ԿարևորՀասարակություն

Հունաստանում ՀՀ դեսպանը և Կենտրոնական Մակեդոնիայի տարածաշրջանի կառավարիչը քննարկել են համագործակցության հեռանկարները

Հուլիսի 16-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Կենտրոնական Մակեդոնիայի տարածաշրջանի կառավարիչ (մարզպետ) Ապոստոլոս Ձիձիկոստասի հետ։

Հանդիպմանը դեսպան Մկրտչյանը անդրադարձել է Հայաստանի և Հունաստանի ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության հաստատմանը, մարզային դիվանագիտության հնարավորությունների օգտագործմանը, համատեղ տնտեսական ծրագրեր իրականացնելու հնարավորություններին։

Դեսպանը նշել է, որ նման համագործակցությունը կարող է իրականանալ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵՄ գործիքակազմերի կիրառմամբ՝ հաշվի առնելով Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման ներկայիս աննախադեպ բարձր մակարդակը։

Ապոստոլոս Ձիձիկոստասն իր հերթին ողջունել է միջմարզային դիվանագիտության զարգացման հեռանկարը և խոստացել առաջիկայում այցելել Հայաստան և տեղում ծանոթանալ երկկողմ տնտեսական հարաբերությունները և միջմարզային համագործակցությունը խթանելուն ուղղված հնարավորությունների հետ։

Կենտրոնական Մակեդոնիայի տարածաշրջանի ղեկավարը նշել է, որ Հայաստանի հետ բազմաշերտ հարաբերությունների զարգացումը Հունաստանի համար ունի մեծ կարևորություն։ Միաժամանակ նա ընդգծել է դարեր ի վեր Հունաստանի հասարակական-քաղաքական, մշակութային և տնտեսական կյանքում հայերի ունեցած դերի մասին։

Հանդիպմանը մասնակցել է նաև Սալոնիկում ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դագազյանը։

Կարդացեք նաև

Back to top button