ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հայերը, Չեչնիայի ղեկավարը և «Կովկասի գերուհին»․ ընտանեկան սկանդալ Wildberries–ի շուրջ

Համացանցում տարածվում են օնլայն առևտրի՝ տարածաշրջանում առաջատար ընկերության՝ Wildberries-ի և հայերի՝ Միրզոյան եղբայրների անվան շուրջ պտտվող դրամատիկ ու սկանդալային պատմություններ։ Ըստ դրանց՝ Միրզոյանները Տատյանա Բակալչուկին բաժանել են ամուսնուց ու յոթ երեխաներից և զավթում են նրա խոշոր բիզնեսը։ Իրականում, սակայն, պարզվում է՝ Տատյանա Բակալչուկը իր սեփական-անձնական կյանքի և սեփական բիզնեսի հետ կապված որոշումներն ինքն է կայացրել։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը անձամբ է զբաղվելու Wildberries-ի ղեկավար Տատյանա Բակալչուկին ընտանիք վերադարձնելու հարցով։ Տատյանայի ամուսինը՝ Վլադիսլավ Բակալչուկը, դիմել է իր 10 տարվա ընկերոջը՝ Չեչնիայի ղեկավարին, ու պատմել ինչպես ընտանիքի, այնպես էլ կայացած ընտանեկան բիզնեսի հետ կապված լուրջ խնդիրների մասին․ կինը հեռացել է, կապվել է անհասկանալի մարդկանց հետ և կործանում է ընտանեկան բիզնեսը, նրան օգնել է պետք։ Ընկերների այս զրույցը նկարահանվել է, ընդ որում՝ մի քանի դիտակետից՝ գեղարվեստական լուծումներով ու տարածվել տելեգրամյան ալիքներում։

«Կինս տնից հեռացել է և կապվել անհասկանալի ընկերության հետ, որը միավորման քողի տակ իրեն է վերցնում բիզնեսը և դուրս բերում ակտիվները։ Ընդ որում՝ ընկերությունը հարյուր անգամ ավելի փոքր է (Wildberries-ից՝ խմբ․), սակայն համատեղ ձեռնարկությունում բաժնեմասերը գրեթե նույնն են՝ Լևան Միրզոյան. Russ Outdoor ընկերություն»։

Նախ՝ բիզնեսի մասին․ Wildberries առցանց հարթակի և Russ Outdoor արտաքին գովազդի օպերատորի միաձուլման մասին հայտարարվել էր հունիսի 18-ին։ Forbes-ը գրել էր, որ «լուրը շփոթեցրել է շուկայի մասնակիցներին. ոչ ոք չէր կարողանում հասկանալ, թե ինչպես է կառուցված գործարքը և ինչի են ցանկանում հասնել կողմերը»։ Russ Outdoor-ը և Wildberries-ը համատեղ հիմնել են «РВБ» ձեռնարկությունը։ Տատյանա Բակալչուկը հայտնել է, որ կգլխավորի միավորված ընկերությունը, և որ միավորումը չի ազդի Wildberries-ի աշխատանքի վրա:

Լևան Միզոյանը, որից «դժգոհել էր» Տատյանայի ամուսինը, և նրա եղբայրը՝ Ռոբերտ Միրզոյանը, ռուսական գովազդի շուկայի երկարամյա մասնակիցներից են։ Russ Outdoor-ը ղեկավարում է ոչ թե Լևանը, այլ Ռոբերտը։ Այս պատկերը Չեչնիայի առաջնորդին դուր չի գալիս․

«Ռեյդերները Վլադիսլավ Սերգեևիչի կնոջը՝ Տատյանային, հեռացրել են ամուսնուց և յոթ երեխաներից։ Ամուսինները հնարավորություն չունեն տեսնելու միմյանց և շփվելու՝ գոնե քննարկելու տեղի ունեցողը։ Wildberries ընկերության ակտիվները, որոնց ստեղծման համար Վլադիսլավը և Տատյանան 21 տարի քրտնաջան աշխատել են, հուլիսի սկզբից իրավաբանական մեքենայությունների միջոցով հապճեպ փոխանցվում են օտար ձեռքեր։ Իմ հանձնարարությամբ ՌԴ Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը կզբաղվի այդ հարցով»։

Ամուսինը նաև մտահոգ է, որ ապրիլին Տատյանան հեռացել է տնից, իսկ ինքն ամռանը հեռացվել է Wildberries-ում աշխատանքից։ Գործարքի մասին, ասում է, տեղյակ չի եղել։ Այս, 7 երեխաներին լքելու, պատանդ լինելու մասին հայտարարություններին և իրեն փրկելու պատրաստակամությանը Տատյանա Բակալչուկը ևս հոլովակով է պատասխանել․

Տատյանա Բակալչուկի հրապարակած նկար-ապացույցը ամուսնու՝ միավորված ընկերության նոր կառուցվածքի շնորհանդեսին ներկա գտնվելու մասին։

«Ինձ մոտ ամեն ինչ լավ է, ես ողջ-առողջ եմ, «պատանդ» կամ «Կովկասի գերուհի» չեմ դարձել: Ես ոչ մեկից չեմ թաքնվում և ոչինչ չեմ թաքցնում։ Փոքր երեխաները մայրիկիս հետ այժմ արձակուրդում են, իսկ մեծերին անձամբ գնացքով նախորդ օրն այլ քաղաք եմ ճանապարհել։ Ես գտնվում եմ Մոսկվայում, որտեղ էլ աշխատում եմ։ Ինձ ոչ մեկից փրկել պետք չէ։ Ինչի համար և ինչ նպատակով է Վլադիսլավը մոլորեցնում մարդկանց, ում կողմից և ինչ նպատակով է հորինվել անհասկանալի պատմությունը՝ ինձ համար մեծ առեղծված է»։

Տատյանա Բակալչուկը հիշեցնում է՝ ինքն է ընկերության հետ կապված որոշումներ կայացնողը։ Ինքն է որոշում նաև իր անձնական կյանքի փոփոխությունները և նախընտրում է չմանրամասնել դրանք։ Այնուամենայնիվ, նա հաստատել է, որ սկսում է ամուսնալուծության գործընթաց։

Վլադիսլավ Բակալչուկին պատկանում է տարածաշրջանի ամենախոշոր օնլայն առևտրով զբաղվող ընկերության՝ Wildberries-ի բաժնետոմսերի միայն 1 տոկոսը։ Սակայն նա հույս ունի, որ ամուսնալուծության դեպքում, ամուսնական պայմանագրի բացակայության հիմքով, ամուսինների միջև գույքը հավասար կկիսվի։

Կարդացեք նաև

Back to top button