
Նոյեմբերին Բաքվում անցկացվելիք COP 29 կլիմայական հարցերով միջազգային համաժողովը խոստանում է կարևոր հանգրվան դառնալ հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Վերլուծաբանների մի մասը հավանական է համարում այդ համաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերվելիք համաձայնությունը, անգամ որևէ փաստաթղթի ստորագրումը։
Կան նաև վերլուծություններ, ըստ որոնց՝ պայմանավորվածությունների բացակայության դեպքում միջազգային համաժողովից հետո Ադրբեջանը կարող է նոր սադրանքների դիմել։ Այս հավանականությունը պաշտոնական հայտարարությամբ չէր բացառել նաև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Իսկ այդ ընթացքում Ադրբեջանն արդեն Հայաստանին համաժողովին մասնակցելու պաշտոնական հրավեր է ուղարկել։
Բաքվից հրավեր է ստացել ոչ թե Հայաստանի վարչապետը, այլ՝ արտգործնախարարը։ Պաշտոնական հրավեր ուղարկողը COP29 համաժողովի նախագահ Մուխտար Բաբաևն է։ Միայն այս փաստը բավարար է հասկանալու համար, որ նոյեմբերին Բաքվում Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության պայմանագրի» ստորագրում նախատեսված չէ։
Մինչև վերջերս նման հնարավորության մասին գրում էր ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական մամուլը։ Դեռ անցած ամիս ադրբեջանական մեդիա տիրույթում տեղեկություններ էին շրջանառվում, թե Բաքու մեկնելու է Նիկոլ Փաշինյանը, ինչին ի պատասխան Հայաստանի վարչապետի խոսնակը հայտարարեց, որ Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց ծրագրված չէ։
COP29-ի քաղաքական հնարավորությունների սկզբնաղբյուրը, թերևս, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հայտարարությունն էր, որը նա արեց անցած մայիսին՝ համարելով, թե COP29-ի համաժողովը լավ հնարավորություն է Խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Սակայն, ամիսներ անց, պաշտոնական Բաքուն սկսեց խոսել ոչ թե Խաղաղության պայմանագիր ստորագրելու, այլ հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության գալու մասին։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ կողմերի սպասողական քաղաքականությունն ունի հստակ նպատակ․
«Որովհետև ամբողջ աշխարհում սպասողական վիճակ է՝ կապված առաջին հերթին ԱՄՆ-ում տեղի ունեցող գործընթացների հետ։ Այս իրավիճակում աշխարհում տեղի ունեցող գործընթացները կարող են որոշակի փոփոխություններ կրել, ինչի մասին շատերն են խոսում, առաջնահերթությունները կփոխվեն։ Եթե իսկապես նման միտումներ կան, իսկ նման միտումներ եթե այնուամենայնիվ կան, ապա այս պահին վերջնական հանգուցալուծումներ փնտրելը այնքան էլ իրատեսական չէ»։
Ամեն դեպքում, Հայաստան ուղարկված հրավերը ադրբեջանական կողմից Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը շտապել է ներկայացնել որպես «Ադրբեջանի բարի կամքի ու ներառական մոտեցման» դրսևորում՝ հաշվի առնելով, որ կողմերը չունեն դիվանագիտական հարաբերություններ։ Հաջիևն իր խոսքում բացել է նաև Ադրբեջանի այս պահի նպատակները՝ ոչ թե «Խաղաղության պայմանագիր», այլ՝ Խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքների հաստատում։ «Այդ սկզբունքների ներդաշնակեցումը կարող է բարիդրացիական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև»,-ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը՝ ընդգծելով, որ կողմերը դրանց շուրջ կարող են համաձայնության գալ մինչև նոյեմբերին Բաքվում կայանալիք COP 29-ը։
Սա, փաստորեն, կարելի է համարել Բաքվի պաշտոնական պատասխանը Երևանի առաջարկին՝ առաջիկա մեկ ամսում ամբողջացնել խաղաղության պայմանագրի տեքստն ու ստորագրել այն։
Մեծ Բրիտանիայից վերադառնալուց հետո, որտեղ տապալվեց Փաշինյան-Ալիև հանդիպումը, Ադրբեջանի նախագահը գլոբալ մեդիաֆորումին նոր պահանջներ է ներկայացնել Հայաստանին՝ ակնկալելով Հայաստանի կառավարությունից ստանալ կոնկրետ առաջարկներ։ Ալիևը կրկին վերահաստատել է Բաքվի նախապայմաները, Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը հնարավոր է եթե Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը և երկրորդ՝ եթե ընդունի Բաքվի առաջարկը՝ դիմել ԵԱՀԿ-ին՝ երեք տասնամյակ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղված Մինսկի խումբը լուծարելու համար։

Քաղաքագետ, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը համոզված է, որ Ալիևն իր պահանջների զինանոցն անընդհատ կարող է համալրել։
«Խոսել է «Արևմտյան Ադրբեջանից», խոսել է ադրբեջանցիների վերադարձի հարցից, այսինքն՝ պարզապես թուլանում է խոսակցությունը այն մասին, թե այստեղ խաղաղության գործընթացի մասին ընդհանրապես մոտիվացիա կա։ Այս ելույթով ինձ համար ակնհայտ է դառնում, որ մինչև COP29 կամ անմիջապես դրանից հետո կամ մոտ ապագայում խաղաղության որևէ պայմանագրի մասին մենք կարող ենք հույս ունենալ կամ մտածես։ Ես դա մեծ հաշվով շատ փոքր հավանական եմ համարում»։
Հայաստանում ապրող ադրբեջանցիների կամ նրանց ժառանգների Հայաստան վերադարձի թեմային սոցցանցում գրառմամբ անդրադարձել է «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մանե Թանդիլյանը՝ հայտարարությունը հերթական անհեթեթություն որակելով, որի նպատակը շարունակվող ագրեսիան է։
«Հարկ եմ համարում հիշեցնել, այդ թվում միջազգային գործընկերներին, որ Հայաստանի տարածքում երբեք Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ չեն ապրել։ Խորհրդային Հայաստանի տարածքում 1989թ. դրությամբ ապրել են մոտ 80 000 ադրբեջանցիներ, ովքեր ինքնակամ վերադարձել են Ադրբեջան բացառապես ԽՍՀՄ փլուզման հետևանքով, այնպես, ինչպես բազմաթիվ ադրբեջանցիներ վերադարձել են Ադրբեջան նախկին ԽՍՀՄ այլ երկրներից։
Օրինակ, ԽՍՀՄ փլուզումից հետո Վրաստանը լքել են ավելի քան 100 000 ադրբեջանցիներ։
Նույնիսկ ադրբեջանական աղբյուրներում չկա որևէ հիշատակում, որ ադրբեջանցիները Հայաստանը լքել են հարկադրված, հետևաբար, նրանք արդեն վերադարձել են և վերադարձել են իրենց հայրենիք՝ Ադրբեջան։ Ի տարբերություն սրա՝ ավելի քան 400 000 հայ Ադրբեջանի տարածքում ենթարկվել է ցեղասպանության, բռնի տեղահանման։ Այս ամենի կողքին բոլորովին անընդունելի է համեմատությունը նաև Արցախում ապրած հայերի հետ, ովքեր ապրել են իրենց հայրենիքում հազարամյակներով՝ ունենալով նաև հայապատկանություն իրենց հայրենիքի նկատմամբ»։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի կարծիքով՝ Ադրբեջանի պատրաստած դիվանագիտական թակարդից խուսափելու համար հայկական կողմը պետք է մեկնի Բաքու մեկ պայմանով՝ եթե պատվիրակության հետ Երևան վերադառնան բոլոր հայ ռազմագերիները, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել Բաքվից ստացված հրավերին, արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Բաքու մեկնելու հարցը դեռ որոշված չէ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից փոխանցում են, որ «հարցին անդրադարձ լինելու պարագայում կտեղեկացնեն»։




