
Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած համայնքներում հանձնաժողովները ուսումնասիրել, գույքագրել ու գնահատել են վնասի չափը, ներկայացրել մարզային հանձնաժողով: Ընդհանուր առմամբ մարզում մայիս, հունիս ամիսներին կարկուտից տուժել են Արմավիր, Մեծամոր, Խոյ և Բաղրամյան համայնքների 38 բնակավայրեր, շուրջ 5700 հա հողատարածք: Տուժած գյուղացիական տնտեսությունները դիմել են Արմավիրի մարզպետին գյուղատնտեսական վարկերի վճարումը ժամանակավորապես դադարեցնելու խնդրանքով:
Արմավիրի մարզում ծիրանի բերքահավաքը գրեթե ավարտվել է, վարկերի մարման ժամկետները սկսվել, բայց կարկտահարությունից տուժած գյուղացիները մնացել են ձեռնունայն: Կարկտահարված ծիրանը մասամբ կարողացել են ցածր գնով իրացնել միայն մթերող կազմակերպություններում: Քարակերտ գյուղի բնակիչ Գրիգոր Մկրտչյանը 6 հա ծիրանի, 1 հա սալորի այգու մշակության համար դեռ անցած տարի շուրջ 30 մլն դրամ վարկ էր վերցրել:
«Վարկերը վերցրել ենք անցած տարվանից ու այս տարվա գարնանը, որպեսզի կարողանանք այգիները մշակել, բայց 60 տոննա ծիրան թափել եմ, այսինքն՝ ծառը թափ ենք տվել, 15 տոննա հանձնել գործարան, բայց դա ձեռնտու տարբերակ չէր: Աշխատողներին չեմ կարողացել վճարել, 50 դրամով 10 տ ուղարկել ենք Մերձավանի գործարան, մինչև հիմա գումարը չենք ստացել, 6 տոննա էլ 70 դրամով՝ Քարակերտի պահածոների գործարան»:
Չնայած գարնանը ցրտահարության և գերխոնավության պատճառով բերքի զգալի մասը դեղնեց ու թափվեց, այնուամենայիվ ծիրանի այգիներում թեպետ մանր, բայց առատ բերք կար: Շոգերը նպաստել են բերքի արագ հասունացմանը, այգետերերը չեն հասցրել իրացնել ամբողջությամբ ու մասամբ հանձնել են գործարաններին: Ասում են՝ միջնորդներին ստիպված էին 50 դրամով ծիրան վաճառել:
Գրիգոր Մկրրտչյան. «Ծիրանը թափվեց, պտղաթափություն եղավ, բայց էլի բերքը շատ էր, չվաճառվեց ու մնաց: Ես աշխատողներին պարտք եմ: Մոտավորապես 2 մլն. 800 հազար դրամ աշխատավարձ եմ տվել, 100 հազար դրամ էլ չեմ կարողանում վճարել, գործարանն էլ չգիտեմ՝ երբ կփոխանցի գումարը: Մի անգամ եմ օրվա մեջ 5 տ. ծիրան քաղել, որից 900 կգ. է վաճառվել, կարկուտի խփածը շատ էր, ձեռնտու չէր: 30 հոգի աշխատող բերեցի 9000 դրամով, աշխատողին մնացի պարտք»:
Արմավիրի մարզի գյուղատնտեսությունը մայիս և հունիս ամիսներին 4 անգամ տուժել է կարկտահարությունից: Կան բնակավայրեր, որտեղ մշակովի հողերը կրկնակի հարված են ստացել:
Քարակերտի բնակիչ Կարեն Պողոսյանն այս տարի 3 հա այգուց 3 տոննա բերք է հավաքել:
«Ծիրանի եղած բերքի կեսից ավելին թափվել է, մնացածին էլ կարկուտն է խփել ու ամբողջը դարձել գործարանի ապրանք, 50 դրամով հանձնել ենք: Ծիրանի այգուց ակնկալում էինք մինչև 10 տոննա բերք ստանալ, բայց ստացանք 30 տոննա, որը կարող էինք վաճառել 1 կգ 400 դրամով, բայց ծախել ենք 50 դրամով»:
Կարկտահարված համայնքերում ստեղծված հանձնաժողովները ուսումնասիրել են վնասի չափը և ակտերը ներկայացրել Արմավիրի մարզային հանձնաժողով: Ընդհանուր առմամբ՝ կարկտահարությունից տուժել են Արմավիր, Մեծամոր, Խոյ և Բաղրամյան համայնքների 38 գյուղեր, 5700 հա գյուղատնտեսական նշանակության մշակովի հողատարածքներ, շուրջ 4000 հողօգտագործող: Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը վնասի չափը գնահատող հանձնաժողովի ակտերը ներկայացրել է Արմավիրի մարզպետին և հուսով է, որ կառավարության աջակցությունը չի ուշանա.
«Այս տարվա վարկերի մարումը կհետաձգեն, համենանդեպս, գյուղացիներին աջակցություն կլինի, հիմնականում վարկերը, որոհետև գյուղացիների մեծ մասը ագրարային աշխատանքներն արել են վարկով»:
Անցած երկու տարիներին հողօգտագործողներն այգիներն ու մշակովի ցանքատարածքները ապահովագրել էին գարնանային ցրտահարությունից ու կարկտահարությունից, բայց այս տարի գյուղապահովագրությունը դադարեցվել է:
Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյան․ «Քանի որ գյուղատնտեսական ապահովագրությունը նոր էր ներդրվել, մշակովի այգիների որոշ հատվածը ապահովագրված էր: Այս տարի ցանկացողները շատ էին, բայց, ցավոք, գյուղտանտեսական ապահովագրություն չկար ծիրանի կարկտահարության դեմ, ու այդպիսի աղետ եղավ: Հուսանք, որ մյուս տարի կներդնեն գյուղապահովագրությունն ու ավելի լավ կլինի»:
Վճարունակ չլինելու պատճառով վարկերի մարումը ժամանակավոր դադարեցնելու խնդրանքով գյուղացիները դիմել էին Արմավիրի մարզպետին:
Քարակերտի բնակիչ Գրիգոր Մկրտչյան. «Մեր վարկերի մարման օրերն էր մոտենում, գնացինք մարզպետի մոտ, որպեսզի տեղեկանանք, թե ինչ են որոշել, մարզպետն ասաց՝ պատասխանը հինգաբթի օրվա կառավարության նիստին կհրապարակեն, ուրբաթ ձեզ տեղյակ կպահենք, դուք կգնաք բանկեր, վարկերը մի տարի ժամանակով կսառեցնեն: Այդպես ավելի լավ կլինի, վարկը հիմա չմարենք, մյուս տարի տեսնենք ինչ բերք կլինի, ապահովագրություն էլ երևի կլինի, կապահովագրենք ու բանկերի պարտքից դուրս կգանք»:
Տուժած գյուղացիական տնտեսությունների հիմնական հոգսը վարկերն են, բայց դեռ վճարելու են նաև ոռոգման ջրի վարձն ու հողի հարկը:




