ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մի թարմացում՝ ու «աշխարհի վերջը» մոտ է․ Microsoft-ի խափանումը Հայաստանի կողքով գրեթե աննկատ անցավ

Մի քանի օր առաջ կյանքն աշխարհում, կարծես, մի պահ կանգ էր առել․ microsoft ընկերության անվտանգության համակարգում տեղի ունեցած թարմացումից հետո երկիր մոլորակի վրա չեղարկվեց ավելի քան 600 չվերթ, հետաձգվեցին վիրահատություններ ու անհնար դարձան բանկային փոխանցումներ։

Գլոբալ ճգնաժամը Հայաստանի կողքով, սակայն, գրեթե աննկատ անցավ․ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը դա բացատրում է՝ պատճառն այն է, որ Հայաստանում Crowdstrike ընկերության անվտանգության համակարգն այնքան էլ տարածված չէ, այնուամենայնիվ, օդային երթևեկության գրաֆիկի շեղումներ նաև Հայաստանում եղան։

Microsoft-ը խափանվում է, ու կյանքը կանգ է առնում. մոտավորապես այսպես կարելի է նկարագրել այն, ինչ տեղի ունեցավ մի քանի օր առաջ աշխարհում ու գրեթե բոլոր այն մարդկանց կյանքում, որոնք ուղղակի, թե անուղղակի առնչվում են տեխնոլոգիական հսկայի` microsoft-ի հետ։

«Աշխարհում համակարգիչների գերակշռող մասը Windows համակարգի վրա են, և շատերն օգտագործում են անվտանգության տարբեր համակարգեր, տվյալ դեպքում խնդիրը Crowdstrike ընկերության անվտանգության համակարգի հետ էր, որը թարմացումից հետո փաստացի անհամատեղելիություն էր ստեղծել Windows-ի հետ ու Windows-ն էլ, այսպես ասած, փչացել էր»,-ասում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյան

Մի թարմացում, ու ամբողջ աշխարհում խոշոր ավիաընկերությունները դադարեցնում են թռիչքները, հիվանդանոցները հետաձգում են վիրահատությունները, կոլապսի է ենթարկվում բանկային համակարգը, իսկ հեռուստաընկերությունները չեն կարողանում հեռարձակել առավոտյան լրատվական թողարկումները։

«Այսինքն՝ այն բոլոր համակարգիչները, որոնց վրա կար Crowdstrike համակարգը ու որոնց վրա աշխատում էր Windows-ի վերջին թարմացված տարբերակը, դրանք պարզապես չէին աշխատում, իսկ քանի որ դրանք բանկեր էին, օդանավակայաններ ու բոլոր հնարավոր ոլորտներն այդ համակարգով են աշխատում, ամբողջ աշխարհը կանգ էր առել, քանի որ հազարավոր ընկերություններում թվային համակարգերը չէին աշխատում»։

Ծրագրային խնդիրների պատճառով աշխարհում նաև հեռուստառադիո հաղորդումներն են խափանվել։ Skynews-ն, օրինակ, առավոտյան եթեր չի կարողացել հեռարձակել, Ավստրալիայի պետական ABC հեռուստատեսությունն էլ տեղեկացրել էր ցանցի անջատման մասին։ Reuters-ը հաղորդում էր, որ Հոլանդիայում վիրահատություններ են հետաձգվել, Լոնդոնում ու Սինգապուրում նավթի ու գազի առևտրով զբաղվող մի քանի խոշոր ընկերությունների աշխատանքն էր պարալիզացվել։

«Տեսեք՝ քանի որ ամեն ինչ է գնում դեպի թվայնացման, սկսած մեքենաներից մինչև փոշեկուլներ ու պետական համակարգեր, ապա խափանումներ այսօր կարող են շատ կենսական ու լուրջ վտանգ լինել։ Մի պարզ օրինակ ասեմ, եթե ինտերնետ կապը խափանվի, դուք անգամ խանութներից ոչ մի բան գնել չեք կարող, որովհետև մեծամասնությունն անցել է անկանխիկ առևտրի և չեն կարողանում պարզապես ապրանք վաճառել, եթե չեն օգտվում իրենց բանկային ու ծրագրային ապահովումից։ Գնալով կյանքը ավելի կախված է լինում թվային տեխնոլոգիաներից ու շատ կարևոր է, որ փոխարինող հանգույցներ լինեն, որ կյանքը մի համակարգից կախված չլինի»,-բացատրում է Մարտիրոսյանը։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նման գլոբալ խափանում 2015-ից է հիշում, սակայն այն ժամանակ խնդիրը ոչ թե տեխնիկական խափանման, այլ չարամիտ գործողությունների հետևանք էր․ հյուսիսկորեացի հաքերներն էին Windows-ի վրա հարձակվել, իսկ ծանր հետևանքները նորից զգացին օգտատերերը։

Ինչպես այն տարիներին, այս անգամ էլ աշխարհում տեղի ունեցող քաոսը Հայաստանի կողքով, կարծես, աննկատ անցավ։

«Հայաստանում Crowdstrike-ից օգտվողները շատ քիչ են, ես լսել եմ, որ այս խնդրով մեր գործընկերներին դիմողներ եղել են, այսինքն՝ դեպքեր եղել են, բայց ոչ այդքան շատ, քանի որ դա մեր մոտ տարածված համակարգ չէ»։

Այնուամենայնիվ կոլապսն ամբողջությամբ չշրջանցեց Հայաստանը․ «Զվարթնոց» օդանավակայանում ևս խափանված ու հետաձգված թռիչքներ եղան։ Փոխարենն աշխարհում չեղարկված թռիչքների թիվը 500-600 էր հասնում։

Տեխնոլոգիական խափանումները յուրահատուկ թվային զենքեր են՝ նկատում է մեդիափորձագետը։ Տասնյակ տարիներ հակամարտող կողմերը միմիանց դեմ նաև «կապույտ էկրանի» զենքեր են կիրառում։

«Առաջին արձանագրված դեպքը 2009-ի հարձակումն է Իրանի Ուրանի հարստացման գործարանի վրա․ թվային հարձակում էր, որի միջոցով գործարանը ամբողջությամբ գրեթե ոչնչացվել է։ 2020թ պատերազմի ժամանակ և ադրբեջանցիներն են մեր դեմ սա օգտագործել, և մենք՝ ադրբեջանցիների դեմ։ Օրինակ՝ Ադրբեջանում մի քանի օր բանկոմատների բանկային փոխանցումները չեն աշխատել»։

Ամերիկյան Crowdstrike ընկերությունն օրերս հաստատել էր, որ, այսպես ասած, «աշխարհի տեխնիկական վերջը» տեղի է ունեցել իր կիբերանվտանգության հավելվածի թարմացման պատճառով։ Ընկերությունից հայտնել են, որ թեև հիմնական պատճառը վերացված է, այնուամենայնիվ, որոշ ծառայություններում ու հավելվածներում դեռ ազդեցությունը զգացվում է։

Կարդացեք նաև

Back to top button