
Արմավիրի մարզում 602 կմ ընդհանուր երկարության ճանապարհներից վատ վիճակում է 85 կմ, բավարար՝ 167 կմ: Սա Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության ու ենթակառուցվածքների կառավարման վարչության գնահատականն է: Հատկապես վատ վիճակում են միջհամայնքային ճանապարհները, որոնք հիմնանորոգվելու են պետական բյուջեի միջոցներով ՝«Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի» պատվերով: Նորապատ-Ալաշկերտ ճանապարհի կառուցումը անցած տարի աշնանը սկսվեց Նորապատի կամրջի նորոգումից:
Ավարտին է մոտենում Նորապատ-Արգավանդ-Վարդանաշեն ճանապարհի Նորապատ-Ալաշկերտ 4 կմ-ոց հատվածի հիմնանորոգումը, որի պատճառով ամիսներ շարունակ շրջակա գյուղերի բնակիչները տուն են հասել այլընտրանքային ճանապարհով՝ ծախսելով կրկնակի ժամանակ: 25-30 րոպե տևողությամբ ճանապարհը մեքենաներն անցել են 50-55 րոպեում: Ճանապարհի դժվարություններից են խոսում Արմավիր-Արգավանդ-Մարգարա և Երևան-Ջանֆիդա երթուղային տրանսպորտով երթևեկող ուղևորները:
«Տրանսպորտը իր երթուղիով չի գնում, գնում ենք Բամբակաշատով, իսկ այն ժամանակ Սովետականով շուտ հասնում էինք Հոկտեմբերյան, ճանապարհը երկարել է, իսկ մյուս «Գազելը» գնում է Մրգաշատով: Մրգաշատի ճանապարհն ավելի քանդված է»:

«Հոկտեմբերյանից եկող ճանապարհը փակ էր մինչև Սովետական գյուղ: Շրջանցել ենք՝ Սովետականից գնացել ենք Մրգաշատ, որտեղ ճանապարհները շատ անբարվոք վիճակում են և մեկ ժամ է տևել մինչև հասել ենք Արմավիր»:
Արդեն մի քանի օր է՝ ճանապարհը բացվել է, թեպետ աշխատանքները դեռ չեն ավարտվել: Ասֆալտի ծածկույթի վերջին շերտի ու ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներն ընթացքի մեջ են: Ճանապարհը հիմնանորոգվում է պետական բյուջեի միջոցներով՝ ասում է Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Սարուխանյանը: Արժեքը 411 միլին դրամ է:
«Տարվա սկզբին սկսվել է, կավարտվի մեկ ամսից՝ հաշվի առնելով, որ այնտեղ ոռոգման համակարգի ջրատար 2 հանգույց կա, որը հատում է ճանապարհը: Այս պահին այդ աշխատանքներն են արվում»:
Ալաշկերտից մինչև Վարդանաշեն շարունակվող ճանապարհը նույնպես քանդված է, բայց ավելի վատ վիճակում է Արազափ գյուղի հատվածը, որտեղ նույնիսկ տաքսիներն են հրաժարվում սպասարկել: Այդ ճանապարհները քարուքանդ են եղել հանքանյութով բեռնված մեքենաների պատճառով: Խորեն Սարուխանյանն ասում է, որ ճանապարհի հիմնանորոգման խնդրի մասին տեղեկացրել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարաությանը:

«Ներկայացրել ենք և մեր տեղեկություններով՝ այդ մնացած հատվածը ևս պետք է հիմնանորոգվի, հավանաբար՝ 2025թ-ին»:
Խորեն Սարուխանյանն ասում է, որ Արմավիրի մարզի 602 կմ երկարությամբ ընդհանուր ճանապարհներից վատ վիճակում են 85.3 կմ-ը: Մրգաշատից Ալաշկերտ շրջանցիկ ճանապարհը նույնպես քանդված է և երթևեկելը դարձել է անհնարին, հաճախակի շարքից դուրս են գալիս տրանսպորտային միջոցները: Վատ վիճակում է նաև Մրգաշատ-Արևիկ ճանապարհը:
«Արևիկ գնացող ճանապարհը քանդվել է, քանի որ ծանր բեռնատարներ են անցնում: Ասֆալտի շերտն այնքան բարակ էր, ոչ թե կոտրվել է, այլ քանդվել, փոսեր առաջացել: Եթե մեքենան այդ փոսերով անցնի, վնասվելու է, այդ աստիճանի անհարթ է ասֆալտը, ալիքների նման: Մրգաշատից-Ալաշկերտ անցնող ճանապարհը լրիվ գրունտ է, հողային քանդված ճանապարհ: Ասֆալտ չկա»:
Միջհամայնքային ճանապարհները հիմնականում նորոգվում են «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի» պատվերով, պետական բյուջեի միջոցներով: Մրգաշատ-Արևիկ ճանապարհի հիմնանորոգումը ներկայացվել է ՏԿԵՆ՝ ասում է Խորեն Սարուխանյանը:
«Տանձուտ-Արևիկ հատվածի նախագիծը պատրաստ է, որն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը», չեմ կարող ասել, թե շինարարական մրցույթը երբ կհայտարարվի, բայց ընթացքի մեջ է: Մրգաշատ-Արևիկ-Եղեգնուտ-Երասխահուն ճանապարհը նույնպես շատ վատ վիճակում է, որի մասին բարձրաձայնել ենք ՏԿԵՆ՝ առաջիկա ծրագրերում ընդգրկելու համար»:
Մրգաշատ գյուղի կամուրջը երկար տարիներ տատանվում է ու դարձել է վթարային: Մեքենաները փորձում են շրջանցել այդ ճանապարհը.
«Կամուրջը սարսափելի քանդված վիճակում է, մարդիկ մեծամասամբ Նորապատով են գնում, որ վթարային վիճակից խուսափեն»:
Մրգաշատցիների համար այս տարի լավ նորություն կա. հիմնանորոգվելու է կամուրջն ու հարևան բնակավայր տանող ճանապարհը, որը համեմատաբար կթեթևացնի Արմավիր քաղաքը Նորապատ գյուղին կապող «Կարմիր կամրջի» երթևեկությունը:
Խորեն Սարուխանյան. «Մրգաշատի կամուրջն է շատ վատ վիճակում, որի մասին մի քանի անգամ բարձրաձայնել ենք, արդեն նախագիծը կա և ամբողջ ճանապարհը մինչև Արմավիր գյուղ հիմնանորոգվելու է՝ Մ5 միջպետական ճանապարհահատվածից-Արմավիր գյուղ»:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն առաջարկվել է հիմնանորոգել նաև Արմավիր քաղաքի «Կարմիր կամուրջը»: Վերջերս հիմնանորոգվել է քաղաքի մյուս ծայրամասի «Կապույտ կամրջից» մինչև Նորապատ 1.7կմ երկարությամբ շրջանցիկ ճանապարհահատվածը. Թալինից ու Գյումրիից եկող բեռնատարներն են անցնելու այդ հատվածով:




