
Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության պայմանագրի» կնքման համար կողմերից պահանջվում են բարդ որոշումներ և «դժվար», «ծանր», «ցավոտ» փոխզիջումներ. այս տարբեր բնորոշումները տարբեր շրջաններում տվել են բանակցությունների տարբեր միջնորդները: Փորձը, սակայն, ցույց է տվել, որ ցանկացած բարդ որոշումն իր հետևից բերում է չնախատեսված զարգացումներ և նոր պահանջներ:
Դժվար որոշումներ կայացնելու շրջափուլը սկսվեց 2021-ին, միջազգային հանրության կողմից պարտադրված «նշաձողի իջեցումից»: Դա էր պատճառը, որ Արցախի կարգավիճակի փոխարեն պաշտոնական Երևանը սկսեց շրջանառել արցախցիների անվտանգության և իրավունքների պաշտպանության անորոշ թեզը:
«Նշաձողի իջեցում»
2022-ին ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտում էր «միջազգային հանրության» ներկայացուցիչների հետ զրույցների ընդհանուր բովանդակությունը՝ նշաձողի իջեցման դեպքում Հայաստանի և Արցախի շուրջ միջազգային մեծ կոնսոլիդացիա ապահովելու մասին: Ըստ Փաշինյանի՝ հակառակ դեպքում միջազգային հանրությունը խնդրում էր իր վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ չեն ուզում օգնել, այլ այն պատճառով, որ չեն կարող օգնել: 2023-ի ապրիլին արդեն կրկին Աժ-ում Փաշինյանը խոստովանում էր.

«Բազմաթիվ սխալներ են եղել, բազմաթիվ՝ ինձանից առաջ էլ, իմ ժամանակ էլ, ցավոք, ինձանից հետո էլ են լինելու սխալներ: Բայց ամենամեծ սխալն այն է, որ անցած տարի (2022թ-ին- խմբ. ) այստեղից նշաձողի ցածրացման մասին պետք է 2019 թվին ունենայի: Ասում են՝ ինչո՞ւ չենք ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Շատ պարզ պատճառով, դեռևս 1996 թվականին միջազգային հանրությունը շատ պարզ մեզ ասել է՝ ԼՂ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այն ժամանակ «Facebook» չի եղել, որ բոլորը «share» անեն ու տարածեն: Դրա համար էր Տեր Պետրոսյանն ասում՝ այս հարցին 6 փարձագետ է տիրապետում»:
Այս հայտարարությունից ընդամենը 5 ամիս անց Արցախի նախագահը ստորագրեց Արցախի Հանրապետության լուծարման մասին հրամանագիրը, 2023 թվականի սեպտեմբերի 30-ին՝ ամիսներ տևած բլոկադայից հետո տեղահանվող արցախցիների վերջին ավտոբուսները լքեցին Արցախը, ևս 3 ամիս անց՝ 2024-ի հունվարի 1-ին Արցախի լուծարման մասին հրամանագիրը մտավ ուժի մեջ:
«Միջազգային հանրության» կոնսոլիդացիան Հայաստանի և Արցախի շուրջ դրսևորվեց միայն մտահոգվող հայտարարություններով և հորդորներով:
Հայաստանի կայացրած բարդ որոշումները
Այսքանից հետո հերթական նշաձողն արդեն առնչվում էր ՀՀ ինքնիշխան տարածքին: 2021 թվականից սկսած ընդհանուր առմամբ ադրբեջանական զինուժը Հայաստանի տարածք ներխուժել է 4 հատվածում:
Բացի դրանից «նշաձողի իջեցումը» գործել է նաև իրական և պատմական Հայաստանի թեզերով: 2022-ի Պրահայի քառակողմ հանդիպումից հետո, երբ բանակցային նոր գործընթացում տեղ գտավ Ալմա Աթայի հռչակագրին հղում կատարելու համաձայնությունը, որը հիմնականում պահպանվում է Հայաստանի կողմից, Հայաստանի տարածքային ամբողջականության սահմանված 29 800 քռակուսի կիլոմետրն այնուհետև կրկին սրբագրվեց.

«Որպես ՀՀ վարչապետ ես ինձ պարտավոր եմ համարում արձանագրել և բարձրաձայնել. մենք պետք է կենտրոնանանք իրական Հայաստանի շահերի սպասարկման գործի վրա՝ արձանագրելով պատմական Հայաստանի գործելակերպին և մտածողությանը երբևէ վերադառնալու կենսական անհնարինությունն ապագայում: Իսկ ո՞րն է իրական Հայաստանը: Իրական Հայաստանն այն է, որ ունի միջազգայնորեն ճանաչված տարածք և միջազգայնորեն ճանաչված սահմաններ: Այսպիսով՝ իրական Հայաստանը միջազգայնորեն ճանաչված 29 743 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող երկիրն է ՀՀ-ն»:
Այս ամրագրումները, սակայն, միջազգային հանրության կողմից չեն ապահովում, օրինակ, Հայաստան-Ադրբեջան սահմնազատման բնականոն աշխատանքը: Հուլիսի 1-ից անժամանակ սառեցված կարելի է համարել գործընթացը, քանի որ սահմանված ժամանակացույցի համաձայն սահմանազատման կանոնակարգը կողմերի միջև պետք է հաստատվեր հենց հուլիսի 1-ին, վավերացվեր խորհրդարաններում և սկսվեր սահմանի ամբողջ երկայնքով աշխատանքը:
Միջազգային հանրության հերթական ոգևորող և խրախուսող հայտարարությունների ֆոնին այժմ կա Տավուշի հատվածում սահմանազատված ընդամենը մի հատված, որտեղից Ադրբեջանը Հայաստանից ստացավ հերթական «դժվար», «ծանր» կամ «ցավոտ» փոխզիջումը՝ փոխարենը չստանալով ոչինչ՝ այդ տարածքում ունենալով ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող կենսական նշանակության տարածքներ:
Հայաստանի կայացրած բարդ որոշումների մեջ կարելի է դիտարկել նաև անկլավների մասին խոսակցությունը, այն դեպքում, երբ Ադրբեջանն այս հարցում նույնպես հրապարակային հանդես է գալիս միայն պահանջողի դերում՝ փոխարենը չխստանալով փոխադարձ բարդ որոշման կայացում:
Անկլավների թեման օրակարգում հայտնվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Պատերազմից դեռ մեկ տարի անց՝ 2021 թվականին, անկլավների հարցում Փաշինյանի դիրքորոշումն ավելի կոշտ էր: Հայտարարում էր, որ քաղաքական մակարդակում Մյունխենում և Բրյուսելում եղել է հետեւյալ խոսակցությունը. կողմերը փոխադարձաբար ճանաչում են անկլավների գոյությունը, այսինքն՝ կա Արծվաշեն, որը պատկանել է Հայաստանին և անկլավներ Հայաստանում, որ պատկանել են Ադրբեջանին: Սակայն, այս դեպքում էլ Հայաստանը դեռ իրավական հիմքեր էր պահանջում։

Քարտեզագիր Ռուբեն Գալչյանը բազմիցս ահազանգել է, որ Հայաստանը, այսպես կոչված, «անկլավները» Ադրբեջանին վերադարձնելով՝ մասամբ կորցնում է վերահսկողությունը Երևան-Մեղրի և Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհների վրա։
«Մայրուղին կհատվի: Տավուշի շրջանում հայկական մայրուղին գալիս է մտնում է Բարխուդարլուով դեպի Ադրբեջան գնացող: Երկրորդ անկլավը ճանապարհի վրա չէ, ճիշտ ճանապարհի կողքին է: Եթե այս անկլավը տրվի Ադրբեջանին, այստեղ Ադրբեջան է, այստեղ Ադրբեջան է: Մեջտեղը 1 կմ ճանապարհ ունենք, որ անցնենք այնտեղով դեպի Նոյեմբերյան»:
Դեպքերի զարգացման դինամիկայից ելնելով, Հայաստանի նախկին արտգործնախարարներից Րաֆֆի Հովհաննիսյանը պնդում է.
«Դիվանագիտական այս ժառանգությամբ մենք գնում ենք դեպի մարդկային և տարածքային նոր կորուստներ: Մենք իսկապես ոչ թե նշաձող ենք իջեցրել, այլ հատակ ենք հասել: Մասնակի սահմանազատման, միակողմանի զիջումներով, առանց ամբողջական «Խաղաղության պայմանագրի», որը ներառում է ամբողջ սահմանի խնդրի լուծումը, Արցախի խնդրի տարրական իրավական, վերադարձի վրա հիմնված լուծումը, մենք չենք կարող ունենալ այդ համալիր վիճակը, որը բերելու է իրական խաղաղություն»:

Բարդ որոշումների մեջ մտնում է նաև ՀՀ Սահմանադրության փոփոխությունը: Թեև իշխանությունը պնդում է, որ նման մտադրություններ ունեցել է և դրա մասին հայտարարել է դեռևս 2018-ից հետո, բայց Ադրբեջանը շարունակում է պնդել փոփոխության անհրաժեշտությունը՝ ի՛ր սկզբունքներով, ինչն անընդունելի է համարել Հայաստանի իշխանությունը:
Ո՞վ կդառնա միջազգային հանրության նոր հորդորի թիրախը
Այս ամենի ֆոնին միջազգային հանրությունը շարունակում է ազդակներ ուղարկել Հայաստանին և Ադրբեջանին՝ երկկողմ շփումների արդյունավետությանը հավատալու առնչությամբ՝ միաժամանակ կողմերին մի քիչ էլ փոխզիջումների կոչ անելով: Հերթական այս ազդակին Հայաստանի վերլուծական դաշտը արդեն սուր է արձագանքում:
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը հիշեցնում է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Միլլերի ավելի վաղ արված մեկ այլ անհաջող հայտարարությունը, իսկ Հովսեփ Խուրշուդյանը համոզված է՝ գիտի, թե ում էր ուղղված Միլլերի խոսքը:

Ստյոպա Սաֆարյան․ «Ես հիշում եմ, նման մեկ անհեթեթ հայտարարություն կրկին պարոն Միլլերն էր արել, երբ մինչև Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը 2023-ի սեպտեմբերի 19-ի հայաթափումը, գարնանը Ալիևը խսել էր արցախցիներին «համաներում» հայտարարելու մասին և նրանք ողջունել էին դա: Սա, անկեղծ ասած, շատ չարագուշակ, վատ հայտարարություն եմ ես համարում: Ընդհանուր առմամբ, այս կարգի բաները բանակցություններում կոչվում են «intervetion», այսինքն՝ միջամտություն: Քո միջամտությունն իրավիճակին պետք է դառնա ոչ թե այն կայծը հրդեհը բռնկելու համար, այլ՝ ճիշտ հակառակը»:
Հովսեփ Խուրշուդյան․ «Ինչպես ես հասկանում եմ, մեր ամերիկացի գործընկերները հասկանում են, որ Հայաստանը բոլոր հնարավոր և անհնարին զիջումներն արել է արդեն»:

Հայ-ադրբեջանական բանակցություններում, սակայն, դեռ մնում է միջազգային հանրության համար կարևորույն չլուծված հարցը, որն առնչվում է տարածաշրջանի կապուղիների ապաշրջափակմանը: Հայաստանը դա կոչում է «Խաղաղության խաչմերուկ», Ադրբեջանը նախընտրում է խոսել «Զանգեզուրի միջանց»-ի մասին: Տարբերությունը ենթադրում է օրենսդրական տարբեր կարգավորումներ և այստեղ արդեն հարց է, թե Հայաստանի տարածքով անցնող այդ կապուղու գործարկման համար ո՞ր կողմին միջազգային հանրությունը նորից կդրդի «նշաձողի իջեցման» և ինչ հետևանքներ կունենա արդեն այդ միջնորդական «ջանքը»:




