
10 տարի է՝ լավաշը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Լավաշը, բացի բնիկ հայկական հացատեսակ լինելուց, նաև սերունդներին փոխանցվող հացաթխման մշակույթ է, որ դեռևս պահպանվել է Շիրակի գյուղերում: «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամը լավաշը հանրահռչակելու, ինչպես նաև գյուղերում հին ավանդույթները մոռացությունից փրկելու նպատակով 2-րդ տարին է Արևիկ գյուղում անցկացնում է Լավաշի փառատոն: Թեման շարունակում է Լուսինե Սարգսյանը:
«Մեծ հաճույք եմ ստանում, երբ հացը թոնրի մեջ թխվում է, բշտերը, հոտը, համը, մեծ հաճույք եմ ստանում»:
Մարիամ Վանոյանը 19 տարեկանում Ջաջուռից Արևիկ հարս է եկել: Լավաշից անբաժան է: Կյանքը չի պատկերացնում առանց լավաշ թխելու: Արմատներս Մուշից են՝ ասում է: Մանկուց եմ կապվել թոնրի ու լավաշի հետ: Թխել սովորել է սկեսրոջից, սովորեցրել հարսին: Միասին են թխում: Ապրուստի միջոց է լավաշը, ավանդույթ ու ազգային ինքնության խորհդանիշ՝ ասում է: Լավաշի խորհուրդը յուրովի է մեկնաբանում:
«Պապիկս բրուտագործ էր, թոնիրներ էր պատրաստում, երևի էդ ժամանակներից է սերը եկել դեպի թոնիրը, լավաշը: Շաբաթական մինչև 500-600 լավաշ եմ թխում»:
Շիրակի մարզի Արևիկ գյուղը դարձյալ մեկտեղել էր լավաշի սիրահարներին «Լավաշի կախարդանքը» խորագրով փառատոնն առաջին անգամ անցկացվեց 2023-ին՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին:


Հայկական լավաշը, որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի նմուշ, նորովի արժևորման ու պահպանման կարիք ունի՝ Շիրակի մարզային իշխանություններն են ասում: Այս տարի ևս փառատոնը հնարավոր է դարձել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ: Նախարարության մշակութային ժառանգության վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է՝ նման փառատոները մարզն ու համայնքը իր ավանդույթներով հանրահռչակելու լավագույն միջոց են, նաև տնտեսական զարգացման ևս մեկ խթան:


«Կարծում եմ տեղական բնույթի միջոցառումները, շատ կարևոր են, որ տեղաբնակները հասկանան, կարևորեն: Կարևորվում է միջոցառումների, և՛ մշակութային, և՛ տնտեսական բաղադրիչը և ավելի լայն առումով նպաստում է համայնքի կայուն զարգացմանը»:
Փառատոնի կազմակերպիչ «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի ղեկավար Երանուհի Սողոյանն ասում է փառատոնը շեշտադրում է ոչ միայն լավաշ թխելու ավանդույթների պահպանումը, այլև տուրիզմը մայրաքաղաքից համայնքներ բերելն ու համայնքներն աշխուժացնելը:


Երանուհի Սողոյան․ «Մեր ծրագիրը, որը կոչվեց «Լավաշ. միասնականության ու հզորության խորհրդանիշ», 4 ամիս տևեց, որովհետև մենք ունեցանք նաև հացաթխման վարպետաց դասեր, ստեղծագործական փուլ, որի արդյունք են գեղանկարները, շարֆերը, մեր համեղ տաղավարները: Կունենանք մեղրի համտես, այստեղ կգտնեք Արևիկի լավաշը: Հարևան գյուղերից կան, մեր արցախցիներն են մեզ հետ՝ իրենց խոհանոցով, արվեստով»:
Անուշաբույր ու համեղ լավաշը դեռ խորհրդային տարիներից է դարձել Արևիկի բրենդը: Ժամանակին գյուղում շատ էին հմուտ հացթուխները՝ ասում է Սուսաննա Սուքիասյանը: 30 տարուց ավել է՝ լավաշ է թխում: Աստիճանաբար մարում են ավանդույթները, գյուղի երիտասարդներն այնքան էլ սեր չունեն լավաշ թխելու հետ, դժվար գործ է, բայց երբ քո տան հացը քո ձեռքով ես պատրաստում՝ աննկարագրելի զգացողություն է: Կարմրահատ ցորեն, ջուր ու սեր, որով հունցվում է լավաշի խմորը: Թոնրի շրթին հավաքվում, դեսից դենից զրուցում ենք ու լավաշ թխում՝ ասում է:


«Լավաշ թխելը ապրուստի միջոց է, տունը առանց լավաշի սուտ է: Ինչքան էլ սոմին հաց ուտենք, մեկ է, լավաշն ուրիշ է: Ես ինձ ինչ հիշում եմ, 4-րդ դասարանից լավաշ թխելու գործի մեջ եմ գրտնակել եմ, գնդել եմ, հիմա էլ ես եմ թխում»:
Արցախի ժենգյալով հաց, անարատ մեղր, թեմատիկ սթրիթ արտ, լավաշանման շարֆեր ու վաճառքի հանված հագուստներ և իհարկե, օրվա խորհրանիշ թոնրաբույր լավաշ. փառատոնի հյուրերը հնարավորություն ունեցան թե՛ գնումներ կատարել, թե՛ բավարարել իրենց գաստրոճաշակը: Լավաշը սպառվեց միանգամից: Արմատներով գյումրեցի Անուշ Սարգսյան- Գյուզել Տաշչյանը Շվեյցարիայում է ապրում: Ընտանիքով էր փառատոնին եկել: Լավ է, ասում է, որ ուզում են հին ավանդույթները պահպանել, ավելի լավ կլիներ դեպի Արևիկ եկող ճանապարհը նորոգվեր. ավելի շատ զբոսաշրջիկներ կգային


«Ես այստեղից էնքան լավաշ եմ առնում, որ տարվա ընթացքում սառցարանում պահում եմ: Լավաշը կյանք է: Շատ գովելի նախաձեռնություն է: Ցանկալի կլիներ, որ ավելի շատ գովազդեին, շատ մարդիկ գային, որ տեղական իշխանությունները մի քիչ ճանապարհների մասին հոգ տանեին»:
Փառատոները նաև գյուղերի կայուն զարգացմանը նպաստող գործիքներ են՝ կազմակերպիչներն են ասում: Գյուղն ու գյուղի մարդուն փառաբանելով՝ գյուղական համայնքների բնակիչների շրջանում նաև փառատոնային մշակույթ է ձևավորվում:




