ԿարևորՀասարակությունՄշակույթՌեպորտաժներ

Պատերազմը մարդուն զրկում է ինքնությունից, դարձնում մսի կույտ, այս ֆիլմով մեր բոլոր տղաների ինքնությունը վերադարձրեցի․ «1489» ֆիլմի հեղինակ

Դեռ «1489»-ը էկրան չէր բարձրացել, երբ հանդիսատեսն արդեն հուզված ու թաց աչքերով ծափահարում էր երիտասարդ հայ ռեժիսորին` պատերազմում զոհված Սողոմոնի քրոջը, աշխարհին պատերազմի աղետալի հետևանքների մասին կինոյի լեզվով պատմող Շողակաթ Վարդանյանին։ Թեպետ ֆիլմն արդեն ցուցադրվել էր հեղինակավոր փառատոներում, արժանացել կինոքննադատների ու մամուլի լուրջ արձագանքին, բայց երևանյան ցուցադրությանը սպասված էր ոչ միայն հայ հանդիսատեսի, այլև՝  հեղինակի համար․

«Իսկապես ամենակարևոր ցուցադրությունն էր, որովհետև էսպես մաշկի վրա ամենաշատը հայերը պիտի զգային էս պատմությունը, չնայած արտասահմանում էլ մաշկի վրա են զգում, բայց էդ փորձառությունը շատ տարբեր է: Այստեղ մեր անձնական փորձառությունն ենք տեսնում ֆիլմի մեջ, իսկ արտասահմանում էն մարդիկ, ովքեր ունեցել են պատերազմի փորձ, իրանք էլ նույն ապրումներն են ունենում, իսկ նրանք, ովքեր չունեն, կարծես, կրթվում են նայելիս՝ հասկանալով, թե ի՞նչ է պատերազմի միջով անցնելը»։

Շողակաթից 4 տարով փոքր եղբայրը՝ Սողոմոնը, 44-օրյա պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող էր։ Պատերազմի 7-րդ օրվանից ընտանիքը կորցրեց կապը որդու հետ ու սկսեց նրա որոնումները։ Շողակաթը, որ ոչինչ չէր ուզում անել եղբորը փնտրելուց բացի, որոնումների 14-րդ օրը վերցրեց հեռախոսն ու սկսեց նկարել.

«Լրագրող Անի Հովհաննիսյանը և ռեժիսոր Իննա Մխիթարյանը զանգեցին, ուզում էին ինչ-որ բանով ինձ զբաղեցնել, որովհետև հասկանում էին, որ ծանր վիճակում եմ, ասեցին, որ հեռախոսը դնեմ սենյակում ու ամեն օր պատմեմ, թե ոնց եմ եղբորս փնտրում և որտեղ։ Ես դա փորձեցի անել։ Մենք էդ մասին չենք խոսել, որ ֆիլմ կդառնա, առաջին հերթին այն պատճառով, որ սպասում էինք Սողոմոնի վերադարձին։ Ես փորձեցի սենյակում դնելը, դա դուր չեկավ, հետո, երբ մտա հայրիկի արվեստանոց, խոսում էր, չգիտեմ ինչի իրեն սկսեցի նկարել, հետո նայեցի նկարածս էդ սենյակում ու հասկացա, որ պիտի իրեն նկարեմ, հետո հասկացա, որ պիտի ինձ ու մամային էլ նկարեմ։ Շատ լուրջ սկսեցի վերաբերվել նկարելուն, որովհետև զգացողություն ունեցա հավանականության, որ Սողոմոնը կարող է չվերադառնա։ Ու հասկացա, թե ինչքան կարևոր ա էդ ֆիլմն անելը»։

Շողակաթը դարձավ ինքն իր օպերտորը, ռեժիսորը, պրոդյուսերն ու սցենարիստը։ Ասում է՝ հեռախոսով նկարելն օգնեց, որ ծնողների համար տեսախցիկի ներկայությունը սովորական դառնա․

«Սկզբում մամաս չէր թողնում, որ նկարեմ, հետո ինչ-որ պահից սկսած թույլ էր տալիս, որ իրեն նկարեմ։ Հայրիկս սկզբում կատակ էր անում, դեռ էդ սկզբի մի քանի օրերին, որ դեռ Սողոմոնի  վերադարձի հույսը կար, կատակ էր անում, ասում էր՝ կարող ա լրագրող ես, ինչի ես կամերան առել, ընկել հետևիցս, հետո սկսեց չնկատելու տալ, սովորեց կամերայի ներկայությանը։ Ու քանի որ գնալով իրավիճակն ավելի ծանր էր դառնում, երևի դա էլ օգնեց, որ ուշադրություն չդարձնեն, նաև՝ սովորեցին տեսախցիկին»։ 

Ֆիլմը բոլոր նրանց մասին է, ովքեր հայտնվել են պատերազմում կամ պատերազմի աղետալի հետևանքների կրողներն են։ Շողակաթն ասում է՝ այդ տառապանքը համամարդկային է, սահմաններով չի գծվում։

«էս ֆիլմը աշխարհի․․․աշխարհի բոլոր մարդկանց մասին է, ովքեր անցնում են պատերազմի միջով։ էս ֆիլմը սովորական մարդու մասին է, ով հայտնվում է պատմության մեջ, պատմություն ասելով նկատի ունեմ էդ մեծ կատարվելիքի, ցավոտ ժամանակաշրջանի մեջ ա հայտնվում պատահաբար»,- ասում է Շողակաթ Վարդանյանը։

Ֆիլմի վերնագիրը՝ 1489-ը, այն պարկի համարն է, որից գտնվել է Սողոմոնի աճյունը։ Թեպետ Հայաստանում կնոջ համար ընդունված չէ դիահերձարան գնալն ու նման արարողակարգերին մասնակցելը, բայց Շողակաթը ցանկացել է հոր հետ գնալ այնտեղ ու անձամբ տեսնել Սողոմոնի աճյունը․

«Գիտեմ, որ եթե էս ֆիլմը չանեի, շատ ծանր վիճակում կլինեի, որովհետև հիմա գիտեմ, որ արել եմ ոչ միայն էն, ինչ որ կարողացել եմ անել, այլ էն, ինչ որ չէի կարող անել»։

Ֆիլմը ցուցադրվեց «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակում։ Շողակաթի ծնողները դահլիճում չէին, բայց ներկա էին զոհվածների, անհետ կորածների հարազատներ։ Այս ֆիլմն, ասում է Շողակաթը, որքան իր ու Սողոմոնի, այնքան էլ մյուս զոհվածների, անհետ կորածների ու նրանց հարազատների մասին է․

«Պատերազմը էդպիսի ահավոր բան ա, որ զրկում է մարդուն ինքնությունից, իրան սարքում ա․․կներես բայց պետք է ասեմ՝ մսի կույտ, էս ֆիլմով ես մեր բոլոր տղաների ինքնությունը հետ վերադարձրեցի»։ 

Նոյեմբերին «1489»-ը Ամստերդամում՝ վավերագրական ֆիլմերի աշխարհի ամենահեղինակավոր ու կարևոր փառատոնում՝ IDFA-ի միջազգային մրցույթում արժանացել էր միանգամից երկու՝ գլխավոր, և FIPRESCI մրցանակի, որը տրվում է կինոքննադատների և կինոմամուլի մասնագիտական հեղինակավոր համաշխարհային ընկերակցության կողմից․

«Հուսամ, որ էս ֆիլմը կսփոփի մարդկանց, որովհետև համաշխարհային կինոյի պատմության մեջ այս ֆիլմը ընդմիշտ կմնա, նաև ասեմ, որ միջազգային մասնագետներն ասացին, որ ֆիլմը համաշխարհային կինոյի պատմության մեջ առաջին ֆիլմն է, որ պատերազմը պատմում է էս տեսանկյունից, տան միջից»։ 

«1489»-ը երկրորդ անգամ կցուցադրվի հուլիսի 14-ին, ժամը 17-ին Կինոյի Տան մեծ դահլիճում:

Կարդացեք նաև

Back to top button