմ ձեզ, և դա, կարծում եմ, արդեն իսկ սկսել է տեսանելի լինել, իսկ ապագայում էլ ավելի տեսանելի է դառնալու»,– ասում է քաղաքապետը։
Քաղաքապետը հիշեցնում է՝ այժմ կառավարության հետ քննարկումներ են ընթանում
«Վեոլիա ջուր» ընկերության հետ գործող պայմանագիրը վերանայելու ուղղությամբ։ Ընթացքի մեջ է նաև մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի փորձաքննությունը, մի քանի փուլ անցնելուց ու շինարարության ֆինանսավորման հետ կապված խնդիրները լուծելուց հետո միայն հնարավոր կլինի խոսել նոր կայարանի կառուցման մեկնարկի ժամկետի մասին։ Փոխարենն ավելի առարկայական է մայրաքաղաքի նոր կենտրոնի՝ Նորագյուղ թաղամասի վերակառուցման ծրագիրը՝ մանրամասնում է քաղաքապետը։
«Նորագյուղի ծրագիրը կարելի է ասել գլխավոր հատակագծում արդեն իրականացված է և իրականացված է ֆրանսիական հայտնի կազմակերպության կողմից և քաղաքաշինական խորհուրդը ընդլայնված կազմով քննարկել է այդ ծրագիրը, ընդհանուր առմամբ դրական կարծիքներ են հնչել, բայց այս տարի կարծում եմ՝ մենք արդեն կունենանք Կառավարության համապատասխան որոշումները, որ սկսենք իրականացվել այդ ծրագիրը։ Ծրագիրը բավականին բարդ ու ծավալուն է, այսինքն քաղաքի նոր կենտրոն ստեղծելու ծրագիր է։ Ինձ թվում է՝ 7-8 տարում հնարավոր է ծրագիրն իրականացնել ու ավարտին հասցնել»։

Ավինյանը քաղաքային խնդիրներից բացի նաև քաղաքական հարցերին, տարածվող լուրերին ու մեղադրանքներին է անդրադառնում և ընդգծում՝ իր ու քաղաքական թիմի միջև հակասություններ, հակադրություններ չկան ու չեն կարող լինել, քանի որ իրենց նույն գաղափարների կրողն են։
«Ես քաղաքական իմ գործունեության ընթացքում «կուլիսային», ներթիմային ինտրիգների մեջ փորձել եմ հնարավորինս չմտնել և նույնիսկ չարձագանքել դրանց ու բովանդակության մեջ չմտնել։ Ես փորձել եմ հավատարիմ մնալ այն սկզբունքներին, որոնք ի սկզբանե մենք որդեգրել ենք, և ես հավատարիմ մնացել եմ այդ սկզբունքներին։ Ես չեմ ուզում մեկնաբանեմ, քանի որ անկեղծ չգիտեմ նման պրոցես կա, թե ոչ։ Եթե կա, ես կարող եմ ասել որ ցավակցում եմ այդ մարդկանց, քանի որ իրենք չեն հաջողելու»։
Քաղաքապետը լրագրողների հարցերին պատասխանելուց բացի նաև 2024-ի առաջին կիսամյակն է ամփոփում․ վստահ է՝ նախընտրական խոստումներից չեն շեղվել։




