Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շարունակում է արտերկրում գործող հայկական վարժարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում, միօրյա և այլ տիպի կրթօջախներում դասավանդող հայագիտական առարկաների ուսուցիչների, տնօրենների, ուսումնական մասի տեսուչների վերապատրաստման ծրագիրը: Ծրագրին այս տարի կմասնակցեն 49 ուսուցիչներ Ռուսաստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Սիրիայից, Աբխազիայից, Շվեդիայից, Բելառուսից, Նիդեռլանդներից, Ավստրիայից, Իրանից, Ուկրաինայից: Ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնեղների 90 տոկոսը մասնակցում են առաջին անգամ:
Մեկնարկում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման հերթական ծրագիրը: Արդեն ավանդական դարձած ծրագրին այս տարի կմասնակցեն 49 ուսուցիչներ 12 երկրենրից: Կարևորելով այս նախաձեռնությունը` ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը կարծում է, որ սա նաև լավագույն հնարավորությունն է սփյուռքի մանկավարժներին համախմբելու և առկա խնդիրները խմբովի քննարկելու առումով:
«Մյուս կողմից մենք մեր բոլոր մասնակիցներին խնդրում ենք իրենց հետ բերել այն գաղափարներն ու նվաճումները, որ կան իրենց երկրներում: Այստեղ ավելի շատ տեղի է ունենում առաջավոր փորձի փոխանակում»:
Նաիրի Բալանյանը Հայաստան է եկել Պենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքից: Լինելով Հայկազյան ազգային վարժարանի տնօրենը, ադեն 2-րդ անգամ է մասնակցում վերապատրաստման այս ծրագրին:
«Աշխարհի 4 կողմից եկած ուսուցիչներիս նպատակը մեկն է`ապագա լավ սերունդ պատրաստել: Մեր երկրներում ամենամեծ խնդիրը ուսուցիչների պակասն է»:
ԿԳՆ Սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Նունե Վարդանյանի տեղեկացմամբ ծրագրով այս տարի վերապատրաստում իրականացվելու է 5 առանձնացված խմբերում` մեկօրյան դպրոցներ, մանկապարտեզներ, դպրոցների կառավարում, վերապատրաստողների վերապատրաստողներ, ամենօրյա դպրոցներ:
«Ուսուցիչների համար նախատեսված են նաև տարբեր այցելություններ պատմամշակութային վայրեր, նրանք մասնակից կլինեն տարբեր համերգների, մի խոսքով` բացի լսարանային դասընթացներից պատրաստված է նաև շատ հարուստ արտալսարանային ծրագիր»:
Նշենք, որ ուսուցիչների ընտրությունը կազմակերպվում է հայտատարության տեսքով: Բայց քանի որ կան համայնքներ, որտեղի ուսուցիչները Հայաստան հասնելու խնդիր ունեն, նրանց համար վերչապատրաստումն իրականացվում է տեղում: Սփյուռքի հետ կապերի բաժնի պետի տեղեկացմամբ` մինչ օրս նմանատիպ վերապատրաստումներ են իրականացվել Իրանում, Իրաքում, Եգիպտոսում, Սիրիայում, բայց մինչև պատերազմը: