ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ինչո՞ւ է հեղուկ գազը թանկացել, բենզինը՝ էժանացել․ տնտեսագետը բացատրում է, հանձնաժողովը` պարզաբանում

Վերջին օրերին վառելիքի շուկայում հետաքրքիր իրարանցում է․ հեղուկ գազը մի քանի օրվա ընթացքում մինչև 80 դրամով թանկացել է, իսկ բենզինը՝ 40-50 դրամով էժանացել։ Մինչ սպառողները հետևում են գների տատանումներին, տնտեսագետները բացատրում են՝ գնային փոփոխությունները կանխատեսելի ու սպասելի էին։

Վառելիքի շուկան Հայաստանում ամենազգայուն ոլորտներից մեկն է, հետևաբար գնագոյացման վրա հնարավոր բոլոր պատճառներն ազդում են՝ տարադրամի փոխարժեքից մինչև Վերին Լարս ու աշխարհաքաղաքական իրադարձություններ։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկայում հեղուկ գազի գինը չի իջնի, փոխարենը բենզինը կարող է ավելի էժանանալ։

Հեղուկ գազը թանկանում, իսկ բենզինն էժանանում է․ եթե օրեր առաջ հեղուկ գազի մեկ լիտրը միջինում արժեր 130 դրամ, ապա հիմա հասել է մինչև անգամ 210 դրամի կամ մեկ շաբաթում թանկացել 80 դրամով։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանին հեղուկ վառելիքի օրեցօր բարձրացող գինը չի զարմասնում, ասում է՝ աճը սպասելի ու կանխատեսելի էր ամիսներ առաջ հեղուկ գազը աննախադեպ էժանացումից հետո։

«Օրինակ՝ ապրիլ-մայիս ամիսներին մենք ունեցանք շուկայում գերհագեցվածություն։ Այսինքն՝ փոքր ու միջին ներկրողները բերեցին մեծ ծավալի վառելիք ու ստիպված էժան գնով վաճառեցին։ Նույնիսկ գազալցակայաններ կային, որտեղ հեղուկ գազը վաճառվում էր 30 դրամով․ նպատակն այն էր, որ հնարավորինս շուտ վերջանար գազը ու կարողանային մեքենաները բաց թողնել։ Արդյունքում եղավ այն, որ փոքր ու միջին հեղուկ գազ ներկրող ընկերությունները դուրս եկան շուկայից, սնանկացան ու դաշտում մնացին խոշորները։ Նրանք իրենց թույլ են տալիս գները բարձրացնել՝ հաշվի առնելով այն, որ մրցակցություն գրեթե չկա, և նաև դրանով փոխհատուցում են ապրիլ-մայիս ամիսներին կրած վնասները»,-բացատրում է տնտեսագետը։

Թե հեղուկ գազ ներմուծող ու վաճառող ընկերությունների գործողությունները որքանով են օրինաչափ ու մրցակցային, պարզ չէ։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հեղուկ գազի շուկայում վերահսկողություն չի իրականացնում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը։ Հանձնաժողովից պնդում են՝ հեղուկ գազի շուկան խիստ մրցակցային է, ամենախոշոր տնտեսվարողի՝ շուկայում ունեցած մասնաբաժինը կազմում է 10 տոկոս, հետևաբար չկան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ ու չկա նաև վերահսկողություն։

«Ուզում եմ նաև հիշեցնել, որ հեղուկ գազի ներմուծում է իրականացնում շուրջ 86 տնտեսվարող սուբյեկտ։ Այս հանգամանքներով պայմանավորված՝ հանձնաժողովը չի կարող վարույթ հարուցել տվյալ շուկայում, կամ այլ կերպ ասած՝ գների վերահսկողություն հանձնաժողովը չի իրականացնում»։

Փոխարենը հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացվում բենզինի ու դիզելային վառելիքի շուկայում, քանի որ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ կան, սակայն ուսումնասիրությունն առայժմ ընթացքի մեջ է։

«Ուսումնասիրությունն ամփոփելուց հետո հանձնաժողովն այդ մասին կծանուցի հանրությանը»,-եզրափակում է Անի Սմբատյանը։

2019թ տվյալներով հանրապետությունում բենզին ներկրող 4 տնտեսվարող կա․ «Սիփիէս օիլ քորփորեյշն», «Սիփիէս օիլ»-ը, «Ֆլեշ»-ը և «Մաքս Պետրոլ» ընկերությունների մասնաբաժինը ընդհանուր ներմուծման ծավալում կազմել է շուրջ 100 տոկոս։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է՝ հենց այս խոշոր «խաղացողներն» են շուկայում գին թելադրում։

«Եվ հիմնականում եթե նկատում եք միասնաբար նրանք գները բարձրացնում ու իջեցնում են։ Շատ քիչ են լինում դեպքեր, երբ գազալցակայաններում տարբեր գներ կտեսնենք և սա այն դեպքերում, երբ այս ներկրողները տարբեր ծախսեր են իրականացնում, տարբեր վաճառքի ծավալներ ունեն, բայց ամեն դեպքում նույն գնային քաղաքականությունն են վարում»։

Բենզինի շուկայում վերջին օրերին գների նվազում է նկատվում․ եթե օրինակ «պրեմիում» տեսակի բենզինի 1 լիտրը 1 ամիս առաջ միջինում արժեր 530 դրամ, ապա հիմա մոտավորապես 490 դրամ։ Տնտեսագետի կարծիքով՝ սա բնական գնանկում է՝ հաշվի առնելով համաշխարհային շուկայի միտումները։

Տնտեսագետ Սուրեն պարսյան

«Իսկ բենզինի ու դիզելային վառելիքի պարագայում տնտեսվարողները ցանկանում են ցույց տալ, որ իրենք համաշխարհային շուկայի տրամաբանությամբ են գործում․ երբ օրինակ նավթի գինը 80-ից իջնում է 62 դոլար, գինն իջեցնում են, որ կանխեն հնարավոր վարույթները»,-ասում է Պարսյանը։

Հայաստանում վառելիքի շուկան ամենազգայուններից մեկն է՝ արձանագրում է Սուրեն Պարսյանը։ Պատճառը միանշանակ է՝ մեր երկիրը վառելիք ներմուծող երկիր է, ընդ որում ներմուծման առյուծի բաժինը՝ շուրջ 80 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, հետևաբար գնագոյացման վրա հնարավոր բոլոր գործոններն ազդում են։ Հեղուկ գազի թանկացման պատճառ կարող է լինել օրինակ եղանակային պայմաններով պայմանավորված Վերին Լարսի անցակետի փակ լինելը, կամ աշխարհաքաղաքական իրավիճակն ու տարադրամի փոխարժեքը։

«Ցնցում կարող էր լինել նաև Լոռու ու Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով փլուզված երկաթգիծը, բայց էական ցնցումներ չեղան, քանի որ բենզինի ու դիզելային վառելիքի պահուստավորված պաշարներ կան, ինչը չի կարելի ասել հեղուկ գազի պարագայում, հենց սա է պատճառը, որ հեղուկ գազի շուկան ավելի զգայուն է»։

Առաջիկայում հեղուկ գազի էժանացում ակնկալել պետք չէ՝ կարծում է տնտեսագետը, փոխարենը բենզինի գինը կարող է դեռ նվազել։

Կարդացեք նաև

Back to top button