ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Վենետիկ դարձող» Երևանը հեղեղատար նոր համակարգի կարիք ունի․ անելիքները շատ են, ծախսերը՝ մեծ

Երևանը նոր հեղեղատար համակարգի կարիք ունի․ եղածը որոշ տեղերում քայքայված վնասված է ու փոքր թողունակություն ունի։ Հենց սա է պատճառը, որ վերջին շրջանի հորդառատ անձրևներից հետո մայրաքաղաքի փողոցները միանգամից վարար գետերի են վերածվում։ Քաղաքապետարանում գույքագրել են խնդիրներն ու պարզել, որ Երևանի շուրջ 3 տասնյակ հասցեներում առհասարակ բացակայում է հեղեղատար համակարգը։ Ոչ միայն այս, այլև առհասարակ ջրահեռացման՝ կոյուղացանցի ու ջրամատակարարման ոլորտում անելիքները շատ են, ծախսերն ու պահանջվող միջոցները՝ ևս։

Հորդառատ անձրև ու Երևանը միանգամից Վենետիկ է «դառնում»։  Մի քանի օր առաջ տեղացած վերջին անձրևն այս անգամ նոր հասցե ուներ՝ մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի նախամուտք էր լցվել։ Սա առաջին դեպքը չէ․ հորդառատ անձրևներից հետո մայրաքաղաքի փողոցները, կամրջային անցումները, հետիոտնային գետնանցումները միանգամից հոսող գետերի են վերածվում։ Այսօր քաղաքապետ Տիգրան Ավինյանը հենց այս խնդրով է սկսում հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։

«Խոսենք, առհասարակ, անձրևատար համակարգից և այն խնդիրներից, որ կրկին նախորդ շաբաթ առաջացան»,-արձանագրում է քաղաքապետը։

Երևանը պետք է հեղեղատար նոր համակարգ ունենա՝ ուսումնասիրությունից հետո քաղաքապետարանում այս երզրահանգմանն են եկել։ Այս պահին երկու կարևոր խնդիր կա՝ նախ առկա համակարգի ֆիզիկական վիճակը, թողունակությունը, քայքայվածությունը, հետո նաև հեղեղատարներ չունեցող հասցեներում դրանց կառուցումը։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը մանրամասնում է՝ գույքագրել ու պարզել են, որ օրինակ, բակային հատվածներում հեղեղատար համակարգը պարբերաբար միջամտությունների է ենթարկվել, այսպես ասած, զոհ գնացել տարատեսակ կառուցապատումների, ու հիմնականում պարզապես չի գործում։

«Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների 29 հասցեներում բացակայում է հեղեհատար համակարգը, և որի կառուցման անհրաժեշտությունը կա։ Մնացած 7.2 կմ բաժին է ընկնում այն հատվածներին, որտեղ հեղեղատար համակարգը կա, կառուցված է, բայց ենթակա է վերակառուցման, նախ՝ ֆիզիկական վիճակը լավ չի և թողունակությունը չի բավարարում։ Պարոն քաղաքապետ, այն մեծ փաթեթը, որը երկու շաբաթ առաջ ձեր ստորագրությամբ ներկայացվեց կառավարություն՝ ջրամատակարաման, ջրահեռացման համակարգում ամենահրատապ ու հեռանկարային խնդիրները, այս ցանկում ներառված է նաև այս խնդիրը»։

Մայրաքաղաքում ջրահեռացման համակարգի սպասարկումը, պայմանագրի համաձայն, պետք է իրականացնի «Վեոլիա ջուր» ընկերությունը։ Արեյանն ասում է՝ հարցը քննարկվել է նաև այս կազմակերպության հետ։ Ընկերությունը պետք է ու վերանայի սպասարկման որակը, հաճախականությունը ու ծավալները։ Անձրևի բերած կեղտը նման ծավալի տեղումների դեպքում գոնե շաբաթը մեկ անգամ պետք է մաքրվի։

«Սա ոչ որպես արդարացում, բայց օբեկտիվ երևույթ․ տեղումների քանակը մեծ է և գերազանցում է նորման։ Ցանկացած համակարգ նման գերնորմատիվային տեղումների դեպքում կարող է և չընդունել ամբողջությամբ՝ թողունակությունը չհերիքել ու առաջացնել ջրականգեր»,-ասում է Արեյանը։

Անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանը ևս պետք է իր հատուկ տեխնիկան ունենա համակարգը մաքրելու ու սպասարկելու համար՝ կարծում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ջրահեռացման ու նաև ջրամատարակարման ոլորտի բոլոր խնդիրները քաղաքապետարանը փոխվարչապետին է ներկայացրել, քննարկել է «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը վերանայելու հարցը։

Վերջին շաբաթվա ընթացքում աղմուկ ու քննարկումներ կաին նաև մայրաքաղաքում խմելու ջրի որակի հետ կապված․ չնայած դրան, Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնը հաղորդում է՝ վերջին 2 շաբաթում 57 նմուշ խմելու ջրի լաբորատոր հետազոտություն են իրականացրել։ Արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել։

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյան

«Այս սեզոնին որոշ վարչական շրջաններում ջրի պակասով պայմանավորված ջրի ամբողջ ծավալի մեջ նաև որոշակի քանակով արտեզյան ջրեր են ավելացվում և հետաքրքիր է՝ երբ մենք ասում ենք՝ շեղումներ չեն արձանագրվել, արդյո՞ք այդ դեպքերը նույնպես համարվում են ստանդարտի մեջ»,-քաղաքապետ Տիգրան Ավինյանին ՀՎԿԱԿ-ի ներկայացուցիչ Մարինե Քոթանյանն է արձագանքում։

«Այո, այդ դեպքերում մենք էլ բնակիչների կողմից ահազանգեր ենք ստանում ու լրացուցիչ նմուշառումներ են իրականացվում, երբևիցե խնդիրներ կամ շեղումներ չեն արձանագրվել, հիմնականում բնակիչները գանգատվում են ջրի համի ու հոտի զգացողությունից։ Արտեզյան ջրի համը տարբերվում է, սակայն բալային ցուցանիշով դա նորմայի սահմաններում է, անվտանգ է այդ իսկ պատճառով համարվում է խմելու համար պիտանի խմելու ջուր»։

Քաղաքապետարանում արձանագրում են՝ վերջին տարիներին արտեզյան ջրերի քանակը խմելու ջրի ընդհանուր ծավալի մեջ պակասացվել է։ Ավինյանը, սակայն, հանձնարարում է՝ պետք է աշխատանքներ տանել ինչ որ պահից այս խառնուրդը խմելու ջրից բացառելու համար։

Կարդացեք նաև

Back to top button