
Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես աստիճանաբար փոխվում է վաճառվող բնակարանից պահանջվող ակնկալիքները։ Եթե նախկինում բնակարանի գինը կախված էր վայրից, հարկից, այսօր արդեն կարևոր բաղադրիչ է՝ ջերմամեկուսացված է շենքը, թե ոչ։
Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ ու Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ իրականացնում է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիկսերի նվազեցում» ծրագիրը։ 2017-ից ընթացող ծրագիրը ևս երկու տարի կշարունակվի։
Ծախսել քիչ, խնայել շատ, տաքանալ՝ ավելի լավ, նվազեցնել արտանետվող գազերի քանակը․ ժամանակակից աշխարհում բնակարանները տաքացնելու լավագույն տարբերակը ճիշտ ջերմամեկուսացումն է։ Լոռու մարզի երկու՝ Սպիտակ ու Ստեփանավան, ինչպես նաև Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում նման շենքեր կան։ Դրանք ունեն նաև իրենց էներգետիկ անձնագրերը։
2000 թվականի մայիսին շահագործման հանձնված Ստեփանավանի Ռումինական 4 հասցեում գտնվող շենքում արդեն 3 տարի է, ինչ տանիքը, արտաքին պատերը, մուտքը, նկուղը ջերմամեկուսացված են՝ ասում է շենքի բնակիչ Մերուժան Սարգսյանը․
«Շատ չոր, հարմար շենք է։ Նկուղում էլ է նույն ջերմաստիճանը։ Ես էլ եմ աշխատել էս շենքի վրա, իհարկե, արդարացված են ծախսերը։ Մուտքի դուռն ու պատուհաններն են փոխել, պատերն են ջերմացրել։ Ծրագրով էր դա նախատեսված։ Ամեն ինչ իրենք են արել»։
Բնակարաններում միջինում 4-5 աստիճան ավելի տաք է՝ փաստում են։ Բացի այդ, շենքերի արտաքին տեսքն ավելի բարեկարգ է դարձել։ Ջերմամեկուսաված շենքերում բնակարաններն ավելի բարձր գին ունեն։ Բայց խնայողությունների կամ ծախսերի կրճատումը պայմանավորված է նաև այլ հանգամանքներով, ինչպես այս զրուցակցիս՝ Հասմիկ Դոխոլյանի դեպքում է։
«Տարբերություն կա, բայց ոչ զգալի, քանի որ իմ հիմնական պատը միջանցքի պատն է՝ դրսից։ Ջեռուցում չկա այդտեղ։ Երկու մուտք ունենք, շատ ժամանակ դուռը բաց է մնում, ներքևի հարկում էլ բնակվող չկա։ Փոփոխություն կա, բայց ոչ մյուսների նման էական»։
Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ ու շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ իրականացնում է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիկսերի նվազեցում» ծրագիրը։ 2017-ին սկսված ծրագիրը ևս երկու տարի կշարունակվի։
Նպատակը՝ նվազեցնել Հայաստանում գոյություն ունեցող շենքերի էներգասպառումը՝ նպաստելով ջերմոցային գազերի արտանետումների, աղքատության կրճատմանը։ 2020-2023 թթ Ծրագրի կողմից ուսումնասիրվել են Պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ներկայացված ավելի քան 100 ֆինանսավորման հայտ։ Արդյունքում 18 համայքի տրամադրվել է տեխնիկական օժանդակություն և համաֆինանսավորում 200-ից ավելի շենքերի ջերմարդիականացման համար։
ՄԱԶԾ ԿԿՀ ծրագրի համակարգող Վահրամ Ջալալյանը մանրամասնում է՝ ծրագրի շահառու շենքերը պետք է վթարային չլինեն, բայց եթե սեյսմակայունության բարձարցում է նախատեսվում, ծրագրի շահառու կարող են դառնալ։ Շենքերի համաֆինանսավորումը սկսել է գործել 2020-ի աշնանից։
«Շահառու կարող է դառնալ ցանկացած շենք՝ բնակելի կամ հասարակական, չունի սահմանափակում` մարզերի։ Հայաստանի ողջ տարածքում իրականացնում ենք։ Սա կոնկրետ պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակում է։ Երեք աղբյուր ունի՝ համայնք, պետական բյուջե ու ծրագրի գրանտային ռեսուրս»։
Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ընդգծում է՝ ծրագրի հաջողություններից է այն, որ Հայաստանում էներգաարդյունավետութան մշակույթն է զարգանում։
«Կարծում եմ՝ շատ ակրևոր է, որ բոլորը՝բնակիչները, կառավարությունը գիտակցում են, որ էներգաարդյունավետությունը լավ է հենց իերնց համար։ Բարելավում է իրենց պայմանները, բաձրացնում է նաև տների գները։ Դրանք ավելի արժեքավոր են դառնում։ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը հենց այսպես է աշխատում։ Մենք փորձարկում, պիլոտավորում ենք նորարարական գաղափարներ, մարդիկ տեսնում են դրանց արդյունավետութունը, պահանջարկը ավելանում է, միջոցառումները՝ նույնպես»։
Հայաստանում շենքերի էներգետիկ ներուժի մասին ամփոփ պատկերն առաջիկայում պատրաստ կլինի։ ՇՄ նախարարության «Շենքերի ոլորտում չափողունակություն, հաշվետվողականություն, հավաստագրում համակարգի ստեղծում և գիտելիքների կառավարում» բաղադրիչի համակարգող Արմեն Աջամօղլյանը մանրամասնում է՝ էներգետիկ կառավարման տեղեկատվական համակարգի տեղայնացում են նախատեսում։
«Ամբողջ հարցերի պատասխանը կտա՝ թե մեր շենքերը որքան պոտենցիալ ունեն։ Հիմնականում շենքերը կառուցվել են խորհրդային տարիներին։ Ունենք մեծ էներգակորուստ։ Իրականացվում է էներգետիկ հաշվարկ, աուդիտ, բոլոր շենքերում կազմվում են պիտակներ, թե ինչ դասի է եղել շենքը, որքան է եղել կորուստը, ի՞նչ աշխատանքներ են պետք իրականցնել, որ բարձրանա շենքի ջերմաարդիականության հարցը»։
Դեռ երկու տարի ծրագիրը կշարունակվի։ Դրանից հետո արդեն, կախված ֆինանսավորումից ու մի շարք այլ գործոններից, պարզ կլինի ծրագրի հետագա ճակատագիրը։











