
Հուլիսի 15-ից ՌԴ տարածք հայաստանյան 16 ընկերությունների արտադրանքի մատակարարումը ժամանակավորապես սահմանափակված է։ Արգելքից երկու օր անց էր ՍԱՏՄ–ն նամակ ստացել ռուս գործընկերներից, որտեղ նշվում էր, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ- բանջարեղենի ապրիլ-հունիս ամիսների խմբաքանակներում արձանագրել են խախտումներ։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն էլ հայտնեց, որ տնտեսվարողներն անմիջապես տեղեկացվել են իրենց բեռներում հայտնաբերված շեղումների մասին, իսկ տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է սկսել: ՍԱՏՄ–ից նշում են, որ սկսվել են բանակցություններ երկու կառույցների մասնագետների մասնակցությամբ: ՍԱՏՄ–ից փոխանցում են՝ բանակցությունները շարունակվում են։ Արտահնման արգելք ստացած ընկերություններից մի քանիսը հրաժարվեցին մեզ հետ հարցազրույցից, նշելով՝ նոր բան չունեն ասելու, դեռ սպասում են։
Ինչո՞ւ է հայկական արտադրանքը պարբերաբար ՌԴ–ում արտահանման արգելքի տակ հայտնվում։ Պատճառներն օբյեկտի՞վ են, թե՞ սուբյեկտիվ։ Խնդիրը սուր է հատկապես ամռան այս փուլում, երբ արտահանման ու մթերման բուռն շրջան է։ Ավելին՝ ՌԴ–ն Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է, ու արտահանվող ապրանքի հիմնական մասը հենց ռուսական շուկայում է սպառվում։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը վիճակագրական տվյալներ է մեջբերում՝ 2023–ին Հայաստանի ու ՌԴ–ի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 7․3 մլրդ դոլար․
«Համեմատության համար ասեմ, որ դա կազմում է ընդհանուր առևտրաշրջանառության 36 տոկոսը, դեպի ԵՄ 12 տոկոս է, ԱՄՆ–ի հետ՝ 3 տոկոս։ ՌԴ–ի հետ առևտրաշրջանառությունը մեզ համար շատ կարևոր է, և մեր արտահանողներն ու ներկրողները ՌԴ–ն դիտարկում են որպես հիմնական շուկա։ Հետևաբար ՌԴ –ի տնտեսական, մաքսային քաղաքականության փոփոխության արդյունքները բավականին խորը հետևանքներ են թողնում մեր տնտեսվարողների համար»։
Դրանիցից մեկն էլ հենց գյուղմթերքի՝ ռուսական շուկա ներմուծման արգելքն է հայկական 16 ընկերությունների նկատմամբ։ Հուլիսի 15-ից հայաստանյան այդ ընկերությունների արտադրանքի մատակարարումը ժամանակավորապես սահմանափակված է։ Արգելքից երկու օր անց էր ՍԱՏՄ–ն նամակ ստացել ռուս գործընկերներից, որտեղ նշվում էր, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ-բանջարեղենի ապրիլ-հունիս ամիսների խմբաքանակներում արձանագրել են խախտումներ։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն էլ հայտնեց, որ տնտեսվարողներն անմիջապես տեղեկացվել են իրենց բեռներում հայտնաբերված շեղումների մասին, իսկ տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է սկսել:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը մի քանի փոխկապակցված խնդիրներ է թվարկում․ նախ շեշտում է՝ բարեխիղճ տնտեսվարողների կողմից արտահանվող որևէ սապրանք լուրջ արգելքի չի հանդիպել։ «Ռոսսելխոզնադզորից» զգուշացրել են, որ հայտնաբերվել են դեպքեր, երբ սննդամթերքը հայկական ծագում չի ունեցել, կամ կան ներմուծված բաղադրիչներ, որոնք կասկածելի ծագում ունեն, չեն համապատասխանում ՌԴ ու ԵԱՏՄ չափորոշիչներին։
«Երրորդ խնդիրը դա վերարտահանման խնդիրն է, որտեղ միշտ չէ, որ պահպանվում են պահանջները։ Այս առումով ևս պետք է հաշվի առնել այն պահանջները, որտեղ սպառում ենք հայկական արտադրանքը»։
Ի՞նչ պետք է անել արտահանման մթերման այս փուլում՝ կառավարման օղակներն ու տնտեսվարողները պետք է շատ լուրջ վերաբերվեն խնդրին։ Պետք է հաշվի առնեն, որ ՀՀ–ից արտահանվող պատրաստի արտադրանքի գերաշկիռ մասը հենց ԵԱՏՄ ու ՌԴ շուկա է գնում, ասում է Մանասերյանը։
«Ծիրանի, լոլիկի մասով մենք հետընթաց ունենք։ Այդ տեղը զբաղեցրել է Ուզբեկստանը, Ադրբեջանը։ Նրանք ԵԱՏՄ անդամ չեն, սա նշանակում է, որ մենք մեզ ընձեռած հնարավորությունները ճիշտ չենք օգտագործում»։
ՍԱՏՄ–ից հիշեցնում են, որ 2023 թվականին արձանագրվել էին պտուղ-բանջարեղենի նկատմամբ ՍԱՏՄ ուղիղ վերահսկողական գործառույթ հանդիսացող բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման անհամապատասխանության դեպքեր, որոնց կարգավորման համար իրականացված վերահսկողության արդյունքներով 2024թ-ին անհամապատասխանություններն էականորեն նվազել են և դեպի ՌԴ արտահանման դժվարություններ բեռները չունեն: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը հիշեցնում է՝ սա արգելքի առաջին դեպքը չէ․
«2023 թ ապրիլի 1–ից արգելվեց հայկական կաթնամթերքի ներմուծումը ՌԴ՝ պայմանավորված իրանական կաթի սերուցքի կամ իրանական հումքի օգտագործմամբ։ Այդ ժամանակ նույնպես ռուսական կողմը զգուշացնում էր, որ չի կարելի ներկրել ԵԱՏՄ տարածք ռեեստրի մեջ չընդգրկված ընկերություններից հումք, բայց ՀՀ–ն ու պետական մարմինները աջ ու ձախ այդ թույլտվությունները տալիս էին։ Այժմ մենք փաստի առաջ ենք կանգնած՝ ներկայումս կաթնամերքի արտահանումը դեպի ՌԴ արգելված է, բացառությամբ՝ 9 ընկերության։ Նրանց թույլատրել են։ Եթե բանջարեղենի՝ լոլիկի ու խնձորի դեպքում կոնկրետ 16 ընկերություններ են արգելքի տակ, ապա կաթնամթերքի դեպքում ոլորտն է՝ բացառությամբ 9 ընկերության»։
Տնտեսագետն ընդգծում է՝ կախված արգելքի տակ հայտնված ընկերությունների ցանկից՝ արտահանմումը կամ գյուղոլորտն ընդհանրապես էապես կարող են տուժել։ Մինչ այս խնդիրները լուծվեն, առաջիկայում եղանակային պայմաններից կախված, կրկին արտահանողները կարող են խնդիրներ ունենալ․
«Արտահանողների խնդիրը միայն իրենցը չէ, դա պետությանն է, տնտեսությանն է։ Եթե ապրանքը չի արտահանվում, ապա մեր գյուղացիական տնտեսությունները սնանկանում են, պետբյուջեն հարկային քիչ մուտքեր է ունենում։ Հետևաբար այս խնդիրը պետք է ժամ ու րոպե առաջ լուծել»։
Փորձագիտական դաշտում ընդգծում են՝ համապատասխան մարմինները տեսանելի քայլեր չեն ձեռնարկում լուծումներ գտնելու համար։ Շոշափելի քայլ չկա։ Վերջին մեկ տարվա ընթացքում գյուղոլորտում լուրջ սահմանափակումներ կան՝ ամփոփում է Սուրեն Պարսյանն ու նշում՝ այսպես շարունակվելու դեպքում մյուս մշակաբույսերի արտահանման հետ էլ խնդիրներ կլինեն։ Լուծում կա՝ աշխատել գյուղացիների, ֆերմերների հետ, վերահսկել որակն ու ԵԱՏՄ ստանդարտներին համապատասխան ապրանք արտահանել։
Մասնագետները շարունակում են պնդել՝ ոլորտի զարգացման համար հայեցակարգային մոտեցում ու համակարգված աշխատանք է պետք կատարել։




