
Այս տարվա հունվարից գործում է ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը․ հաշմանդամության կարգ ստանալու համար քաղաքացիներն արդեն կես տարի նոր մեխանիզմով են գնահատվում:
Այն, ըստ պատասխանատուների, հնարավորություն է տալիս ոչ միայն գնահատել քաղաքացիների առողջական խնդիրները, այլև բազմակողմանիորեն վերլուծել նրանց գործունեության և հասարակական կյանքին մասնակցության սահմանափակումները: Համակարգի շահառուները, սակայն, վերապահումներ ունեն։
Դրանց մի մասը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն վիճարկում է դատական կարգով։
44-օրյա պատերազմի ժամանակ Գարիկ Մխիթարյանը Քարվաճառում էր ծառայում, գումարտակի հրամանատար էր, վիրավորվելուց հետո զորացրվեց։ Գարիկն առողջական խնդիրներ ունի՝ գանգուղեղային վնասվածք, ձախ կողմի պարալիզացում, էպիլեպսիա։
Այս տարվա հունվարից գործում է ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը․ հաշմանդամության կարգ ստանալու համար քաղաքացիներն արդեն կես տարի նոր մեխանիզմով են գնահատվում: Դրա հիմքում ոչ թե դիագնոզն է, այլ ֆունկցիոնալությունը:
Գարիկ Մխիթարյանն ասում է, որ 2024թ․-ի մարտին կատարվել է ֆունկցիոնալության գնահատում, գրանցվել է 45 տոկոս սահմանափակում։ Նա այս արդյունքը բողոքարկել է։ 20 օր հետո՝ ապրիլի 10-ին կատարված վերագնահատման արդյունքում ֆունկցիոնալությունը դարձել է 31 տոկոս, այսինքն՝ արդյունքը 14 տոկոսով լավացել է, բայց այդ 20 օրվա ընթացքում Գարիկը որևէ բուժում չի ստացել։ Նրա բժիշկը դա բացատրել է մեկ բառով՝ համակարգն է այդպես հաշվարկել։
«Ես չեմ ուզում, որ բժիշկն ինձ ասի, որ համակարգիչն է որոշել։ Զինհաշմանդամի հանդեպ այդ պատասխանը շատ անարդար եմ համարում։ Այդ նույն համակարգիչը կար 2016, 2020 թվականներին։ Եթե էդպես հարմար էր համակարգիչներով անել, թող մեզ պահեին հետևում, համակարգիչներին ուղարկեին առաջ»։
Գարիկը մանրամասն նշում է, թե ինչ խնդիրներ ունի։
«Ինձ մոտ կա ուսային հոդի և արմունկային հոդի ֆունկցիա, բայց իմ դաստակը և մատերը ֆունկցիոնալ չեն, ես ինչ-որ բան բռնել, տեղափոխել չեմ կարողանում։ Ես ձեռնափայտով չեմ քայլում, հետևաբար իմ ֆունկցիոնալությունը իջնում է, չեմ քայլում նրա համար, քանի որ մի ձեռքս է առողջ ու չեմ կարող էտ մի ձեռքով և ձեռնափայտ բռնել, և այլ գործ անել»։
Առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողները՝ նոր մեթոդով խորն ու ծանր սահմանափակումներով մարդիկ, գրեթե նույն արտոնություններն ունեն: Առաջինի դեպքում թոշակը 50 հազար 600 դրամ է, երկրորդի դեպքում՝ 41 հազար 400։ Զինհաշմանդամների պարագայում եթե կարգի փոփոխություն է տեղի ունենում, ապա այն գումարի վրա չի ազդում, տարբերությունը վճարում է Զինապարտ հիմնադրամը։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն դատական հայց է ներկայացրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դեմ․ վիճահարույց են համարում մարդու ֆունկցիոնալության գնահատման նոր մեթոդը։ Ընկերության նախագահ Մուշեղ Հովսեփյանն ասում է՝ նախարարությունից պահանջել են այն բանաձևը, որի միջոցով որոշվում է մարդու ֆունկիցիոնալությունը:
«Օրինակ՝ ինչը ինչին են գումարում կամ բաժանում և այլ գործողություններ իրականացնում, որի արդյունքում վերջնական որոշվում է՝ այս մարդը հաշմանդամություն ունի՞, թե՞ ոչ։ Այդ բանաձևը որևէ իրավական ակտով սահմանված չէ»։
Մուշեղ Հովսեփյանն ասում է, որ այս պահին ընդունվող որոշումները անօրինական են, քանի որ դրանք կայացվում են մի բանաձևի հիման վրա, որը որևէ իրավական ակտով, օրենքով կամ հրամանով սահմանված չէ։
«Պրոբլեմն այն է, որ մենք չգիտենք՝ այդ համակարգը ոնց է աշխատում։ Դա սև արկղ է բոլորիս համար, նույնիսկ երբ քաղաքացին գալիս է, մեզ դիմում է ու ասում, որ սխալ է սահմանվել, մենք չենք կարող ասել՝ սխա՞լ է սահմանվել, թե՞ ոչ՝ ի տարբերություն նախկին կարգի, որ գիտեիք, թե այսինչ առողջական խնդրի դեպքում այսինչ խմբում պետք է ընդգրկված լիներ»։
Միասնական սոցիալական ծառայության, անձի ֆունկցիոնալության գնահատման և աջակցող միջոցներով ապահովման վարչության պետ Ռիմա Եգանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է՝ 25-50 տոկոսը համարվում է միջին աստիճանի սահմանափակում, 50-ից 75-ը՝ ծանր սահմանփակում, որը հավասարեցված է երկրորդ խմբին, իսկ 75 տոկոսից ավելին արդեն խորը հաշմանդամություն է։ Եգանյանն ասում է, որ ներդրված համակարգն առավել արդյունավետ է, իսկ բանաձևը որևէ գաղտնիք չի պարունակում։
«Բանաձևը որևէ գաղտնիություն չունի, 60 ծածկագիր է գնահատում, ու գնահատող մասնագետը չգիտի՝ այդ ծածկագրերից որը պետք է մտնի բանաձև։ Այսինքն՝ բժիշկ լինել պետք չի, սա պարզ մաթեմատիկա է։ Կան 25 կարևոր ծածկագրեր, որոնք լրացվում են, հետևաբար իրավական ակտի դեպքում էլ գործընթացում ոչինչ չի փոխվում»։
Եգանյանը նկատում է, որ կրկնակի բողոքարկումները շատ են, պատճառը մեկն է՝ տարիներ շարունակ մարդիկ բժշկական մոդելով են գնահատվել, հաշմանդամությունն էլ դիտարկվել է որպես հիվանդություն, իսկ այսօր բազմակողմանի գնահատում է իրականցվում։




