
Ի՞նչ ծանր փոխզիջումների մասին է խոսում ԱՄՆ պետդեպի խոսնակը։ Ի՞նչ է զիջելու Բաքուն, ի՞նչ է զիջելու Երևանը։ Բազմաթիվ հարցեր այսօր անպատասխան են, սակայն հստակ է, ըստ փորձագետների, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում գերտերություններից յուրաքանչյուրը փորձում է դափնիներն իրեն վերցնել, իսկ միջանցքի տրամադրման ու տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում աշխարհաքաղաքական կենտրոնների միջև կոնսենսուս կա։
«Խաղաղության համաձայնագրի» գործարքը բարդ ընտրություն և ծանր փոխզիջումներ է պահանջում», պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի այս ձևակերպումը ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումն է, «Ռադիոլուրի» հետ զրույցում հստակեցնում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը։ Միլլերը նաև շեշտում է, որ Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ կողմերն առաջընթաց են գրանցել, բայց համաձայնագիր դեռ չկա։
Միլլերը, մասնավորապես, ասել էր․ «Մենք իսկապես կարծում ենք, որ գործարքը հնարավոր է, բայց այն կողմերից պահանջում է որոշ բարդ ընտրություններ և ծանր փոխզիջումներ: Վաշինգտոնը կշարունակի կողմերին մղել դեպի վերջնական համաձայնության հաստատում և տարաձայնությունների հարթեցում»։

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը կարծում է, որ Վաշինգտոնում մեկ շաբաթ առաջ կայացած Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպման ժամանակ, այնուամենայնիվ, համաձայնություն ձեռք բերվել է։
«Ավելի քան վստահ եմ, որ վաշինգտոնյան եռակողմ հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել, որի մասին դեռ չի բարձրաձայնվում և խոսվում է, որ հանդիպման բովանդակությունը և կուլմինացիան ծանր փոխզիջման մասին է։ Տպավորություն է, որ նախապես կա համաձայնություն, սակայն դրա մասին նախապես ակնարկվում է պետդեպի խոսնակի շուրթերով»,- ասում է Կարապետյանը։
Ի՞նչ ծանր փոխզիջումների մասին է խոսքը՝ ԱՄՆ պետդեպի խոսնակը չի մանարմասնում, սակայն փորձագիտական շրջանակներում գերակշռող է դիրքորոշումը, որ ամենայն հավանականությամբ խոսքը դարձյալ Հայաստանի կողմից ծանր զիջումների մասին է, և այդ ծանր զիջումը հենց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է։ Հիմնավորումն այն է, որ Վաշինգտոնից Անկարա վերադարձի ճանապարհին Թուրքիայի նախագահ Էրդողանը լրագրողներին ասել էր՝ հուսով է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև շուտով կայուն խաղաղություն կհաստատվի, ինչին Թուրքիան «ողջ սրտով» աջակցում է։ Ըստ Էրդողանի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը կլինի համաձայնագրի վերջնական քայլը և դրական արդյունքներ կբերի տարածաշրջանի երկրներին։
Ինչպե՞ս է մեկնաբանում ստեղծված իրավիճակը քաղաքագետ Արա Պողոսյանը․

«Հայաստանում վերջին շրջանում սկսել են «միջանցքի» թեման քննարկել տարբեր, իբրև թե լոգիստիկ շղթաների տիրույթում, նույնիսկ քննարկում է եղել, որ մի երրորդ երկրի մասնավոր կազմակերպություն ստանձնի այդ ճանապարհահատվածի անվտանգության ու սպասարկման խնդիրները և այլն։ Հիմա, երբ Արևմուտքից կա ճնշում Ադրբեջանի վրա՝ հնարավորինս արագ Հայաստանի հետ կնքել պայմանագիր, Թուրքիան ու Ադրբեջանը մեջտեղ են բերում իրենց պահանջները, բավականին համակարգված և սա ներկայացնում են իբրև նախապայման։ Այն կողմերը, որոնք շահագրգռված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու գործընթացը հնարավորինս արագ ավարտելու հանգամանքով, սա ներկայացվում է իրենց, որ Հայաստանի վրա լրացուցիչ ճնշում գործադրեն»։
Քաղաքագետը կարծում է, որ զիջումները Հայաստանին հասցրել են մի կետի, որտեղ թուրք-ադրբեջանական ծրագրերի իրականացմանը մնացել է երկու գլխավոր քայլ՝ ՀՀ սահմանադրության փոփոխություն և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացում՝ թուրք-ադրբեջանական պայմաններով։
Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը, վերլուծելով իրադրությունը, հայտարարություններն ու ակնարկներն ասում է՝ պարզ չէ, թե ինչ է զիջելու Բաքուն։ Այդ հարցի պատասխանն ստանալու համար նա մատնացույց է անում բանակցողներին, բայց նաև նշում է, որ կան պարտադրանքներ մինչև տարեվերջ միջանցքային կապ տրամադրել՝
«Կարծում եմ, որ պարտադրանքը, որը մինչև տարեվերջ պետք է գործնականում կատարի ՀՀ–ը, դա միջանցքի տրամադրումն է՝ Նախիջևանի և ցամաքային Ադրբեջանի միջև, դա «Զանգեզուրի միջանցք» կոչվածն է, և ուզում եմ որոշակի փակագծեր բացեմ՝ խոսքը միայն Մեղրիի հատվածով Ագարակ-Նռնաձոր-Մեղրի հատվածով այդ 44 կմ մասին չէ, այլ ընդհանուր, ենթակառուցվածքներ, որպես այդպիսին, պետք է անցնեն մի քանի տեղերով։ Վերոնշյալ ասվածս միայն երկաթուղային միջանցքային տրամաբանությանն է համընկնում, որի հատվածում խիստ հավանական է, որ կլինի միայն երկաթուղային կապ՝ Ջուլֆա-Նախիջևան, Ջուլֆա-Հորադիզ երկաթուղու կապը։ Իսկ միջանցքի տրամաբանությունը գուցե այլ տարածքով անցնի, ընդհուպ մինչև Սյունիքով չանցի, այլ Վայոց Ձորով անցնի, այսինքն Սադարակի հատվածով դեպի Անգեղակոթ, Սիսիան և դեպի Բերձորի հատվածը»։
Հիմա քննարկվում է 2020թ նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետով ճանապարհների ապաշրջափակման հարցը։ Թե ինչ վերջնակետ կարձանագրվի, պարզ կդառնա Ադրբեջանում այս տարվա նոյեմբերին կայանալիք «COP-29, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովից» հետո, հստակեցնում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը։ Այս առումով նա հիշեցնում է ՀՀ արտգործնախարարության մտահոգությունները․
«Կարծում եմ, որ եթե հայկական կողմը այսպես ասած՝ բարիդրացիորեն չհամաձայնվի այդ միջանցքի տրամադրմանը, ռազմական լուծումը կա ու կա, որի մասին ուղիղ տեքստով ակնարկում է ադրբեջանական կողմը, անկաշկանդ։ Այդ մասին, ի դեպ, ՀՀ արտգործնախարարությունը պաշտոնապես հայտարարեց, որ «COP-29» գանաթնաժողովից հետո խիստ հավանական է ադրբեջանական ռազմական ագրեսիան, ընդհուպ մինչև Սյունիքի օկուպացիա»։

Այսօր ճնշման գործիքներ է բանեցնում Արևմուտքը, սակայն միջազգայնագետի համոզմամբ նոյեմբերի 9-ի հայտարարության հետևից գալու է նաև դրա շահառուն՝ Ռուսաստանը։ Ըստ Դավիթ Կարապետյանի, ստացվում է, որ աշխարհաքաղաքական բոլոր կողմերի միջև կա համաձայնություն և որոշակի կոնսենսուս, որ այդ միջանցքը պետք է տրամադրվի առևտրաշրջանառությանը, տնտեսությանը զարկ տալու նպատակով։ Ստացվում է, որ բոլոր կողմերին հետաքրքիր է միջանցքի բացումը, սակայն կողմերը չեն կոնկրետացնում, թե ինչպես են դիտարկում ՀՀ սուվերեն տարածքով անցումային հատվածը։ Պարզ չէ դա արտատարածքային միջանցք է լինելու, թե ՀՀ սուվերեն տարածքի մաս է համարվելու, որտեղ գործելու է ՀՀ հարկային ու մաքսային օրենսդրությունը։




