ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Վերջնաժամկետներ բարեփոխումների համար․ երբ և ինչ սպասել ոստիկանությունից

Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է 2024-2026 թթ. ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր ռազմավարությունը՝ հստակեցնելով բարեփոխումների վերջնաժամկետներն ու սպասվող արդյունքները։ Ռազմավարությունը լավ ձևակերպված, բայց դժվար իրականանալի փաստաթուցղթ է՝ կարծում են քաղհասարակության անդամները հիշեցնելով՝ նախորդիվ իրականացրած պարեկային ծառայության բարեփոխումների արդյունքները դրական էին, բայց ոչ միանշանակ ու բավարար։

Քրեական ոստիկանությունը այս տարի արդեն գործարկված կլինի։ Դրա ծառայողը դառնալ հավակնողներն արդեն մասնակցել են պարեկային ծառայության մոդելով կազմակերպված ընդունելությանը, անցել են ինտելեկտը, ֆիզիկական ու առողջական վիճակը, թմրամիջոցների հետ առնչությունը ստուգող թեստեր և հասել են կրթության էտապին։

ՆԳՆ փոխնախարար Արփի Սարգսյանի խոսքով՝ ուսումնական ծրագիրն ավարտելուն պես նրանք կձևավորեն Քրեական ոստիկանությունը․

«Ամենակարևոր կոմպոնենտն այն է, որ մենք դիմելու ու քրեական ոստիկանության մաս դառնալու հնարավորություն ենք տվել նաև քաղաքացիական անձանց։ Կրթական ծրագրը սկսվել է, դիմորդները հոկտեմբերին կավարտեն ու կկարողանանք գործարկել ծառայությունը»։

Համայնքային ոստիկանությունը հանրությանը ներկայացնելու համար ՆԳՆ-ն մինչև 2025-ի առաջին եռամսյակը աշխատելու կարիք է տեսնում։ Եկող տարի կգործարկվի նաև Ոստիկանության Գվարդիան՝ ասում է Արփի Սարգսյանը, հիշեցնելով՝ նման ծավալի աշխատանքներն անելու համար ժամանակ է պետք․

«Որակական կոմպրոմիսի հետևից գնալ չենք ցանկացել, Ոստիկանական գվարդիայի վերապատրաստումները կսկսենք այս տարվա հոկտեմբերից։ 26 թվականին էլ հանրապետական մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումն է նախատեսված, որը կմիավորի ոստիկանության, փրկարար ծառայության, շտապօգնության զանգերի համատեղ կառավարումը ՆԳՆ կազմում գործող գրասենյակի շրջանակում»։

Մենք չունենք ժամանակը շռայլորեն ծախսելու հնարավորություն՝ կարծում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նարինե Սուլթանյանը։ Ասում է ՝ հասարակությունը կարծես աստիճանաբար ավելի շատ է վստահում պարեկային ծառայությանը, բայց դա բավարար չէ։

«Մեր պետությունն այսօր չունի ժամանակի մեծ շռայլության հնարավորություն ու չենք կարող կանգ առնել այս փոքր ձեռքբերումների վրա, որովհետև տարածաշրջանի և գլոբալ զարգացումները մեզ ստիպում են մի քանի անգամ ավելի արագ անել ներհայաստանյան բարեփոխումները և, հատկապես, ոստիկանության բարեփոխումը, որը ուղղակիորեն կապված է մեր երկրի ներքին կայունության հետ։ Այստեղ մի մեծ «բայց» եմ ուզում շեշտել․ մենք բոլորս ուզում ենք, որ այդ կայունությունը լինի իրավունքահեն, և մեր բոլոր ջանքերը ուղղված են դրան։ Եվ հենց այս մոտեցումից է գալիս մեր շարունակական դժգոհությունն ու քննադատությունը ոստիկանության ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի, ոստիկանական բռնությունների, անհամաչափ ուժի կիրառման, ինչպես նաև բարեվարքության հետ կապված լուրջ խնդիրների հետ»։

Սա գուցե վերածվեր քաղհասարակություն-պետություն՝ ժամանակի ընկալումների մասին փիլիսոփայական քննարկման, սակայն նշված ժամկետները, ըստ Արփի Սարգսյանի հստակ ամրագրված են 2024-2026 թթ. ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր ռազմավարության էջերում։ Դրանք ողջամիտ և վերահսկելի է համարում․

«Շատ խնդիրներ գալիս են դրանից, որ մենք բոլորս արձանագրում ենք, որ խնդիրը կա, բայց խնդրի լուծման ժամկետային պատկերացումը ամեն մեկիս մոտ տարբեր է ձևավորվում՝ հաշվի առնելով յուրաքնաչյուրիս ընկալումները տվյալ խնդրի լուծման մասով։ Շատ կարևոր է հասկանալ, թե, ի վերջո, ոստիկանության ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների կտորը երբ ենք ավարտելու։ Այս ռազմավարությունը տալիս է այս հարցի պատասխանը, բավական մատչելի փաստաթուղթ է, հետագայում հետրևողականաորեն նայելու, թե որ ուղղություներն են արդեն իրականացված, որոնք դեռ իրականացման կարիք ունեն»։

Փաստաթուղթն անդրադառնում է նաև ոստիկանների աշխատավարձերի, շենքային պայմանների, վերապատրաստումների, բարեվարքության, կառուղվածքային փոփոխությունների, ոչ ֆունկցիոնալ ստորաբաժանումների օպտիմալացման և այլ հարցերի։ Ըստ փոխնախարարի, սակայն, ամենակարևորը համակարգի մարդկային ռեսուրսների վերանայումն է․

«Մյուս կարևոր ուղղությունը, ինչքան էլ մենք տարբեր կոմպոնենտներից խոսենք, ի վերջո այդ ամբողջը ամփոփվում է մարդկային ռեսուրսների կառավարման ինստիտուցոնալ մոտեցման մեջ, ու այս պահի դրությամբ պետք է ազնվորեն արձանագրել, որ ՄՌԿ մեր գործող համակարգը, մեղմ ասած, ամենաուժ կողմերից չէ՝ բարեվարքության ստուգումներ, առաքինության ստուգումներ ներքին անվտանգության․․․»։

Ոստիկանության բարեփոխումներ իրականացնելիս մարդկային ռեսուրսների վրա կենտրոնանանալը ճիշտ մոտեցում է, սակայն նախկին փորձը լավ բանի մասին չի հուշում՝ կարծում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը․

«Նախկին փորձը շատ խնդրահարույց է, որովհետև պարեկային ծառայությունում, երբ ամեն ինչ արվեց, որ նոր մարդիկ գան, ու համալրվեն ոստիկանության շարքեր, ոստիկանության հին ավանդույթները սկսեցին ամեն կերպ պարտադրվել նոր մարդկանց։ Եվ մյուս կողմից տեսնում ենք բաեվարքության հետ կապված խոսակցություններ, բայց միաժամանակ տեսնում ենք, որ բոլորովին վերջերս ՆԳՆ կոռուպցիայի կանխարգելման բաժնի պետ է նշանակվել մի մարդ, ով չի կարողանում նորմալ բացատրի իր ունեցվածքի ծագումնաբանությունը։ Այս պայմաններում խոսել նրա մասին, որ բարեվարքության էական բարելավում կլինի ՆԳՆ-ում կամ ոստիկանությունում, ճիշտն ասած՝ ես այդ օպտիմիզմը շատ չեմ կիսի»։

Իոաննիսյանը  լավատեսորեն չի վերաբերվում ռազմավարությանն առհասարակ։ Հավատում է, որ փոփոխություններ կլինեն, սակայն կարծում է, որ դրանք կկրեն ձևական և մակերեսային բնույթ և չեն ստեղծվի այն պայմանները, որոնք թույլ կտան քաղաքացիներին համարել, որ ոստիակնության վրա կարելի է հույս դնել՝ բռնության կամ անտարբերության սպասելու փոխարեն։

Ռազմավարությունն, ամեն դեպքում, խոստանում է կոնկրետ ժամկետում կոնկրետ արդյունք ցույց տալ և, ըստ հեղինակների, միշտ բաց է քաղհասարակության քննարկման ու քննադատության համար։

Կարդացեք նաև

Back to top button