
Հուլիսի 13-ին Փենսիլվանիայում արձակված գնդակը հարվածեց Թրամփի ականջին ու Ջո Բայդենի վարկանիշին՝ գրում է միջազգային մամուլը։ Մահափորձից հետո Թրամփը ողջ է, Միացյալ Նահանգների քաղաքական ու գործարար վերնախավը՝ անհանգստացած։ Թրամփի արյունոտ ականջն աշխարհի քննարկման առարկան է դարձել․ մասնագետները կարծում են, որ ԱՄՆ-ն տեսավ ատելության խոսքը՝ գործողության մեջ։
Ավելի քան 40 տարի ԱՄՆ նախագահի կամ խոշոր կուսակցության ղեկավարի վրա չէին կրակել։ Վերջին վիրավորվածը նախագահ Ռոնալդ Ռեյգանն էր՝ 1981-ին։ Նախօրեին Դոնալդ Թրամփի ականջը քերծած փամփուշտն ընդհատեց այդ դադարը․ քաղաքական հարցերի լուծումը զենքի միջոցով տեսնողը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն էր, որը սպանվեց միանգամից։
«Միացյալ նահանգների պատմության մեջ նախագահների դեմ մահափորձեր շատ են կազմակերպվել։ Դրանք եղել են հաջողված, չհաջողված, նախապես հատուկ ծառայությունենրի միջոցով տապալված և այլն»։
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ԱՄՆ 4 սպանված նախագահ է հիշում՝ հանրապետականներ Լինքոլնը, Գարֆիլդը, Մաքքինլին և դեմոկրատ Քենեդին: Մահափորձից փրկվել են Ռուզվելտն ու Ռեյգանը։ Սարգսյանի խոսքով՝ ատելության խոսքը արդյունք տվեց․ Թրամփը համալրեց այս շարքը։
«Նախ պետք է հասկանալ պատճառները։ Հիմա Միացյալ Նահանգների հանրությունը ծայրահեղ բևեռացված է և նաև ատելության խոսքն է, որ բերում են այսպիսի հանցավոր արարքների։ Բայց Միացյալ Նահանգներն իր պատմության ամենատարբեր փուլերում նման խնդրի բախվել է ու հնարավոր չի եղել այս խնդիրը վերջնականապես վերացնել»։
13 տարի առաջ ԱՄՆ-ում կուսակցական միջոցառման ժամանակ գնդակահարվեց դեմոկրատ կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսը։ 7 տարի առաջ Ներկայացուցիչների պալատի՝ այն ժամանակվա մեծամասնության քարտուղար Սթիվ Սքալիսը և ևս երեք հոգի վիրավորվեցին Կոնգրեսի հանրապետական բեյսբոլի մարզադաշտում հրաձգության ժամանակ: Նախադեպերը, երկրի ներսում բևեռցվածության բարձր մակարդակը, ատելության խոսքը, նաև դաշնային օրենքի՝ Թրամփին, որպես նախկին նախագահի, Գաղտնի ծառայության կողմից ցմահ պաշտպանելու պահանջը պետք է բացառեին մահափորձը․ այս մասին են քննարկումները միջազգային մամուլում։

«Ամերիկացիները պահանջում են նախագահ Թրամփի դեմ մահափորձի վերաբերյալ հարցերի պատասխանները»,– ասվում է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկողական հանձնաժողովի հայտարարության մեջ։
«Ամերիկայում նման բռնության տեղ չկա։ Մենք պետք է համախմբվենք որպես մեկ ազգ՝ դատապարտելու համար», –ասվում է Բայդենի հայտարարության մեջ։
«Գաղտնի ծառայության ղեկավարը և անվտանգության այս ծառայության ղեկավարը պետք է հրաժարական տան»,–գրում է գործարար Իլոն Մասկը։
Նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշը և Բարաք Օբաման միաձայն դատապարտել են կրակոցները և ասել, որ ԱՄՆ-ում քաղաքական բռնությունը տեղ չունի: Սակայն նույն կերպ տարածվում են նաև մահափորձի շինծու լինելու մասին գրառումներ։
«Ճիշտ չէ հիմա ինչ-որ վարկածներ առաջ քաշել, խաղ անել կամ քննարկել, ես կարծում եմ, որ հետաքննությունների դաշնային բյուրոյի պաշտոնական դիրքորոշումը կլինի, այդ ժամանակ էլ արդեն կփորձենք հասկանալ՝ որքանով է արժնահավատ և որքանով արժնահավատ չէ այս ինֆորմացիոն հոսքը, միայն ուզում եմ նշել, որ նախագահ Քենեդու սպանությունից անցել են տասնյակ տարիներ, բայց մինչև օրս նրա սպանության հետ կապված դեռ չգաղտնազերծ փաստաթղեր կան և մինչ օրս հայտնի չէ՝ ով է այդ սպանության հետևում կանգնած»։

Այս փամփուշտի մեկ միլիմետր շեղումը կարող էր ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի հանգեցնել՝ ասում է Սուրեն Սարգսյանը։ Իսկ ինչի՞ կհանգեցնի մահափորձի անհաջող ելքը․ ամերիկագետն ասում է՝ ամեն բան կախված է Թրամփի և նրա թիմի ռազմավարությունից․
«Պետք է հասկանանք՝ ինչպես է նախընտրական շտաբը պատրաստվում օգտագործել սա, արդյո՞ք Թրամփին կդարձներն զոհ, թե՞ մարդ ով կարողացավ հաղթահարել ու պատվով այդ իրավիճակից դուրս գալ։ Համենայն դեպս սա ևս քննրակվող թեմա է, թե ո՞նց կարող ես վիրավորված լինել, տեսնել, որ ընդամենը միլիմետրի տարբերությամբ չես մահացել, բայց այդքան էներգիայով լի բարձրանաս և շարունակես շփվել պոտենցիալ ընտրողի հետ։ Այնպես որ՝ շատ բան կախված է նաև ռազմավարական մոտեցումից»։
«Թրամփի վրա կրակոցը կհարվածի Բայդենին» նախադասությունը կարդում ենք BBC-ի հոդվածում։ Թեև գործող նախագահ և առաջիկա ընտրություններում Թրամփի մրցակից Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ, հանրայնորեն հայտնել իր խիստ դատապարտող կարծիքը՝ հանրապետականների ճամբարում ամենաթեժ ղեկավարներն արդեն իսկ մահափորձի պատասխանատվությունը դնում են դեմոկրատների և անձամբ Ջո Բայդենի վրա։Ակնկալվում է, որ այս մահափորձը կարող է դրական ազդեցություն ունենալ Թրամփի նախընտրական վարկանիշի վրա։




