
«Կտուցով նորածին երեխա բերող թռչունը», որը նույն ասույթում սպիտակ գույն ունի, մեր օրերում ճերմակ չէ։ Արագիլների խնդրին ծանոթանալու համար միանում եմ «BirdLinks Հայաստան»-ի մոնիթորինգային թիմին։ Վաղ առավոտյան թռչնի թվաքանակի առումով առաջատար Արարատի մարզում ենք։
Արաքսավանցիները քնած են, բայց նրանց տների հարևանությամբ արթուն են մեր «հաշվառման օբյեկտները»։
«Մենք Արաքսավանում ենք, 1-ին բնում ունենք հասուն արագիլ, որը թեթև կեղտոտված է ու ձագ, որը լրիվ մաքուր է։ 2-րդ բնում՝ 2 հասուն արագիլ, որոնք գրեթե մաքուր են, բայց չունենք ձագ։ 3-րդում՝ մաքուր ձագ, և սյան վրա նստած է ծնողը, որը մի թեթև կեղտոտված է»։
Թռչուններին «դեմքով ճանաչողը», տարիքի և ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկություն հայտնողը «BirdLinks Հայաստան»-ի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Աղաբաբայանն է։
Ձագերի մաքուր լինելը վկայում է՝ տարածքում ձեթանման թափոններն այնքան էլ շատ չեն։ Ծնողները թափոններում ճաշակելու հումք են գտել, աղտոտվել, բայց ձագերի համար մաքուր վայրերից որսացել գորտ, մուկ, մորեխ։
«Այսինքն՝ արագիլները չեն բերել ձեթանման թափոնները, չեն լցրել բնում, որն էլ կեղտոտում է ձագին»։
Բոլոր փողոցներում երկարարակտուցներին հաշվել-լուսանկարելուց հետո ուղևորվում ենք հարևան բնակավայր։ Գործը բարդանում է․ Հովտաշենում բարձր է արագիլների խտությունը։ Մոնիթորինգի թիմի ղեկավարին դա գոհացնում է, անհանգստացնում՝ ձագուկների թիվը։
-Էստեղ 3 մե՞ծ են բնում։
-3 ձագուկներ են, որոնք դեռ չեն թռչում։ Ծնողները, որ բերում են այդ յուղոտ մասսան ու լցնում բնում, որ ձագերը սնվեն, կեղտոտվում են։ Դա է խնդիրը, որ մենք ունենում ենք դեռ չթռչող ձագեր՝ արդեն աղտոտված։ Յուղը պատում է փետուրների մազմզուկները և, երբ իրենք անում են առաջին թռիչքը, լավ չեն վայրէջք կատարում, կոտրում են թև, ոտք, անկում են։
Մասնագետի դիտարկմամբ՝ տեղում 1 ընտանիքի հաշվով ձագերի միջին թիվը 2-ն է, կատարյալ արդյունքի համար պետք է լինի 3-4։
Մեծ ու ձագուկ՝ անզեն աչքով տարբերակել հնարավոր է։
-Մեծերի մոտ կտուցն ամբողջությամբ կարմիր է, իսկ ձագերի մոտ սկզբից սև է, հետո կամաց-կամաց հիմքից սկսում է կարմրել։
-Այս բնում, որ փորձում են թևերը թափահարել, թռիչքի առաջին փորձն է՞։
-Այո, սա այն ժամանակաշրջանն է, երբ ձագերը թևերը թափահարելով մարզում են մկանները և պատրաստվում թռիչքի։
Հովտաշեն․ վայր, ուր արագիլները մարդու կարիքը զգացին
-Կպատմե՞ք, ինչո՞ւ են արագիլները գալիս ձեզ մոտ։
-Բարի ժողովուրդ ենք, արագիլներին շատ լավ ենք պահում։ Չենք թողնում ընդհանրապես որսորդները մոտենան, օրինակ, դեպք է եղել, ես ինչ որ պետք է ասել եմ։
Մեսրոպ Հարությունյանը վաղ առավոտյան շինարարությամբ է զբաղված, տան շուրջբոլորը՝ սյուների վրա ճյուղերից հյուսված բներ են։ Երբ արագիլն աղտոտված լինելու պատճառով մարդու օգնության կարիք է զգացել, փայտից թել է կապել, վրան ամրացրել մսեղեն, որ փետրավորն առանց վախի սնվի։

«Հիմա փառք Աստծո, այս տարի մի քիչ լավ է, էդքան շատ չեն կեղտոտվում»։
Արագիլ կերակրող գյուղապետ էլ են ունեցել։ Դեպքը տեղի է ունեցել 2019թ.-ին։ Համայնքում ֆուտբոլի դաշտ ունեն՝ նոր կառուցվող Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցու և գյուղապետարանի հարևանությամբ։ Ձեթից ծանրացած թևերով՝ թռչել չկարողացող արագիլները հավաքվել են հրապարակում, hովտաշենցիներն իրար են անցել, գտել դրանց պահպանությամբ զբաղվող կառույցին։ Լուրը հասել է համացանց, Երևանից մասնագետների ու կամավորների խումբ է եկել։
Հարևանությամբ բնակվող Մասիս Խաչատրյանն իր տնից տաք ջրի մատակարարումն է ապահովել։
-Այս հատվածում վրաննաներ էին։ Դե մասնագետները գալիս էին, նյութերով մաքրում էին, էլի բարի մարդ էր՝ տարածք էր տվել, տանում էին այնտեղ, ինչ-որ ժամանակ էր պետք, որ չորանային ու անցնեին թռիչքի։ Էդպես մի քանի տարի արվեց, բայց այս 2-3 տարին նորմալ էր։ Մաքրելը շատ օգուտ տվեց, իրենք նորից ոնց որ վերածնվեին։
-Իսկ կա՞ մեկը, որ հատկապես «մեդալի էր արժանի» գյուղում։
-Հա, Սուրեն Մկրտչյանը, մեր առաջվա համայնքապետը։ Բերում էր ձուկ էր տալիս անընդհատ, ինքն իր ձեռքով ամեն օր կերակրում էր։
Արագիլ լվանալը «ամեն մարդու բան չէ»
Աղտոտման խնդիրը հենց Հովտաշենից սկսվեց՝ մանրամասնում է թռչնաբան Կարեն Աղաբաբյանը։
«Գյուղապետարանի մոտ ստեղծեցինք մաքրման մոբիլ կայան, մաքրեցինք 24-ին, 2-ն անկեցին։ Հյուծվածության պատճառով սթրեսին չդիմացան, լողացնելն իրենց համար ամեն դեպքում սթրես է։ Դրանից հետո մի քիչ փոխեցինք մաքրելու ռազմավարությունը։
Մենք իրենց որոշ ժամանակ ինտենսիվ կերակրում էինք, որ քաշ հավաքեն, հետո լողացնում։ Եվ դրանից հետո հաջորդ տարիներին չենք ունեցել ոչ մի անկում»։
Խնդրի տարածումը Արարատ և Արմավիր մարզերի զգալի մասում բարձրաձայնման հետ էր կապված՝ նշում է մասնագետը։ Լուրը տարածվելուն պես արտադրամասերը թափոնները սկսեցին հեռացնել ուր հնարավոր է, արդյունքում՝ աղտոտվածության աշխարհագրությունը մեծացավ։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը արտադրամասերին զուգահեռ 2021թ.-ին ստուգումներ է իրականացրել «Մասիսի կոմունալ տնտեսությունում», պարզել՝ չեն պահպանվում նորմերը, առկա չէ թափոնները հավաքելու, օգտահանելու կամ թաղելու լիցենզիա՝ ասում է է կառույցի «իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների» բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանը։
«Տեսչական մարմինն ունի տեսագրություններ, որոնք փաստում են՝ արագիլները կերի փնտրտուքի ընթացքում աղտոտվում են հենց Մասիսի աղբավայրի տարածքում՝ տարատեսակ թափոններից առաջացած յուղերով։ Ընկերության տնօրենը ենթարկվեց վարչական պատասխանատվության, նշանակվել են տուգանքներ։ Ստուգումներից հետո թափոնների տեղադրումը ներկայումս կատարվում է ավելի կանոնակարգված։ Հատկապես սննդային ճարպեր և յուղեր պարունակող թափոնները հիմա տեղադրվում են հորման եղանակով»։
«BirdLinks Հայաստան»-ի ղեկավարն էլ մանրամասնում է՝ թափոնները թե ձկնաբուծարանների, թե չիպսեր ու պահածոներ արտադրողների գործունեության հետևանք են։ Ձեթանման թափոնները պահանջարկ ունեն արտերկրում, ձկան վերամշակումից մնացած օրգաններից էլ կարելի է ընդհուպ մինչև բժշկական նշանակության յուղ ստանալ, հարկ է պարզապես կազմակերպել ամենը։
Կոկորդային ձայն չունեցող թռչնի օգտակարությունը
Արագիլները բնության արժեշղթայի կարևոր մաս են. Արարատյան դաշտում և մյուս վայրերում դրանք ոչնչացնում են մկնանման կրծողներին ու մորեխներին՝ օգնելով գյուղատնտեսությանը։ Նորամարգ բնակավայրում նկատել են նաև օձ որսալու հանգամանքը։ Մաշտոց փողոցի բնակչուհի տիկին Ջուլիետան «փետրավոր որսորդներից» մեծ ու փոքրին ձայնով է տարբերում։
-Ձայները անընդհատ ե՞ն։
-Հա, այդ կտկտոցնե՞րը, երևի ինչ որ ժեստ է, ձագերն էլ այլ ձայներ են հանում, ոնց որ երեխաների նման, լսո՞ւմ եք։ Հիմա ինչ-որ բան են իրար ասում։
Թռչնաբան Կարեն Աղաբաբայանը բացատրում է՝ խզխզոցի նմանվող կոկորդային ձայն միայն ձագերն ունեն։ Հետո ձայնալարերն ապաճում են, և հասուն արագիլները, կտցի վերին ու ստորին մասերն իրար արագ-արագ զարկելով, արձակում են կափկափյուն։
Մասնագետը հավելում է՝ բացարձակ ճերմակ արագիլներ կարող ենք տեսնել Լոռիում և Շիրակում։ Մնացած վայրերում խնդիրը կարող է լուծել թափոնների վերամշակումը։












