
Երևանի մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը։ Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում տեղադրվել և փորձարկվում են անցակետերի նոր անցարգելներ՝ վճարային նոր համակարգով։ Մինչև հունվար ժետոնները իսպառ հանվելու են, և մուտքը լինելու է միայն QR կոդերով։
QR վալիդատորներ․ այսպես է կոչվում մետրոյի նոր վճարային համակարգը։ Շուտով մետրոյում ժետոնների անցարգելներին կփոխարինեն QR-վալիդատորները։ Այս պահին յուրաքանչյուր կայարանում մնացել է մեկ ժետոնի անցարգել, մնացածը վալիտադորներ են։
Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյան․ «Այսուհետև՝ յուրաքանչուր ուղևոր վճարելով 100 դրամ Тellsel համակարգի միջոցով կարող է գնել իր ուղետոմսը, այնուհետև ստանալ QR տոմսը, որը հավասարազոր է մեկ ժետոնին։ Ժետոնները իսպառ հանվելու են և մուտքը լինելու է միայն QR կոդերով»։

Մեր այցելության պահին QR տոմսերից օգտվողները շատ չէին․ ժետոններից շարունակում են օգտվել ոչ միայն մեծահասակնները, այլև երիտասարդները։ Միջին տարիքի մարդիկ բողոքում էին անհարմարությունից, նրանից, որ ուղևորներին չեն տեղեկացնում, թե ինչպես պետք է ստանալ QR տոմս ասվածը։
«Սա խայտառակություն է, տեսնում եք, բոլորը անցնում են ժետոնների տեղով, իսկ այս կողմերը լրիվ դատարկ են, ու արդյունքում հերթ է գոյանում։ Մենք սկզբից սանտեխնիկան ենք սարքում, հետո նոր՝ տան պատերը»։
«Ես ավելի նախընտրում եմ ժետոնը, այսպես չեմ կարողանում անցնել, երբեմն համակարգը չի էլ աշխատում»։
«Ոչ բոլորն ունեն սմարթ հեռախոսները, բայց դե պետք է համակերպվենք սովորել, եթե որոշել ենք, որ նման բան պետք է անեն»։


Իսկ ինչպես կամ որտեղից ձեռք բերել նոր տոմս ասվածը։ Մետրոյի բոլոր կայարաններում տեղադրված են Telcell ընկերության տերմինալները։
«Տերմինալների վրա կա տրանսպորտ բաժին, մուտք ենք գործում այդ բաժին, որտեղ բացվի պատուհան, գրված է տրոլեյբուս,ավտոբուս մետրո և օդանավակայանի տոմսեր։ Ընտրում եք ավտոբուս մետրո և սեղմում եք, բացվում է քանակ պատահանը ու մինչև 10 հատ տոմս կարող եք գնել։ Վճարումը կատարում եք և ապարատը ձեզ տալիս է QR կոդ: Այնուհետև այն պահում եք QR-վալիդատորների էկրանին և անցնում»
Ընկերության աշխատակիցը շեշտում է՝ հերթերից խուսափելու համար պարտադիր չէ տոմս ձեռք բերեք մետրոյում. դա հնարավոր է անել և՛ բջջային հավելվածի միջոցով, և՛ փողոցներում տեղակայված Tell Sel տերմինալներից: «Իսկ այն ուղևորները, որոնք կդժվարանան օգտնվել վճարային նոր համակարգից,կամ հեռախոսային հավելվածից, նրանց կօգնեն գանձապահները»,- ասում է Մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանն ու հավելում, որ նոր տեխնոլոգիաների ներդրմամբ մետրոյի աշխատակիցները գործազուրկ չեն դառնա։
«Գանձապահներն աշխատելու են այն ուղևորների համար, որոնք կդժվարանան օգտվել տերմինալներից կամ սմարթֆոններից։ Կարող են մոտենալ և գանձապահից ստանալ իրենց ուղևորափոխադրման համար նախատեսված մեկ QR–ը։ Այսինքն՝ ժետոնի փոխարեն նրանք կվաճառեն մեկանգամյա օգտագործման QR տոմսեր»։
Նշենք, որ հուլիս 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Երևանի մետրոպոլիտենի ուղևորափոխադրումը կազմել է 962 հազար 820 ուղևոր, որից 64 հազար են երթեևեկել QR տոմսերով։




