
Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հարուցել է Մոսկվայի դժգոհությունը։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը մտահոգիչ է համարել Երևանի ներկայությունը վաշինգտոնյան հավաքին, և այն ոչ միայն սեփական անվտանգությանը վնասող, այլև տարածաշրջանի կայունությունը վտանգող քայլ է համարել։
Փորձագետները համոզված են, որ Մոսկվան մտահոգված է ոչ այնքան տարածաշրջանի անվտանգությամբ, որքան տարածրշրջանում իր դերակատարության նվազմամբ, բայց նաև համոզված են, որ գերտերությունների շահերի բախումը Հայաստան տեղափոխելը լուրջ ռիսկեր է պարունակում։
Ոչ այնքան ՀՀ արտգործնախարար Միրզոյանի վաշինգտոնյան այցն է մտահոգել Մոսկվային, որքան հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկան՝ համոզված է քաղաքագետ Արա Պողոսյանը։ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած Միրզոյան-Բլինկեն-Բայրամով եռակողմ հանդիպումից հետո Մոսկվայի արձագանքը չի ուշացել․ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն անմիջապես ափսոսանք է հայտնել Հայաստանի մասնակցության առիթով։
«Մտահոգությունների շուրջ կառուցողական քննարկումներ ունենալու փոխարեն, ցավոք, Երևանն այլ ճանապարհ է ընտրել, ինչը ծայրահեղ ափսոսանք է առաջացնում։ Նման տեմպերով համագործակցության խորացումը նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, նշանակում է, որ Երևանը սեփական ձեռքերով ռիսկի է դիմում՝ ապակայունացնելու իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»։
Այս արձագանքը քաղաքագետ Պողոսյանը որակում է պայքար սեփական ազդեցության գոտու համար, կարծում է՝ Մոսկվան փորձում է կանխել զարգացումները, որոնք Հայաստանին տանում են արևմտյան անվտանգային համակարգ։
«Հարավային Կովկասն ավանդաբար համարվել է ռուսական ազդեցության գոտի։ Բնական է, որ ՆԱՏՕ-ական ուժի հնարավոր, միջնորդվորված կամ ուղղակի ներկայությունը ՌԴ–ի համար սպառնալիք է անվտանգային տեսանկյունից։ Մոսկվան, դասեր քաղելով նախկինում իր կորցրած ազդեցության գոտիներից, փորձում է կանխարգելել ՆԱՏՕ-ի հնարավոր մուտքը ՀԿ կամ Հայաստանի անվտանգային համակարգի մերձեցումը ՆԱՏՕ-ական անվտանգային համակարգին»։
ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը մեղադրում է Երևանին, այսպես ասած, երկու աթոռի վրա նստելու փորձերի համար, բայց նաև շեշտում, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ և ռազմատեխնիկական ոլորտներում բազմաթիվ երկկողմ պայմանագրերի կողմ է։
Շատ փորձագետներ, սակայն, հիշեցնում են, որ երբ ՀԱՊԿ անդամ Հայաստանը օգնության կարիք ուներ, կառույցը որևէ կերպ չաջակցեց Երևանին, անգամ չդատապարտեց Բաքվի գործողությունները։ Նման պայմաններում Հայաստանը փորձում է անվտանգության հարցերում ճկունություն դրսևորել և անվտանգային ապահովություն է փնտրում Արևմուտքում։ Արա Պողոսյանը հիշեցնում է, որ Մոսկվան դեռ տասը տարի առաջ էր հայտարարել, որ Հայաստանի պատճառով Ադրբեջանի հետ հարաբերությունները չի փչացնի։ Փորձագետի կարծիքով՝ հենց այդ ժամանակ պետք է Հայաստանը պետք է հասկանար անելիքը։
«Հայ-ռուսական հարաբերությունները պետք է երկկողմ ձևաչափով զարգանային առանց բլոկային քաղաքականության, բայց այնպես էր ստացվել, որ, ցավոք, ՀՀ դարձել էր այս բլոկի անդամ։ ՀՀ-ի համար լավագույն ընտրությունը բալանսավորված քաղաքականությունն է, և իդենտիկ անվտանգային համակարգի կառուցումը, որտեղ ՌԴ կարող էր ունենալ դերակատարում, բայց ոչ ՀԱՊԿ շրջանակում։ Այսօրվա ձևավորված ստատուս քվոյի պայմաններում սա մեծագույն ռիսկ է և կարող է ավելի մեծ ռիսկեր առաջացնել, ավելին, քան ունեինք մինչ այս պահը»։
Սրան զուգահեռ շատ փորձագետներ կարծիք են հայտնում, որ Հայաստանը դիվերսիֆիկացված քաղաքականություն է վարում։ Ավելին՝ Հայաստանում բարձր մակարդակով հայտարարվել է, թե Հայաստանը հետաքրքրված է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմամբ, սակայն Երևանի օրակարգում ՆԱՏՕ անդամակցելու հարց չկա։
Փորձագետն ասում է՝ հայտարարությունները մի բան են, կուլիսային բանակցությունները՝ բոլորովին այլ բան.
«Մենք դիտարկում ենք հրապարակային հայտարարությունները, բայց բնականաբար, թե’ Ռուսաստանում, թե’ Արևմուտքում և նույնիսկ Հայաստանում կան կուլիսային պայմանավորվածություններ, բանակցություններ և խոսակցություններ, որոնք այս կամ այն ձևով հասնում են տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններին։ Կան նաև հետախուզական տվյալներ, որոնց հիման վրա է ձևավորվում քաղաքականությունը»։
Քաղաքագետը նշում է, որ 2020, 2021, անգամ 2022 թ․-ներից հետո չկարողացանք անվտանգային այնպիսի միջավայր ձևավորել, որ չդառնանք գերտերությունների շահերի բախման կենտրոն տարածաշրջանում։ Արա Պողոսյանի համոզմամբ՝ գերտերությունների շահերի բախումը տարածաշրջանի համար Հայաստան տեղափոխելը լուրջ ռիսկեր է պարունակում, և արկածախնդրությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։




