Հասարակություն

Ադրբեջանահայ փախստականներն իրենց մոռացված են զգում

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Ավելի քան երկու տասնամյակ առաջ Ադրբեջանից բռնագաղթված փախստականները մինչ օրս ունեն բազում չկարգավորված խնդիրներ: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ մտահոգված են պետական մարմինների կողմից իրենց հուզող հարցերի հանդեպ ցուցաբերվող անուշադրությունից։

Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության փախստականների հարցերի բաժինը վերջերս վերանվանվեց Ինտեգրացիայի հարցերի բաժին: Այս հանգամանքը մտահոգության առիթ է դարձել ադրբեջանահայ փախստականների համար, թե պետությունը դեմքը թեքել է նրանց խնդիրներից: Անցած տարիներին Ադրբեջանից բռնագաղթված 84 հազար մարդ ստացել է ՀՀ քաղաքացիություն, ևս 6000 գաղթական դեռևս չեն շտապում փոխել փախստականի վկայականը կապույտ անձնագրի հետ:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը կասկած հայտնեց ադրբեջանահայ փախստականներին քաղաքացիության շնորհման ժամանակին իրականացված արշավի քաղաքական արդյունավետության շուրջ։Ըստ Խառատյանի՝ նպատակահարմար կլիներ այդ մարդկանց վերաբնակեցնել ազատագրված տարածքներում, սակայն նախկինում քաղաքաբնակ փախստականների մեծ մասի համար անընդունելի է այդ առաջարկը։ Շատ փախստականներ մինչ օրս ապրում են ծանրագույն կենցաղային պայմաններում, կարծես թե մոռացված պատկան մարմինների կողմից։

Back to top button