
Այն դիմորդները, որոնք քննություն են հանձնել հունվարին, հունիսին և հուլիսին, շուտով արդեն կիմանան՝ ընդունվել են իրենց նախընտրած մասնագիտությամբ, թե՞ ոչ։ Երկու քննությունից դրական միավորներ ստացած, սակայն անցումային շեմը չհաղթահարած դիմորդները կարող են դիմել ու մասնակցել մրցույթի լրացուցչ փուլին՝ մինչև վեց մասնագիտությամբ։
Թեև վերջնական արդյունքները վերլուծելը դեռ վաղ է, ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը փաստել է, որ հունվարին կազմակերպված քննությունների համեմատ՝ ամառային քննաշրջանի միավորները ավելի բարձր են եղել։
Ի տարբերություն այլ մարզերում կազմակերպվող ընդունելության քննությունների, Տավուշի մարզում դրանք այլ էին։ Քանի որ այդ մարզում հանրակրթության նոր չափորոշչի փորձարկումներն անցած առաջին շրջանավարտներն արդեն դիմորդ են, նրանց համար ընդունելության նոր կարգ են ապահովել։ Բացի հունիսին կազմակերպված միասնական քննություններից, ևս մեկ քննություն էլ հուլիսին անցկացվեց, բայց արդեն նոր չափորոշիչների հիման վրա։ Փորձնական քննության արդյունքներից ԳԹԿ փոխտնօերն Կարո Նասիբյանը գոհ է։ Զուգահեռները լրացուցիչ փուլի հետ է անցկացնում։
«Նույն «Հայոց լեզվի» միջին միավորը Երևանում 8,38 է, Տավուշում՝ 11,52։ Երևանում 50 տոկոսն անբավարար է ստացել, Տավուշում՝ 13 տոկոսը։ Վելուծություններից հետո պարզ կդառնա ամբողջական պատկերը, բայց այս երեխաներն արդեն երրորդ անգամ էին հանձնում քննություն և բնական է, որ ավելի լավ պետք է գրեին թեստերը»։
Բուհական ընդունելության նոր կարգը առայժմ միայն Տավուշում է ներդրվել, 2026 թվականից այն կգործի արդեն երկրի բոլոր շրջանավարտների համար: Այս փոփոխություններով նոր բարեփոխումների սկիզբ է դրվում, նկատում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանը։ Ըստ նրա՝ կրթության զարգացման 2020-2030 ծրագրով սահմանված է, որ պետք է վերանայվեն բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության մեխանիզմները։
«Մենք նախ նախատեսում ենք բուհերի ընդունելության մրցույթը վերապահել հենց բուհերին, միայն օրենքում որոշակի սկզբունքներ ամրագրելով։ Դրանցից մեկը կլինի «Հայոց լեզվի» քննության պարտադիր ամրագրումը, որ ՀՀ յուրաքանչյուր շրջանավարտի համար բուհ ընդունվելուելիս հայերենի իմացությունը պարտադիր լինի»։
Ինչ վերաբերում է հիմնական փուլի միասնական քննություններին, որոնք ավանդական ձևաչափով են անցկացվել, Կարո Նասիբյանը հայտնեց, որ հունվարին կազմակերպված քննությունների համեմատ, երկրոդ փուլի միավորները ավելի բարձր են եղել։
«Եթե առաջին փուլում հայերենի միջին միավորը եղել է 11,09, երկրորդ փուլում մեկ միավորով բարձրացել է՝ 12,09։ Անցյալ տարի գրեթե նույնն էր պատկերը։ Միայն թե այս անգամ մասնակցել է 4210 հոգի, 3211-ի փոխարեն»։
Նույնը «Մաթեմատիկայի» պարագայում է։ 2023 թվականին առաջին փուլում միջին միավորը եղել է 10,46, իսկ այս տարվա առաջին փուլում 10,51։ Երկրոդ փուլում միջին միավորը բարձրացել է՝ հասնելով 11,14-ի։
Արյունքներն ամբողջությամբ ամփոփելու համար դեռ վաղ է։ Ամբողջական պատկերն ու վերլուծությունը հայտնի կդառնան լրացուցիչ փուլից հետո կազմակերպվող բողոքարկումից հետո միայն։ Քննական շրջանի ավարտից հետո, ի դեպ, միայն միավորները չէ, որ կվերլուծվեն։ Պարզվում է՝ ընդունելության քննություններին որոշ դիմորդների հնարամտությունների դեմ նույնիսկ մետաղորսիչներն էին անզոր։ Ծածկագրեր են հայտնաբերվել սանհանգույցներում, աղբարկղերում, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է ԳԹԿ փոխտնօրենը։
«Նույնիսկ թղթով փաթաթում էին, վրան դնում օճառ։ Թվում էր թե օճառ է, տակը ոչինչ չկա, ընդամենը պատուհանագոգին է դրված, բայց դիմորդը գիտեր դա ինչ է, օճառը մի կողմ էր դնում ու օգտվում ծածկագրից»։
Հաշվի առնելով նախորդ տարիների փորձն ու դիմորդների հնարամտությունը, ԳԹԿ-ն այս տարի խստացրեց միասնական քննություններին մասնակցելու կարգը և քննակական կենտրոններում մետաղորսիչներ կիրառեց։ Բայց նույնիսկ քննությունների 3-րդ փուլում, մասնակիցների փոքր թվի պարագայում էլ տարբեր սարքավորումների, հեռախոսների պակաս չի եղել։ Իսկ ականջի մեջ տեղադրված սարքերը միայն քննասենյակի մուտքի մոտի մետաղորսիչներով են կարողացել հայտնաբերել։




