ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հին Երևանի «վկան» վերականգնվում է․ Կարմիր կամուրջը կտեղափոխի 1600-ական թվականներ

«Էրեբունի-Երևանից» հանենք Էրեբունին, «հին Երևանից» էլ ընտրենք ամենահինը․ այսօր առնվազն մեկ պատմամշակութային հուշարձան թույլ է տալիս պատկերացում կազմել այդ մասին։ Շինությունը պատկերել են նույնիսկ ուշ միջնադարի օտարերկրյա ճանապարհորդները։ Դրանցից մեկում Երևանի բերդն է, ներքևում՝ կամուրջ, որով բերդաքաղաք են մտնում բեռներով բարձված ուղտեր։

Դարեր անց՝ նույնը. բարերարը հետաքրքրված է կամրջի ճակատագրով

Նորագյուղ թաղամասի Կարմիր կամրջի պատմությունը կրկնվում է։ Շուրջ 3.5 դար անց Հրազդան գետի 2 ափերն իրար կապող կառույցը «մեջքը կրկին ուղղում է» բարերարի միջոցով։ 17-րդ դարում կամուրջը վերականգնել է քանաքեռցի հայ առևտրական Խոջա Փլավը, մեր օրերում գործը նախաձեռնողն առայժմ ցանկանում է անհայտ մնալ։

Կամրջի կամարների վրա ակտիվ եռուզեռ է։

«Ըստ ռուս ճանապարհորդ Շուստովի՝ կամուրջը 12-րդ դարի է։ 1679թ.-ին Երևանում տեղի է ունեցել մեծ երկրաշարժ, և բազմաթիվ շինությունների հետ քանդվել է նաև կամուրջը, բայց նույն թվականին վերականգնել է այն ժամանակվա Երևանի «քաղաքապետը»՝ Զալ խանը։ Պարսից շահը նրան է հանձնարարել, իսկ միջոցները տրամադրել է խոջա Փլավը, դրա համար էլ կամուրջը երբեմն անվանում են Փիլավի կամուրջ։

1830թ.-ին կրկին վերականգնվել է ռուսների կողմից։ Հետո 1850-ին ու ընթացքում էլի բազմաթիվ միջամտություններ են եղել։ Նախագծի իմաստն այն է, որ պահպանվեն բոլոր շերտերից հատվածներ, թե որ թվականին ինչ, ինչպես է եղել»։

«Ռադիոլուրի» զրուցակիցը վերականգնման նախագծի հեղինակն է՝ Լևոն Վասիլյանը։ Հուշարձանի մասով նրա պատմությունն էլ է կրկնվում։ 1986թ.-ին Հուշարձանների պահպանության վարչությունը պետպատվեր էր ստացել վերականգնելու կամուրջը։ Կազմվել էր չափագրողների և կոնստրուկտորների թիմ, որի անդամներից մեկն էլ հենց այսօրվա զրուցակիցս է։ Խորհրդային Միության փլուզումը կանգնեցրել էր գործը, բայց մոտ 4 տասնամյակ անց նոր վերականգնողը նախագծային փաստաթղթերում տեսել է մասնագետի անունն ու նրան հրավիրել աշխատանքի։

Գործի ընթացքում խորհրդավոր դեպք էլ է եղել․ հենապատի մեջ հայտնաբերվել է գաղտնի սենյակ։

«Կամուրջն ունի 2 մեծ թռիչք, 1 փոքր ջրանցք եղել է կամրջի ձախ կողմից, 1 փոքր ջրանցքի համար էլ անցում եղել է աջ կողմից։ Բացի դրանից՝ բացվել է մի խուց։ 1986թ.-ին չափագրում էինք, այդ խուցը չկար, չէր երևում։

Փակել են ռուսական շրջանում՝ ամրակայման նպատակով։ Կռահում ենք, որ ըստ երևույթին տնտեսական նշանակություն է ունեցել, հնարավոր է մաքսավորների համար։ Բացեցինք ու հիմա մտահղացումն այն է, որ սենյակը դառնա կամրջի պատմության թանգարան»։

Թաքնված խորշի գաղտնիքը. ինչո՞ւ էին հնում նման հնարքի դիմում

Թաքնված խորշի մասին ավելին իմանալու համար այցելում եմ Երևանի պատմության թանգարան։ Հնագիտության բաժնի ղեկավար Մարինե Նավասարդյանը հաստատում է՝ հնում ճարտարապետական հմտություն էր կամրջի հենասյուների գաղտնի կիրառումը։ Այդպես 2 ձիավոր՝ մեկը կամրջի վրայով, մյուսը՝ թաքնված միջնորմով անցնելիս, կարող էին իրար չնկատել։

«Քանի որ Երևանը գտնվել է առևտրական խաչմերուկում՝ Մետաքսի ճանապարհի «Երևանյան» կոչվող հատվածում, ինքը պետք է անմիջապես կապ ունենար հարավ-հյուսիս առևտրական ճանապարհին։ Հրազդան գետի վրա, որը Երևանը կապել է Արարատյան դաշտի բնակավայրերի հետ, եղել Է 3 կամուրջ։ Մեկը՝ Քանաքեռի տակ, մասամբ է պահպանված, մյուսը Ձորագյուղի տակ է՝ Սուրբ Սարգիս եկեղեցուց այն կողմ։ Երրորդը Կարմիր կամուրջն է կամ Խոջա Փլավի կամուրջը»։

Հին երևանյան կամուրջները մեծ վարպետությամբ են կառուցվել։ Ընտրվել են կիրճերի ժայռոտ հատվածները, որ հենասյուները հողին ամուր կառչեն։ Կերտվածքի թռիչքը կրճատելու համար ընտրվել են գետի հունի նեղ մասերը։

«Քանի որ Երևան մտնող հիմնական ճանապարհն այդ կամրջով էր անցնում, այն պետք է հսկվեր Երևանի պաշտպանական կառույցի՝ բերդի կողմից։ Վկայություններ կան, որ նույնիսկ Սարդարի պալատից գնացող-եկող քարավանների ու թշնամու շարժը տեսանելի էր»։

Կամուրջը «կտեղափոխի» հին դարեր, մերօրյա լուսատուներ չեն լինի

Հենապատերի զարդանախշերում պակասող աղյուսները բերվել են Իրանի Իսլամական Հանրապետությունից. այնտեղ գործարաններից մեկը աղյուսը թրծում է հնագույն տեխնոլոգիայով։

1679թ.-ից էլ վաղ շրջանի հենասյան հատվածը՝ բացված պեղումների շնորհիվ, կպահպանվի նույնությամբ։ Կառույցը կլուսավորվի հեռվից․ ժամանակակից լուսատուներ չեն տեղադրվի։

Կվերականգնվի ցարական շրջանում անհետացած բազրիքաշարը, որից մի կտոր պահպանվել է գետի աջ ափին։ Բազրիքի երկթեք քարերի կրկնօրինակը քարտաշ վարպետն այսօր ձեռքով է ստեղծում։

«Կամուրջը բաց պատմական գիրք է։  1600-ական թվականներից մնացել են ոտքի հիմքերը՝ մեծ քարերով։ Հետո կա պարսկական շրջանի վերանորոգում՝ քարի և աղյուսի զուգորդված շարքերը, որտեղ քանդված կամրջի սրբատաշ քարերը դրվել են երեսնիվայր՝ հարթ կողմով։

Մարդն իր աչքով կտեսնի, թե որը երբ է կառուցված։ Շատ գեղեցիկ, հրաշալի տեսք է ունենալու»։

80-ականներին Գյումրու ռեստավրացիոն արհեստանոցից Հուշարձանների վերականգնման վարչություն տեղափոխված Տիգրան Բարսեղյանը շինարարներից ամենաշատն է քարերի հետ խոսում։

Քարտաշ վարպետը մեր զրույցի պահին կամրջի պատմության առումով ամենահարմարը ճանաչված Արարատյան դաշտավայրից բերված տուֆն է մուրճով մշակում։

«Մենք հիմա կոպտատաշ շարք ենք անում, ոնց որ հնում են արել, ձեռքով տաշում, բացում ենք քարի երեսը, որպեսզի ինչպես հնում այնպես էլ հիմա նույն ձևով շարենք։

Ռեստավրացիոն աշխատանքում ոչ մի հնուց մնացած քար դրսում չենք թողնում, դրանք անպայման վերադարձնում ենք իր տեղը։ Գետի հոսանքի մեջ էլ կան բազրիքի, հիմքի քարեր, դրանք բոլորը պետք է հավաքվեն և դրվեն իրենց  տեղերում»։

Շինարարների մի խումբը կամրջի կամարներն է կապում։ Գործն ավարտելուց հետո կանցնեն բազրիքին։ Մյուս խումբը զբաղված է կողային հատվածների երեսպատմամբ․ ամրացնում են նախշաշարքից պակասող քարերը։ Շինաշխատանքները ղեկավարում է Արմեն Վարդանյանը։

«Պեղումներ արեցինք և գտանք, թե կամուրջը որտե՞ղ է սկսվում և որտե՞ղ ավարտվում։ Ձախակողմյան հատվածն ամբողջովին հողի տակ էր, դե քաղաքի կենտրոնում ինչքան շինարարություն արվել էր ժամանակին, ամբողջ շինաղբը տեղափոխել էին այստեղ։ Մաքրեցինք, գեղեցիկ կամարները, ջրատարները հայտնաբերեցինք։ Նախկինում գետի այս ափին ջրաղացներ են եղել, դրանք հատուկ ջրի ուղի են ունեցել, գետից առանձին և գտանք այդ ուղին։ Այ այս փոքր անցումը ջրատարի անցում է եղել»։

Վերականգնման նախագծի աշխղեկը գոհ է նախորդ դարերում նույն գործն անողներից։

-Ամենաառաջինը, որ գտել ենք, հիմքերն էին, որոնք շատ լավն էին, ստուգվել են, շատ բարեխիղճ կառուցված հիմքեր են։

-Բարեխիղճ կառուցողները Խոջա Փլավի ժամանակներից են եղե՞լ, երկրաշարժից հետո՞։

-Ստույգ հայտնի չէ՝ երկրաշարժից առաջ, թե հետո, որովհետև մի քանի անգամ փլուզվել է ու կառուցել են։ Թե ո՞ր մեկն է ճիշտ սարքել, դա է հարցը։ Ժայռի վրա է հենված, մեծ սալերին  ձեռք չէին տվել ու մենք էլ ձեռք չտվեցինք։ Բազալտ՝ շատ որակով, թե ինչո՞վ էին այդ քարերը դասավորել այնտեղ մեզ համար հարց մնաց։ Ինժեներները, վերահսկողները գոհ են, մնայուն է։

Հին Երևանի կարևոր պատմական վկան ունի նաև հին ժամանակների «ընկերներ»։ Անմիջական հարևանությամբ Նորագյուղ տանող դարբնագործական նմուշի երկաթե աստիճանաշարն է։ «Եռանկյունի» ֆիլմում «գասպարալողի վարպետը»՝ սիրված դերասան Մհեր Մկրտչյանը հենց այդ աստիճաններով է գետ իջել։ Տեղանքում կան նաև քարայրներ։

Վերականգնման շնորհիվ Կարմիր կամուրջը հավակնում է երևանյան կարևոր զբոսաշրջային կանգառ դառնալուն։ Այն կդիմանա մեծ ծանրությամբ մեքենաներին, բայց բնույթով կլինի հետիոտնային։

Կարդացեք նաև

Back to top button