
Կապանի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Երևանում էր աշխարհում ջութակի վաճառքով զբաղվող առաջատար ընկերություններից մեկի՝ համաշխարհային ճանաչում վայելող Florian Leonhard Fine Violins ընկերության ղեկավար Ֆլորիան Լեոնհարդը։
Նա Հայաստան է բերել և Կապանում ցուցադրել իր հավաքածուից բացառիկ նմուշներ՝ Անտոնիո Ստրադիվարիուսի և Ջուզեպպե Գվարների դել Ջեզուի լեգենդար ջութակները։ Դրանք պատրաստվել են 3 և ավելի դար առաջ, հայտնի են իրենց մաքուր և հարուստ հնչողությամբ, ինչն էլ նրանց դարձրել է աշխարհի ամենապահանջված և թանկարժեք գործիքներից։
Թավջութակահար եմ, մեծացել եմ արվեստագետների ընտանիքում, մայրս ջութակահար էր, հայրս նկարիչ։ Իմ աշխարհայացքը ձևավորվել է մի միջավայրում, որը շնչում էր բարձր արվեստով, նրբաճաշակ գեղեցկությամբ։ «Ռադիոլուրի» զրուցակիցը Ֆլորիան Լեոնհարդն է, իտալական հին ջութակների փորձագետը։ Նա լավագույն լարային գործիքների և երաժիշտների հետ աշխատելու ավելի քան 40 տարվա փորձ ունի։

«Ուսանողական տարիներին մի գիրք գտա, որտեղ Ստրադիվարիուսի ջութակներն էին ընդգրկված ու միշտ մտածում էի, որ դա ինձ համար անհասնելի մի բան է։ Տարիներ հետո արդեն ես մի գիրք կազմեցի, որտեղ շատ ավելի մեծ հավաքածուներ են ընդգրկվել։ Հիմա ես Ստրադիվարիուսի ջութակներ վաճառող ամենահեղինակավոր ատելյեի ներկայացուցիչն եմ։ Ինչպես ասում են՝ ժամանակին ես մերժում էի, հիմա դարձել եմ դրա կրողը»։

Ֆլորիան Լեոնհարդը եկել է Հայաստան՝ մասնակցելու Կապանում անցկացվող միջազգային երաժշտական փառատոնին։ Իր հետ Հայաստան է բերել և Կապանում ցուցադրել իր հավաքածուից բացառիկ նմուշներ՝ Անտոնիո Ստրադիվարիուսի և Ջուզեպպե Գվարների դել Ջեզուի լեգենդար ջութակները։ Պատմում է, որ փառատոնի հիմնադիր, թավջութակահար Սևակ Ավանեսյանի հետ պարբերաբար հանդիպել են, տարբեր նախաձեռնություններ քննարկել և որոշել են Կապանում ցուցադրել աշխարհահռչակ ջութակները։
«Հայաստան գալով՝ նպատակ ունեմ իմ հնարավորությունների սահմաններում աջակցելու տեղի մասնագետներին։ Ես տեսնում եմ, որ կա հայ տաղանդավոր երաժիշտների մի մեծ ցանկ, որոնք աշխարհում հայտնի անուններ են։ Նրանցից շատերն ապրում են Հայաստանից դուրս, սակայն ես նպատակ ունեմ օգնելու տեղի երաժիշտներին, որպեսզի նրանք երաժշտության նորագույն միտումներին կարողանան ծանոթանալ հենց Հայաստանում և մնան իրենց հայրենիքում՝ գործունեություն ծավալելով հենց այստեղ»։

Սա Ֆլորիան Լեոնհարդի առաջին համագործակցությունը չէ մեր երկրի հետ. հունիսին անցկացված Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթում առաջին մրցանակը ստացած ջութակահարը թույլտվություն ստացավ մեկ տարի օգտագործել Ֆլորիան Լեոնհարդի Fine Violin հավաքածուի բացառիկ ջութակներից մեկը։
«Շատ կարևոր է մրցանակակրի համար, թե ինչ գործիքով է նվագում։ Լավ գործիքը հնարավորություն է տալիս ավելի լավ ներկայանալու։ Մի օրինակ բերեմ, եթե դու ուզում ես արագ վարել մեքենան, բայց մեքենան արագավազ չի, դու չես կարող մրցակցել ու հաջողության հասնել։ Նույնը երաժշտության ոլորտում է․ եթե դու լավ գործիք ունես, կարող ես շատ լավ ներկայանալ»։

Առաջին ջութակը Ֆլորիան Լեոնհարդը պատրաստել է 1982 թվականին։ Իր աշխատանքում վարպետը կարևորում է հոգեկան բավարարվածությունը, ներդաշնակությունը, որ ստանում է երաժշտական գործիք արարելիս։
«Կարևորում եմ իմ այստեղ գտնվելը, ուրախալի է, որ Հայաստանի հեռավոր շրջանում ներկայացվում է դասական երաժշտությունը։ Իմ ներկայությամբ ես փորձում եմ ոգևորել տաղանդավոր անհատներին՝ հասնելու իրենց նպատակներին»։

Կապանյան ցուցադրությունն ունեցել է շուրջ 2 հազար 300 այցելու։
Լուսանկարները՝ Կապանի համայնքապետարանի ֆեյսբուքի էջից։




