
ԵՄ Խորհրդի որոշումից հետո Եվրահանձնաժողովը երկխոսություն է սկսում Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ։ Այս գործընթացը կաջակցի Հայաստանին ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի հասնելու իր երկարաժամկետ նպատակին՝ ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։ Որոշումը կայացնելու համար անհրաժեշտ էր, որ ԵՄ 27 անդամ երկրներն առանց բացառության տային իրենց համաձայնությունը և առարկություն չունենային Հայաստանի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ։ Գործընթացը, սակայն, երկարատև է և պարտավորություններ մեծ ցանկ է առաջադրում Հայաստանին։ Դրանց կատարումը նախապայման կդառնա վիզաների պահանջի չեղարկման համար։
Առանց վիզայի եվրոպական երկրներ հասնելու ճանապարհին ԵՄ 27 անդամները Հայաստանին թույլատրեցին անել առաջին քայլը։ Վերջնանպատակին հասնելու համար տարիների ճանապարհ է պետք անցնել ու մի շարք պարտավորություններ կատարել։ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Սոնա Ղազարյանի խոսքով՝ որպես առաջնային քայլ երեք կարևոր խնդիր ունենք լուծելու։
«Առաջինը բիոմետրիկ անձնագրերն են, որը ոչ միայն անձնագրերն են ֆիզիկապես, այլև դրա տակ գտնվող թվային բազան է։ Այս ամենը պետք է իսկապես թվայնացվի։ Նախկինում գործող բիոմետրիկ անձնագրերն իրենց թվային բազան չեն ունեցել։ Հիմա արդեն մրցույթը հայտարարվել է կառավարության կողմից, այս մասով քիչ առաջընթաց կա։ Իրականում լայնածավալ աշխատանք է՝ սկսած անուն–ազգանունների ճշգրտությունից մինչև համալիր շտեմարանն ու անձնագրերը։ Երկրորդը առողջության ապահովագրությունն է։ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է ունենան ապահովագրություն։ Սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ տուրիստական վիզաներով շատ հաճախ, այլ երկրներ, որոնք ստացել էին այս արտոնությունները, քաղաքացիները գնացել են և հայտարարել, որ չեն կարող վերադառնալ իրենց հայրենիք, որովհետև առողջական խնդիրներ ունեն, որոնք հայրենիքում լուծելի չեն։ Սա է խնդիրը, որ ԵՄ–ն որպես կառույց իր գործընկերների հետ կրկին այս նախապայմանը դնում է։ Եվ երրորդը վերաբերում է օրենսդրական մոտարկումներին, որոնք կվերաբերեն մարդու իրավունքների ոլորտին»։
Եվրահանձնաժողովի հայտարարությունը համալրում է, որ երկխոսությունը կհանգեցնի բարեփոխումների կարևոր ոլորտներում՝ ներառյալ ճամփորդական փաստաթղթերի անվտանգությունը, սահմանային վերահսկողությունը, միգրացիան և ապաստանը, հասարակական կարգը, արտաքին հարաբերությունները և հիմնարար իրավունքների հարցերը Հայաստանում:
Այժմ եվրոպական հարթակում շատ են համեմատում Հայաստանն ու Վրաստանը։ Վրացական փորձին ավելի ծանոթ լինելով՝ որոշ երկրներ տարբեր հարցերում վերապահում ունեն նաև Հայաստանի առնչությամբ։ Հասկանալի է, որ եվրոպական երկրների անհանգստությունն առաջին հերթին կապ ունի ներգաղթյալների խնդրի հետ։
«Չեմ կարող բացահայտել այս պահին անդամ–պետություններից որոնք, բայց մի քանիսը, այո, բարձրաձայնել են։ Որոշ պետությունների պարագայում դա եղել է Ներքին գործերի նախարարության դիրքորոշում՝ հաշվի առնելով առանձին փորձը։ Այսինքն՝ «իներցիոն դիրքորոշում»՝ հաշվի առնելով իշխանության միգրացիոն քաղաքականությունը։ Բայց ես լիահույս եմ, որ մեր արտգործնախարարությունը բոլոր հարցերի պատասխանները տրամադրել, ինչպես նաև գիտեմ, որ ՆԳՆ–ն էլ է այս առումով կապի մեջ եղել»։
Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ զգուշացում կա, որ Հանձնաժողովը խստորեն հետևելու է առաջընթացին վերոնշյալ ոլորտներում՝ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի հետ սերտ համագործակցությամբ:
Երկխոսությունը կանցկացվի վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի՝ VLAP–ի շրջանակներում, որը Խորհրդում քննարկումից հետո կներկայացվի Հայաստանի իշխանություններին:
Վիզաների ազատականացումը ավտոմատ գործընթաց չէ. այն կքննարկվի միայն այն ժամանակ, երբ երկխոսությունը հաջողությամբ ավարտվի, և VLAP-ում նշված բոլոր պայմանները բավարարվեն: Երկխոսության հաջող ավարտից հետո Հայաստանի քաղաքացիների համար ավելի հեշտ և ավելի քիչ ծախսատար կլինի կարճաժամկետ կացության համար Եվրոպա մեկնելը։ Հայաստանի իշխանությունների մոտավոր հաշվարկով այս ամենը կտևի մի քանի տարի։
«Անդամ–պետություններում միջինացված հաշվարկով սա տևել է 4–5 տարի։ Իհարկե, հիմա դինամիկ փոփոխություններ են աշխարհում, որոշումները հաճախ քաղաքական են, քան հստակ չափորոշիչներով, բայց այստեղ էլ եկեք չշտապենք և հասկանանք, որ սա հավանաբար վերաբերելու է միայն օդային ճանապարհին։ Ինչո՞ւ եմ սա շեշտում, որովհետև Եմ անդամ–պետություններից որոշները մինչև հիմա չեն կարող ցամաքով առանց վիզաների ճանապարհորդել։ Ռումինիայի և Բուլղարիայի դեպքում մենք տեսանք, որ նրանք մասնակի են շենգենյան զոնային միացել»։
Հայաստանի քաղաքացիներն արդեն օգտվում են ԵՄ-ի հետ վիզաների դյուրացման համաձայնագրի առավելություններից 2014 թվականի հունվարի 1-ից։ Եվրահանձնաժողովի հայտարարության համաձայն՝ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության ամրապնդմանն ուղղված մի շարք նախաձեռնությունների հաջորդականությունն է, այդ թվում՝ 2021 թվականի Արևելյան գործընկերության գագաթնաժողովի, որը քննարկում էր վիզաների ազատականացման նոր երկխոսությունների մեկնարկի հնարավորությունը, երբ պայմանները բավարարվեն:
Եվրահանձնաժողովն արձանագրում է, որ ԵՄ-ն և Հայաստանը առաջ են քաշել նոր և հավակնոտ գործընկերության օրակարգ՝ 2024 թվականի ապրիլի 5-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո։




