
Հուլիսի 16-ից 18-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել հայոց պատմություն դասավանդող ուսուցիչների համար մշակված «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» եռօրյա ամառային դպրոցը, որին այս տարի մասնակցել են շուրջ չորս տասնյակ ուսուցիչներ Երևանից և տարբեր մարզերից: Երեք օրերի ընթացքում ՀՑԹԻ-ից և այլ ուսումնական հաստատություններից ցեղասպանագիտության և հարակից ոլորտների մասնագետները ուսուցիչներին ներկայացրել են Հայոց ցեղասպանության տարբեր ասպեկտների վերաբերյալ շուրջ քսան դասախոսություն:


ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը, շնորհակալություն հայտնելով ուսուցիչներին ակտիվ մասնակցության համար, հույս է հայտնել, որ նրանք իրենց ձեռքբերած գիտելիքներն ու հմտությունները կօգտագործեն ոչ միայն «Հայոց պատմության» կամ «Հասարակագիտություն» առարկաների շրջանակներում, այլ նաև նախաձեռնողականություն կդրսևորեն՝ իրենց դպրոցներում դասավանդելու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ ստեղծված և ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված Հայոց ցեղասպանության հիմնահարցեր դասընթացը: Ապա ավելացրել է, որ այս ուղղությամբ ՀՑԹԻ հաջորդ քայլը կլինի այդ դասընթացի ձեռնարկի ստեղծումը:


Ինեսա Ստեփանյանը ևս շնորհավորել է ուսուցիչներին և շնորհակալություն հայտնել ծրագրին դիմելու ու մասնակցելու համար, ապա վստահություն հայտնել, որ կապը ուսուցիչների և ՀՑԹԻ միջև շարունակական կլինի:


Դասընթացի ավարտին ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը և կրթական ծրագրերի պատասխանատու Ինեսա Ստեփանյանը հավաստագրեր և գրքեր է հանձնել ուսուցիչներին:




